ԿարևորՀասարակություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, Էջմիածնում և Արմավիրում երիտասարդական կենտրոններ է հիմնել

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերներն այսօր պաշտոնապես բացել են Էջմիածնի և Արմավիրի երիտասարդական կենտրոնները: Միջոցառումներին ներկա են եղել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի տնտեսական համագործակցության հարցերով երկրորդ քարտուղար Րիկա Օնոդերան, ՀՀ ԿԳՍՄ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու «Երիտասադրական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

Էջմիածնի և Արմավիրի երիտասարդական կենտրոնները ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ապահով կենտրոնների մոդելով՝ այս համայնքներում բնակվող ավելի քան 700 դեռահասներին և երիտասարդներին աջակցելու համար:
 
«Ճապոնիայի կառավարությունն իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսի զարգացմանը Հայաստանի սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային զարգացման առումով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությանն աջակցություն ցուցաբերելիս, մենք կենտրոնանում ենք կրթական ոլորտի վրա, քանի որ կարծում ենք, որ երեխաները անգին գանձեր են, իսկ կրթությունը՝ երկրի զարգացման հիմնաքար։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ հիմնված երիտասարդական տները դեռ երկար ժամանակ կծառայեն որպես կարևոր կրթական կենտրոններ Էջմիածին և Արմավիր համայնքների երիտասարդների համար», — նշել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունից։

«Ապահով կենտրոնները վայրեր են, որտեղ դեռահասները հավաքվում են, ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն ունենում, փորձում լուծել համայնքային խնդիրները, սովորում աշխատել թիմով, ձեռք բերում 21-րդ դարի հմտություններ և այլն: Մենք գիտենք, որ այս ամենի շնորհիվ մեծանում է դեռահասների դիմակայունությունը, և սա կարևոր դերակատարում է ունենում դեռահասներին ընդհանուր հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու գործում, իսկ անհրաժեշտության դեպքում, կենտրոնների միջոցով, ուղորդում նրանց ավելի նեղ մասնագիտացված աջակցություն ստանալու»,- բացման ելույթում նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Կենտրոնները հիմնելու գործում ակտիվ մասնակցություն և մեծ դեր են ունեցել Վաղարշապատի և Արմավիրի համայնքապետարանները: Համայնքների ղեկավարները ոչ միայն համապատասխան տարածք են հատկացրել  կենտրոնների համար, վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն տրամադրել, այլև կենտրոնների պահպանման ծախսերն արդեն իսկ ընդգրկել են համայնքի հնգամյա բյուջեի ծրագրում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Գյումրու «Երիտասադրական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ, վերանորոգել և կահավորել է հատկացված տարածքները՝ կենտրոններին տրամադրելով տարբեր տարիքի երեխաների համար անհրաժեշտ պիտույքներ, այդ թվում՝ գրքեր, զարգացման խաղեր, կրթական նյութեր և այլ պարագաներ:
 
«Ոգևորությամբ ենք մասնակցել այս ծրագրի աշխատանքներին, քանի որ մեր համայնքում, ինչպես Հայաստանի մի շարք այլ համայնքներում, երիտասարդների առօրյան կազմակերպելու, նրանց համար համապատասխան կրթական հնարավորություններ ստեղծելու կարիք կար, իսկ համապատասխան միջավայր և ռեսուրսներ՝ չկար: Վստահ ենք, որ այսօրվանից սկսած, այս կենտրոնը կդառնա մեր երիտասարդների համար սիրված վայր և այստեղից նրանք իսկապես շատ բան կվերցնեն», — նշել է Արմավիրի համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը:
 
«Ուժեղ և մոտիվացված երիտասարդները համայնքի, հասարակության ու պետության հիմքն են, և յուրաքանչյուր համայնք պետք է անի առավելագույնը, որպեսզի այդ ներուժը մնա համայնքում և նպաստի համայնքի զարգացմանը: Այն ձևաչափը, որ ընտրված է, պարարտ միջավայր է, որտեղ կկարողանանք դեռևս դպրոցահասակ տարիքից մոտիվացնել պատանիներին: Հավատացած եմ, որ այս կենտրոնը դառնալու է համայնքի կրթական կարևոր կենտրոներից մեկը, որտեղ ձևավորվելու են իրավագիտակից և պատասխանատու քաղաքացիներ», — բացման ելույթում նշել էԴիանա Գասպարյանը:
 
«Երիտասարդական աշխատանքի ոլորտում տարիների մեր փորձը վկայում է, որ բաց երիտասարդական կենտրոնները ստեղծում են հիանալի հնարավորություններ պատանիների և երիտասարդների նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակն արդյունավետ կազմակերպելու համար, ինչը նպաստում է ոչ միայն նրանց անհատական զարգացմանն ու աճին, այլև իրենց համայնքի զարգացմանն ու ակտիվությանը», — ասել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է երիտասարդներին հզորացնելու և համայնքներում ապահով տարածքներ ստեղծելու աշխատանքները. մինչ տարեվերջ, Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ևս մեկ երիտասարդական կենտրոն կբացի իր դռները Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում բնակվող դեռահասների և երիտասարդների համար:

Back to top button