ԿարևորՍպորտ

Հայ մարզիկները օլիմպիական մանկապատանեկան փառատոնին մասնակցել են նոր հեծանիվներով

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը և Նարեկ Դավթյանը՝ ավագ մարզիչ Սամվել Վարդազարյանի և տեխնիկական մեխանիկ Եղիշե Պետրոսյանի ուղեկցությամբ, Սլովակիայում մասնակցել են օլիմպիական մանկապատանեկան փառատոնին։

Հայ հեծանվորդները մանկապատանեկան փառատոնին մասնակցել են երկու բավականին թանկարժեք հեծանիվներով, որոնք «Հայաստան» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, տրամադրել էր Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին (ՀՍՕՄՄ)։

«Շատ մեծ աշխատանք տարվեց, որպեսզի հեծանիվները հասնեն մեզ, ու մեր մարզիկները կարողանան մարզումներ անցկացնել՝ օլիմպիական փառատոնին մասնակցելու համար»,- ասում է Հեծանվային սպորտի ՕՄՊՄԴ տնօրեն, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում ընթացող փառատոնում հայ հեծանվորդները, սակայն, դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: Արմեն Գյոզալյանի խոսքով՝ մրցման հենց մեկնարկում մի խումբ հեծանվորդներ ընկել են, ինչի արդյունքում պայքարը բարդացել է.

«Խումբը բաժանվել է երկու մասի: Մեր հեծանվորդները ստիպված են եղել այն ոտքով շրջանցել՝ հեծանիվները պահած: Արդյունքում՝ խմբի կարևոր մասն առաջ է անցել: Սա չեմ ասում արդարանալու համար: Առհասարակ, ես նման սովորություն չունեմ, բայց իսկապես սպորտային բախտը մեր կողմից չի եղել: Տղաները մինչև վերջ պայքարել են: Թե՛ իմ, թե՛ մարզչական անձնակազմի սպասելիքներն իրականում շատ մեծ էին: Ցավոք, այսպես ստացվեց: Ամեն դեպքում, ամեն ինչ դեռ առջևում է: Պատանեկան շրջանն ավարտում ենք և սկսում երիտասարդական փուլը: Վստահ եմ՝ հետագայում առիթներ կունենանք մեր ազգին ուրախացնելու»,- ասում է Արմեն Գյոզալյանը:

Գյոզալյանի խոսքով՝ տղաները որևէ տեխնիկական խնդիր չեն ունեցել՝ կապված նոր հեծանիվների հետ, պարզապես բախման արդյունքում կորցրել են իրենց դիրքերն ու չեն կարողացել վերականգնել. «Դա էլ անխուսափելի է եղել: Որքան էլ դու ուշադիր լինես, դիմացինիդ պատճառով կարող ես շատ բարդ խնդիրների առջև կանգնել ամբողջ մրցման ընթացքում»:
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ ՀՍՕՄՄ-ը հունիսի 29-30-ն անցկացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հրաչ Գևրիկյանին նվիրված մրցաշարը։

Մրցաշարին մասնակցել են նաև Վրաստանի պատանեկան հավաքականի հեծանվորդները:
Նոր հեծանիվները Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին տրամադրելու գործում մեծ է եղել հենց Հրաչ Գևրիկյանի նեդրումը:

Back to top button