
Մուտքերի ու ելքերի դրական տարբերություն՝ այս տարվա առաջին կիսամյակում․ հունվար-հունիսին 16 հազարով ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան մեկնել է Հայաստանից՝ «Ռադիոլուր»-ին վերջին տվյալներն է ներկայացնում միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Մինչդեռ 2021-ի նույն ժամանակահատվածում Հայաստանից 52 հազարով ավելի շատ մարդ էր մեկնել երկրից, քան ժամանել էր։ Սահմանահատումների տվյալներում ներառված են ինչպես ՀՀ քաղաքացիների մուտքերն ու ելքերը, այնպես էլ օտարերկրացիների, ուստի դրական ցուցանիշի վրա իրենց ազդեցությունն են ունեցել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ժամանած օտարերկացիները։
Այս տարվա առաջին վեց ամսում Հայաստան այցելած օտարերկացիների մասով դրական տարբերությունը 56 հազար է, մինչդեռ, Արմեն Ղազարյանի խոսքով, ՀՀ քաղաքացիների մասով ցուցանիշը բացասական է՝ — 39 հազար։ Միգրացիոն ծառայության պետը շեշտում է` այստեղ պետք է էական հանգամանք հաշվի առնենք, որ անցյալ տարի նույն ցուցանիշը կազմել է -94 հազար։ Ավելի պարզ՝ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիներն ավելի շատ երկրից մեկնել են, քան վերադարձել։ Թե ՀՀ-ից որ երկրներ են հիմնականում մեկնել, տվյալներ չկան, սակայն կա վիճակագրություն, թե որ երկրներից են սահմանահատումներն իրականացնում՝ ՌԴ, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Ուկրաինա, Բելառուս, Գերմանիա։
Ի՞նչ պատկեր է ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացումից հետո
Միգրացիոն ծառայության պետը վստահեցնում է, որ իրազեկման աշխատանքների շնորհիվ շատերը խուսափել են անցանկալի հետևանքներից։ Բացի այդ, ՌԴ տնտեսության վիճակով պայմանավորված, այս տարի աշխատանքային միգրանտների հոսքը դեպի ՌԴ նվազել է։ Առաջին եռամյակում 8 հազարով պակաս մարդ է մեկնել արտագնա աշխատանքի։ Երկրորդ եռամսյակի տվյալները դեռ ամփոփված չեն։
Ապաստանի քանի՞ հայց է ստացել Միգրացիոն ծառայությունը
Միգրացիոն ծառայությունում արձանագրում են, որ այս տարի ապաստանի հայցերի թվի կտրուկ աճ է նկատվում՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված։ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով վիճակագրական տվյալները, փաստում է` վերջին երեք տարում միջինում տարեկան շուրջ 250 ապաստանի հայց են ունենում, մինչդեռ 2022-ի առաջին կիսամյակում արդեն 360-ից ավելի ապաստանի հայց են ստացել։ Ավելի քան 240-ը Ուկրաինայից Հայաստան տեղափոխվածներն են՝ ազգությամբ և ուկրաինացիներ են, և հայեր, հիմնականում խառն ամուսնություններ են, իսկ դիմածների ճնշող մեծամասնությունը կանայք ու երեխաներ են։ Միգրացիոն ծառայության պետի վստահեցմամբ` մինչ երկրորդ կիսամյակի ավարտը նրանց մի մասին արդեն կարգավիճակ կտրամադրվի։ Հայաստանի միգրացիոն ծառայություն ապաստանի հայցով դիմում են նաև Մերձավոր Արևելքի երկրների, Իրաքի, Սիրիայի, Ասիայի ու Աֆրիկայի երկրների քաղաքացիները։
Ո՞ ր երկրներից են հայերին վերադարձնում Հայաստան
Առաջին կիսամյակում 500-ից ավելի անձի վերաբերյալ ռեադմիսիոն հայց է ստացվել ԵՄ երկրներից։ 380-ից ավելի կամ շուրջ 85 տոկոսի դեպքում Հայաստանի միգրացիոն ծառայությունը հաստատել է տվյալ անձանց քաղաքացիությունը։ Ինչպես միշտ հիմնական երկրները, որտեղից ստացվում են ռեադմիսիոն հայցերը, Գերմանիան ու Ֆրանսիան են, սակայն դեպքեր կան նաև Ավստրիայից, Նիդերլանդներից, Բելգիայից։




