ԿարևորՀասարակություն

Կձուլվի՞ պղինձ Ավանում․ տնտեսվարողը համառում է, բնակիչները վերջնագրով են խոսում

Երևանի Ավան վարչական շրջանում ձուլման տեղամաս կառուցելու թեման կրկին հանրային բուռն քննարկման առիթ է դարձել։ Նման ցանկությամբ «Քոփփեր» ընկերությունը երկրորդ անգամ է ներկայացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։ Առաջին անգամ այն մերժվել էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացասական եզրակացության, բնակիչների բողոքների հիման վրա։ Ընկերությունը չի նահանջել, երկրորդ հայտն է ներկայացրել, որում փոխել է որոշ պարամետրեր, սակայն տարածքի բնակիչները, միևնույն է, կտրուկ դեմ են իրենց տներից մետրերի հեռավորության վրա ձուլարանի կառուցմանը։ Հարցի շուրջ հերթական քննարկումը հերթական անգամ աղմուկով ու լարված է ընթացել։

Ձուլարան՝ Ավանում․ ընկերությունը երկրորդ փորձն է անում

Դեմ ենք վճռականորեն, մարտականորեն ու վերջնանակորեն՝ Երևանի Ծարավ աղբյուր թաղամասի 5000 բնակչի անունից հայտնում է համատիրության կառավարման խորհրդի վարչության անդամ Գարիկ Բադալյանը։ Դժգոհությունը Ավան վարչական շրջանի Աճառյան 2 հասցեում ձուլման տեղամասի կառուցման դեմ է։ «Քոփփեռ» ՍՊԸ-ն, որը նախատեսում է այդ ձուլարանը կառուցել, մի անգամ արդեն մերժում ստացել է, արել շտկումներ ու երկրորդ անգամ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացրել ձուլման տեղամասի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։

Նախկին հայտով նախատեսվում էր տարեկան ձուլել 1800 տոննա պղինձ, ապահովել 500 մ սանիտարապաշտպանական գոտի՝ այդքան հեռավորություն բնակավայրից։ Նոր հայտով ձուլման նախատեսված քանակը կրկնակի նվազեցվել է՝ մինչև 900 տոննայի, բայց բնակավայրից հեռավորության պահանջն էլ դարձել է 300 մետր։ Սակայն պարզվում է՝ ընտրված վայրից 284 մետր հեռավորության վրա հիվանդանոց կա։ Ձուլարանի կառուցման նախագծի հեղինակ Հովհաննես Նիկողոսյանը պատմում է՝ ինչպես են այդ դեպքում ստացել առողջապահության նախարարության համաձայնությունը․

Ձուլարան կառուցել փորձող կողմը վստահեցնում է՝  հաշվարկել են ու տեսել, որ անգամ 50 մետր հեռավորության վրա թունավոր արտանետումների քանակը նորմայի սահմանում է։ Թվարկում է՝ պղնդի օքսիդը՝ 0,1%, ազոտի օքսիդը՝ 0,27%, ազոտի թթուն՝ 0,13% և այլն։ Մինչդեռ Ավանի բնակիչների արձագանքը հստակ է՝ մեր երեխաներին թունավորելու թույլատրելի սահման չի կարող լինել։

Բնակիչները մաքուր օդը չեն սակարկում

Ծարավ աղբյուր թաղամասի բնակիչների ներկայացուցիչ Գարիկ Բադալյանը ներկաներին պատմում է՝ բնակիչները թաղամասը՝ որպես բնակավայր ընտրելու միայն մեկ պատճառ են ունեցել։ Ասում է՝ մաքուր էկոլոգիան այստեղ անձեռնմխելի է․

«Ինչու՞ ենք մենք այստեղ ապրում։ Կառուցապատողն այս թաղամասը մեզ առաջարկելուն զուգահեռ առաջարկում էր նաև գնել բնակարան իր՝ «Պարույր Սևակ»-ի պրոյեկտից՝ նույն գնով։ Մենք այսօր բոլոր ենթակառուցվածքներից՝ դպրոցից, մանկապարտեզից, հանգստից, բոլոր տեսակի ենթակառուցվածքներից կտրված բնակվում ենք Ծարավ աղբյուրի նորակառույց թաղամասում, մենք քաղաքին ավելի մոտ գտնվող «Պարույր Սևակ»-ի պրոյեկտից նախընտրել ենք գնել այս հատվածում՝ հաշվի առնելով բացառապես էկոլոգիան։ Բացառապե՛ս։ Երկրորդ հանգամանք չկա այդտեղ»։

Բնակիչները չեն վստահում ընկերության ու նախագծի հեղինակի չափումներին, որոնք առողջապահության նախարարության համաձայնության հիմքում են։

«Ես հարց եմ տալիս՝ նախարարությունը որ ձեր թվերին նայում, ասում է՝ այո՛, համաձայն եմ, ու՞ր է անկախ գնահատումը, նույն նախարարությունը ստուգե՞լ է ինչ–որ անկախ կամ իր լաբորատորիայում։ Ասում է՝ էս մարդը էս սարքը Չինաստանից բերել է, բայց մենք գիտենք չինական սարքերն ինչ են, ոչ մի գրած նորմ չի համապատասխանում, տարբեր տեղերում կարող եք գնալ, չափել։ Այս երկրում, ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, չկա լաբորատորիա, որ որևէ հանքի կամ ձուլարանի արտանետում չափի և ասի՝ սա էս նորմին համապատասխանու՞մ է, թե՞ ոչ»։

