ԿարևորՀասարակություն

Համահայկական գորգի վերջին հանգույցը՝ զինվորի ձեռքով․ Արևագորգը աճուրդի կհանվի

Մեկ տարի շարունակ գործվող գորգի վերջին հանգույցը 44-օրյա պատերազմի մասնակից զինհաշմանդամները դրեցին։  Մեգերյան կարպետի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համատեղ նախաձեռնության շնորհիվ գորգի ամեն կարի հետ դրված հազարական դրամներով ավելի քան 8 միլիոն դրամ է հավաքվել, որն ամբողջովին ուղղվելու է հիմնադրամին՝ շահառուներին փոխանցելու նպատակով։ Գորգը հոկտեմբերին նաև աճուրդի կհանվի, ստացված գումարը նույն նպատակին կուղղվի։

Արցախի  Ջրաբերդ գավառի գորգերի շարքին պատկանող Արևագորգի երևանյան նմուշի առաջին հանգույցը դրվեց 2021-ի հունիսի 4-ին։ 14 ամիս անց 44-օրյա պատերազմի մասնակից, զինհաշմանդամ Սեյրան Սողոյանը վերցնում է թելն ու կապում համահայկական գորգի վերջին հանգույցը։

«Սա ինձ համար սովորական գորգ չի, «ավելի գորգ» է, այս պահին, ոնց ասեմ, գորգագործ արքա եմ ինձ զգում (ժպտում է)»։

Սիմվոլիկ գորգի կենտրոնում պատկերված է զարդանախշ ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված: Հայակական մշակույթում ճառագայթներով խաչը արևի և լույսի խորհրդանիշն է։ Այն նաև պաշտպանիչ ուժ ունի:

Գորգագործ Գոհար Սահակյանը նախորդ ամիսներին իր գործն է սովորեցրել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում դրված դազգահին մոտեցող բոլոր մարդկանց։

«Մեկ հատիկ հանգույցը բաղկացած է երկու թելից, երկրորդ թելը վերցնում ենք, անցկացնում ենք կարճ թելը, հետո ներքևի հատվածից երկրորդն ենք վերցնում, կարճ թելը երկուսի արանքից դուրս ենք բերում, ամուր բռնելով իջեցնում ենք ներքև ու կտրում ենք: Դա մեր հայկական կրկնակի հանգույցն է»։

Ավելի քան 238.000 հանգույց ունեցող գորգը գործվել է բոլոր ցանկացողների ուղղակի մասնակցությամբ։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը պատմում է արցախյան հարուստ պատմությամբ գորգի երևանյան նմուշի պատմությունը․

«Ծրագրի շրջանակում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող էր գալ և իր հանգույցը կապել ու նվիրաբերություն կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Դա անել կարող էին նաև աշխարհի հայերը՝ կայքի միջոցով»։

Ամեն հանգույցի արժեքը նվազագույնը 1000 դրամ կամ 2 դոլար է։ Ծրագրի շրջանակում այլ հանգանակություններ ևս արվել են, արդյունքում՝ այս գորգից մոտ 8 մլն 123 հազար դրամ է ուղղվել հիմնադրամին՝ աջակցելու շահառուներին։ Ծրագիրը եզրափակողներն էլ հենց շահառուներից են՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած Ռուսլան Թումանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Նորայր Ավագյանը, Սեյրան Սողոյանը․

«Երբ զանգեցին ինձ ու առաջարկեցին՝ ես միանգամից շատ ուրախացա, համաձայնեցի, որովհետև շատ կարևոր, պատասխանատու քայլ է, այս ամենի վերջնական արդյունքը վստահվում է քեզ»,- ասում է Սեյրանը։

Տղաներն իրենց ձեռքով են կտրում գորգը, սակայն դրա պատմությունն այսքանով չի ավարտվում։ Հոկտեմբերին գորգը աճուրդի կհանվի, այդ գումարը ևս կփոխանցվի հիմնադրամին։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյան․

«Մինչ օրս  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն անհետ կորած, զոհված և զինհաշմանդամություն ձեռք բերած մոտ 4830 շահառու ունի, նրանց տրամադրել ենք մոտ 62 միլիարդի  փոխհատուցումն իսկ մեր ձևավորած ֆոնդը մոտ 82 միլիարդ դրամ է»։

Հիմնադրամը գործում է 2017-ից, այս տվյալները վերաբերում են գործունեության 5 տարիներին։ Նշված 82 միլիարդ դրամից 71 -ը հավաքվել է ՀՀ աշխատող քաղաքացիների ամենամսյա պարտադիր վճարներից։ Նախկինում դա 1000 դրամ էր, 44-օրյա պատերազմից հետո՝ 1500-15 000 դրամ՝ կախված աշխատավարձից։ 11 միլիարդ դրամը հավաքվել է նմանօրինակ միջոցառումների և սեփական նախաձեռնությամբ նվիրատվությունների միջոցով։

Back to top button