ԿարևորՀասարակություն

«Երեկ, այսօր և հավերժ»․ Գրիգորիչին նվիրված համերգ՝ նրա ներկա բացակայությամբ   

«Երեկ, այսօր և հավերժ»․ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր, երգիչ, Երգի պետական թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանին  նվիրված համերգի խորագիրն է։ Դեռ երկու տարի առաջ այս համերգը  ծրագրվել էր Գրիգորիչի հետ։ Ու այն երևի կանցկացվեր այս աշնանը, եթե իրադարձություններն այլ կերպ չզարգանային։ Երգերի օվկիանոսից  ընտրվել էին 20-ը՝ գրված նվագախմբի համար։  Գրիգորիչի  մահվանից հետո նրա դուստրը՝ Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը և սիմֆոնիկ նվագախումբը կյանքի են կոչել Գրիգորիչի մտահղացումը։

Ամեն ինչ այնպես, ինչպես կմատուցեր  ու կներկայացներ Գրիգորիչը։ Արտիստներն անկեղծանում են՝ երգերը կատարելիս անընդհատ լսել են Գրիգորիչի ձայնը, անգամ՝ դիտողությունները։ Անիտա Հախվերդյան․

«Սա այն  համերգն է, որը  չէր կարող չլինել։ Եվ պիտի լիներ իր տարեդարձի նախօրեին։ Մենք երաշխավորողներն ենք նրա ստեղծած միջավայրի և  պարտական ենք այդ իմաստով»։

Այսօր բեմը նրանն է։  Գիրգորիչի ձայնով էլ սկսվում է համերգը։ Հնչում է նրա վերջին երգը՝«Դու կաս, տղաս», որը նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված բժիշկ Նարեկի հիշատակին։

«Մեզանից յուրաքանչյուրն այսօր ունի  իր անձնական զրույցը, իր մտերմիկ ու տաք երկխոսությունը Արթուր Գրիգորյանի հետ։ Նա բոլորից լավ գիտեր ամեն ինչ, քանի որ ինքն էր ստեղծել ազատ , խորը մտքերով , նորարարության բաց պատուհաններով և երբեք չկողպվող դռներով կյանքը։ Մենք գալիս ենք, որ իր թողած բանալիով փորձենք  բացել նոր  դռներ»,-ասում է Անիտա Հախվերդյանը։

Արամոն թատրոնի առաջին սերնդի ներկայացուցիչներից է։ Մինչ թատրոնը ստեղծվում էր, փորձերն Արթուր Գրիգորյանի տան էին անում։ Մարեստրոյի հետ ծանոթ էին հեռավոր 1995 թ-ից։

«Ցավոք, Արթուրը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց թողեց փայլուն ժառանգություն ։ Ցավալի է, որ այս համերգում Արթուրը մեզ հետ բեմ դուրս չի գալու վերջում ու մենք միասին չենք երգելու՝« Հայ գարուններ» կամ «Երևան» երգը։ Բայց ինչքան կանք, պետք հիշենք ու նրա երգերը միշտ երգենք»։

Ամեն ինչ արվել էր, որ համերգի ողջ ընթացքում հանդիսատեսը զգա սիրելի կոմպոզիտորի ներկայությունը։ «Սերը պետք է անխոս լինի, մի անգամ, կես բառ… Սիրո մեջ էլ պետք է կուշտ լինել, անկուշտ սերերը միշտ վատ են վերջանում»,- բեմից նրա խոսքերն է հիշում Ավետ Բարսեղյանը։

Երգչուհի Սոնա Ռուբենյանը խոստովանում է՝4 րոպե տեւողությամբ «Снимем маски, господа!» երգը կատարելիս  տպավորություն է ունեցել, թե 3 ժամ տեւողությամբ մենահամերգ է ունենում։    

«Այս  երգը կատարելիս եւ զգում եմ իմ առաջին ուսուցչուհու՝ Վարդուհի Վարդանյանի ներկայությունը, եւ Արթուր Գրիգորյանինը։ Այս երգն ինձ համար շատ թանկ է, դրա փիլիսոփայությունն ամբողջությամբ զգում եմ, աներեւակայելի ապրումներ եմ ունենում ամեն անգամ այն կատարելիս»,-հավելեց երգչուհին։

Էրիկ Կարապետյանը Երգի պետական թատրոնի սան չի եղել, բայց  Գիրիգորիչը եղել է նրա խորհրդատուն,ավագ ընկերը ու քննություն վերցնողը։  «Միայն քեզ համար» երգը  տարիներ առաջ  հնչեց նրա մենահամերգին՝հենց Գրիգորիչի հետ։

«Այս դահլիճում այս երգը հնչել է հենց Արթուր Գրիգորյանի ներկայությամբ։ Իմ մենահամերգին նա համաձայնեց գալ, նվագակցել, լինել բեմում իմ կողքին։ Քիչ առաջ ելույթ ունեցա, նայեցի հետ, կրկին նվագախումբն էր նստած․․․ Նա չկար․․․ Բայց նա այնքան ուժեղ, հզոր անձնավորություն ու երաժիշտ է եղել, որ ես համարում եմ՝ բոլորիս մեջ է ապրում»։

Արթուր Գրիգորյանի սահմանած չափանիշերը հին ու նոր սերունդը լավ գիտի՝ երգել մաքուր հայերենով ու մաքուր ձայնով։ Այս նշաձողը միշտ պետք է պահել։ Առողջական խնդիրները հաղթահարելով՝ այս համերգին մասնակցելու համար ԱՄՆ-ից Հայաստան է եկել  երգիչ Անդրեն, որը կատարեց «Արցախ» երգը։

«Զգացմունքներիս մասին խոսելը դժվար է, իմ ականջներում, միեւնույնն է, նրա ձայնն է հնչում։ Մի դեպք պատմեմ Պարսկաստանում հյուրախաղերի էինք, ու չեմ հիշում, թե ինչ սխալ էի թույլ տվել բեմին, Գրիգորիչը հերթական անգամ բարկացավ ինձ վրա ու ասաց՝ դու ազատված ես աշխատանքից, այլեւս Երգի պետական թատրոնում չես լինելու։ Ես այդպես՝ դրամատիկ, մի անկյունում ողբում էի, եւ հենց այդ ժամանակ նա եկավ, ձեռքը դրեց մեջքիս ու ասաց՝ պատրաստվիր, հաջորդը «Արցախ»-ն ենք միասին կատարելու»։  

Համերգներից առաջ նա սովորաբար նշաձող էր սահմանում ու ավարտից հետո միշտ ամփոփում։ Այս համերգը կամփոփեն առանց նրա՝ նրա ներկա բացակայությամբ։

Back to top button