«Քոփփեռ» ՍՊԸ-ն նախատեսում է Աճառյան 2-ում ջարդոններից մետաղական ալյումին և պղինձ, բրոնզի ու լատունի ձուլվածքներ ստանալ։ Միակ լիազոր մարմինն առողջապահության նախարարությունն է, որը որոշում է կայացնում ընկերության տվյալների հիման վրա։ Նախագծի հեղինակն ասում է՝ դա է ընթացակարգը, իսկ կասկածների տեղ չկա։ Ընկերության լիազորված ներկայացուցիչ Մանուկ Նիգոյանը վստահեցնում է՝ օրենքի բոլոր կետերը պահելու են․

«Մեր բոլորի նպատակն է հիմա լսել ծրագիրը, հայտի նախագիծը, տեսնել գործարանի լուսանկարները։ Անցած անգամ էլ, հիմա էլ բոլորիդ հրավիրում եմ տեղամաս՝ անձամբ տեսնելու, ծանոթանալու սարքավորումներին»։

Առաջարկն անգամ չի քննարկվում։ Բնակիչներն անգամ ընկերության ներկայացուցչի առաջարկած սլայդը, պատկերները դիտել չեն ցանկանում

Քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Գևորգ Նազարյանը նկատում է՝ Երևանում ձուլման կայանի կառուցման հայտով օդի աղտոտվածության մոնիթորինգ կարվի ամիսը մեկ անգամ, ինչն, իր կարծիքով, նպատակահարմար չէ․

«Հիմա կան ժամանակակից տեխնոլոգիաներ, սենսորներ, որոնք կարող եք տեղադրել, և առցանց ռեժիմով անընդհատ ցույց հետևել աղտոտվածությանը։ Մենք ուզում ենք, որ նախաձեռնողը (եթե իհարկե համաձայնություն տրվի), տեղադրի այդ սարքավորումները և առցանց ռեժիմով հնարավոր լինի անընդհատ դիտել, թե ինչ աղտոտման ֆոնի հետ հենց հիմա գործ ունենք»։

Սակայն բնակիչներն անգամ դա լսել չեն ուզում․ ասում են՝ բանը դրան չի հասնի․ «Օդի մոնիթորինգի սեփական կենտրոն ենք տեղակայելու հենց ձուլարանի կողքին, և այն տարածված սցենարները, որ պետական իրավասու մարմիններ կգան, տարին մեկ կամ 6 տարին մեկ մի հատ 112 000 դրամանոց խախտման ակտ կգրեն և առաջիկա տարիներին էլ չեն երևա, դա մեր հետ չի անցնի»,- ասում է Գարիկ Բադալյանը։

Ավագանին բացառում է, Մարուքյանը՝ զարմանում

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն առհասարակ անթույլատրելի է համարում Երևանում նման գործ

ունեությունը։ Ասում է՝ առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտը համակարգող գերատեսչությունները այժմ մի անելիք ունեն՝ բարելավել Երևանի օդի որակը։

«Աղետի առաջ ենք կանգնած, պարոնա՛յք։ Բավական է արդեն, շնչել չի լինում։ Երևան քաղաքը պետք է հասնի նրան, որ Երևանի շրջակայքում հանի այդ քարի կոտրող արտադրամասեր, հանքերը փակվեն, որովհետև։ Երևանցու առողջությունից կարևոր բան չկա։ Իսկ ի՞նչ են անում նախարարությունները․ նայում են 1000 տարի առաջ ընդունված ինչ–որ նորմեր, ստանում են ինչ–որ ուրիշ նորմեր տնտեսվարողի, գործարարի կողմից, որոնք տակը չունեն անկախ փորձաքննական եզրակացություն ու գրում են՝ այո կամ ոչ։ Երևան քաղաքում օդ աղտոտող որևէ բան չպիտի ավելանա»։

Էդմոն Մարուքյանը, ով թաղամասի բնակիչ է, նախ հետաքրքրվում է՝ ինչու՞ է ընկերությունը որոշել ձուլարան գործարկել մի տարածքում, որի հողի 1 մետրը մոտ 300 դոլար արժե։ Եթե այդ տարածքում հանք լիներ, ոսկի լիներ՝ քննարկումն այլ ուղղությամբ կգնար, բայց, ասում է՝ նույնը կարելի է անել մի քանի կիլոմետր հեռու՝ անհամեմատ էժան հողի վրա: Հարցն այդպես էլ պատասխան չի ստանում․

«Բնակիչների ուղերձը շատ հստակ տրվեց ձեզ․ բնակիչները դեմ են։ Երեկ մենք թաղամասում որոշել ենք՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու ենք, որ դուք այդ ձուլարանը չստեղծեք, հիմա անիմաստ էներգիա մի ծախսեք, ավարտեք, էս հողը վաճառեք, ուրիշ տեղ կառուցեք։ Որևէ մեկը հարկատուներին դեմ չի, բայց հազարավոր բնակիչներ աղքատանալու են, որովհետև եթե իրենց բնակարանի քմ–ն այսօր, օրինակ, 1000 դոլար է, ձեր ձուլարանից հետո դառնալու է 700 դոլար։ Այսինքն՝ դուք աղքատացնելու եք 100-ավոր մարդկանց, իսկ ձեր վճարած հարկերն այդքան չեն լինելու։ Հիմա թողեք՝ էս բնակիչները մնան, դուք էլ ուրիշ տեղ ձուլարանը կառուցեք, ձուլեք, հարստացեք ու հարստացրեք, ո՞վ է բան ասում»։

Հանրային հերթական աղմկոտ քննարկումն ավարտվեց առանց եզրահանգման․ ձուլարան կառուցելու նպատակ ունեցող ընկերությունը շարունակում է հավաստիացնել՝ մտահոգություններն անհիմն են, բնակիչները՝ խոստանում մինչև վերջ պայքարել բոլոր օրինական մեթոդներով։ Թաղապետարանն իր կարծիքը կհայտնի ավելի ուշ՝ գրությամբ։

Back to top button