ԿարևորՀասարակություն

Սյունիքում ջրի խնդիրների հիմնական պատճառներից են ապօրինի միացումները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 28-ին ընդունել է«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին, գործառնական տնօրեն Վահե Բաթոյանին եւ «Հարավ» շահագործման տարածաշրջանային տնօրինության ղեկավար Սպարտակ Մկրտչյանին։

Մարզպետը կարեւորել է հանդիպումն այն համատեքստում, որ կուտակվել էին հարցեր, որոնք մարզային իշխանությունը ցանկանում էր քննարկել ընկերության ղեկավար կազմի հետ։

Արծարծվել են Սյունիքի մարզում՝ «Վեոլիա»-ի սպասարկման տարածքում, խմելու ջրի մատակարարման, սպասարկման որակի, մաքրման կայանների ու ջրագծերի վիճակի, տեխնիկական վերազինման, առաջիկա ծրագրերի հետ կապված ու մի շարք այլ հարցեր։

Մարզպետարանում հյուրընկալված՝ ընկերության ղեկավարությունն այս օրերին շրջայց է կատարում մարզում եւ նաեւ իր արձանագրումների արդյունքում նշել է, որ Սյունիքում սպառվող ջրի քանակի անբավարար լինելու, առաջացող խնդիրների հիմնական պատճառներից են խմելու ջուրը որպես ոռոգման ջուր օգտագործելն ու ապօրինի միացումները, որոնց բազում օրինակներ են հայտնաբերել։

Ռոբերտ Ղուկասյանը բարձրաձայնել է բնագավառում առկա մի շարք խնդիրների մասին եւ պատասխանատուներից հետաքրքրվել դրանց լուծմանն առնչվող ծրագրերի մասին։

Կողմերը պայմանավորվել են առավել արդյունավետ համագործակցության, խնդիրների լուծման ճանապարհին համատեղ ու համակարգված աշխատանքի մասին։

Back to top button