ԿարևորՀասարակություն

Երկրի երեխաների մոտ կեսը մանկապարտեզ չի գնումկրթական խնդիրների մռայլ շղթան՝ մինչեւ 2030 թ․-ի բարեփոխման ծրագրում

Լրջորեն բարեփոխել կրթությունը Հայաստանում՝ կառավարության մինչեւ 2030-ի անելիքների նախագիծը հաստատված է։ Նպատակները հնչեղ են՝ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի զարգացմանը միտված  միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ ստեղծել։ Ձեւակերպվող նպատակի կողքին փորձագետների մտահոգություններն են՝ կրթական համակարգն ավելի բարդ վիճակում է, քան մի քանի տարի առաջ էր։ Պատճառը ոլորտի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է՝ կարծում են ոլորտի որոշ մասնագետներ։ Կրթական խնդիրների մռայլ շղթան ու մինչեւ 2030-ի ռազմավարությունը համահո՞ւնչ են։

Մինչ տարիներ շարունակ խոսում էին կրթության ոլորտում որակյալ կադրեր ունենալու մասին, հիմա արդեն առհասարակ կադրեր ունենալու խնդիրն է ահագնանում։ Մինչ փորձ է արվում ավելացնել բարեկարգ դպրոցները, դրանց աշակերտներն են նվազում։ Մինչ խոսվում է ակադեմիական կրթության բացերից, ուսանողների թափուր տեղերն են ավելանում բուհերում։ Համակարգը գնալով ավելի բարդ վիճակում է հայտնվում՝  կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյան․

«Համակարգն այս վիճակում է, քանի որ տարիներ շարունակ կրթության ոլորտն անտեսվել է՝ աշխատավարձի բարձրացում չկար, վերաբերմունքը ոլորտի նկատմամբ։ Այժմ ստիպված ենք լուծել ավելի բարդ խնդիրներ, քան նախկինում։ Բազմաթիվ կարգավորումներ է պետք այստեղ անել, առաջին հերթին վերականգնել կրթության արժեքը։ Ցավոք սրտի կրթությունն այսօր Հայաստանում արժեք չէ»։

Կառավարությունը մտահոգիչ վիճակագրություն ունի նախ նախադպրոցական կրթության մասով՝ Հայաստանի շուրջ 230 բնակավայրում կրթական այդպիսի որևէ ծառայություն չի մատուցվում: Երկրի շուրջ 236 հազար երեխայի կեսից ավելին՝ 154 հազարը, մանկապարտեզ չի հաճախում։ Նրանցից 62 հազարը գյուղաբնակ երեխաներ են։ 2020-ին մանկապարտեզները 22-ով ավելացել են, երեխաների ընդգրկվածությունն էլ՝ 6%-ով։ Անցյալ տարի 20 մոդուլային մանկապարտեզ է սկսել կառուցվել 100 և ավելի  երեխա ունեցող բնակավայրերում։ Այսպիսով ավելի քան 2700 երեխա մանկապարտեզ կունենա։ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդգծում է.

«Դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում։ 3–5 տարեկանների առնվազն՝ 95 տոկոսը ընդգրկված կլինի։ Մսուրի ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում»։

Ոչ միայն մասնագետներ չկան, այլև՝ մանկավարժներ։ Խնդիրը սրած է հատկապես փոքր բնակավայրերում: Մանկավարժների միջին տարիքն էլ աճի միտում ունի․ նրանց 36%-ն ունի 16 և ավելի տարվա ստաժ, սկսնակ կադրերն էլ չունեն բավարար հմտություն և գիտելիքներ:  Փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ խնդրին համալիր մոտեցում է պետք.

«Պետությունը պետք է իր հովանու տակ վերցնի այն ոլորտները, որոնք երկրի համար կարևոր են, բայց աշխատավարձերը ցածր են՝ մանկավարժություն, գիտություն, գյուղատնտեսությու, ինժեներիա։ Մեր պետության սխալն այն է, որ ամեն ինչ տվել է շուկայական հարաբերություններին, այստեղ էլ կարևոր ոլորտները՝ մանկավարժությունը, գիտությունը գյուղատնտեսությունը, պարտվում են»։

Հանրակրթության խնդիրներն էլ բարդությամբ չեն զիջում։ Դպրոցները շուրջ 650 հազար աշակերտի համար են, մինչդեռ ունեն ընդամենը շուրջ 400 հազարը։ Սա   պահպանման ծախսերը դարձնում է անարդյունավետ։ Դպրոցների 26%-ն ունի ընդամենը մինչեև 25%, 20%-ը՝ մինչեւ 50% բեռնվածություն։ Մինչև 100 աշակերտ ունեցողները դպրոցների ընդհանուր թվի շուրջ 32% են։ 455 դպրոց կամ դպրոցների 32%-ը կարիք ունի հիմնանորոգման։ Փոխնախարարն արձանագրում է․

« Բոլոր դպրոցները կունենան կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցված սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր, կապահովվի համացանցի որակյալ հասանելիություն»։

Խնդիրների շղթան ձգվում է մանկապարտեզից դպրոց, դպրոցից բուհ։ Այս տարիբուհերի ընդունելության թվերը հատկապես մռայլ են։  ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի տեղեկացմամբ՝ միասնական քննություններով  ընդունվել է 7250 դիմորդ, անբավարար է ստացել 3076-ը։ Հազարավոր բուհական տեղեր, անգամ անվճար, թափուր են մնացել։  

«Այս տարի ագրարային համալսարան է ընդունվել 38 հոգի, քիչ դիմորդներ ունի մանկավարժական համալսարանը։ Բուհեր կան, որտեղ դիմորդներ էլ չկան»։

Կրթությունն արժեք դարձնելու, դրա որակը բարձրացնելու ու մատչելիությունն ապահովելու նպատակով  կառավարությունը մշակել է Կրթության մինչև 2030 թվականը զարգացնելու պետական ծրագիրը՝ վերհանելով ոլորտի բոլոր խութերը։

Գործադիրում դրա հետ լուրջ հույսեր են կապում, իսկ փոխվարչապետը նաեւ կառավարության խոստումն է հիշեցնում՝ ուսման վարձի պատճառով որևէ սովորող ուսանող չպետք է դւորս նա կրթությունից։

«Կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ իր իսկ բնակավայրում»։

Կրթության ոլորտը չի պատրաստում աշխատաշուկային պիտանի կադրեր, բաց է կրթություն–գիտություն–տնտեսություն կապը։ Կառավարությունում խոստանում են՝ այս հարցն էլ կլուծեն ենթաօրենսդրական ակտերով։

Փորձագիտական դաշտում իրավիճակից դուրս գալու ելքի են սպասում ու  համալիր միջոցառումներ ակնկալում, բայց նաեւ հորդորում բարձրագոչ երկարաժամկետ ծրագրերով չտարվել՝ մոռանալով առօրյա խնդիրները։

Back to top button