
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, Սոչիի «Սիրիուս» գիտության և արվեստի կենտրոնում կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգը կայացել է «Սիրիուս» ամառային երաժշտական փառատոնի և Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։ Ավելի քան 2000 երաժշտասերներ վայելել են Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Պյոտր Չայկովսկու, Կամիլ Սեն-Սանսի ստեղծագործությունները։ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել երիտասարդ ջութակահար Ելենա Տարոսյանը։
Համերգի երկրորդ բաժինը նվիրված էր հայ կոմպոզիտորների արվեստին։ Նվագախումբը կատարել է Առնո Բաբաջանյանի «Իմ սիրտը լեռներում է», Շառլ Ազնավուրի «La Bohème» ստեղծագործությունները, հատված Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և այլն։ Հանդիսատեսի խնդրանքով նվագախումբը որպես բիս կատարել է նաև «Սուսերով պարն» ու լեզգինկան «Գայանե» բալետից։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչի էր մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։




