ԿարևորՔաղաքական

Արցախյան խնդրում լավագույն սցենարն այսօրվա վիճակը պահելն է․ քաղաքագետները` խաղաղության հնարավոր պայմանագրի վտանգների մասին

«Գլոբալ զարգացումներ. մարտահրավերներին արձագանքելու ի՞նչ ներուժ ունի Հայաստանը» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետները խոսել են օգոստոսին սպասվող Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման, զգուշավորությամբ` նաև խաղաղության հնարավոր պայմանագրի ստորագրման մասին։ Նրանց կարծիքով՝ օգոստոսին սպասվող հանդիպման օրակարգում գլխավոր երեք թեմաներն են՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, սահմանագծում–սահմանազատում եւ խաղաղության պայմանագիր։

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ օրակարգային երեք հարց կա, որոնք, ըստ քաղաքագետ Բենիամին Պողոսյանի,  քննարկման թեմա կդառնան Փաշինյան-Ալիեւ օգոստոսին սպասվող հանդիպման ժամանակ․  հաղորդակցության ուղիների ապաշրջափակում,  դեմարկացիա-դելիմիտացիա, խաղաղության պայմանագիր։

Փորձագետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակի գլխավոր վտանգը Արցախի հայաթափումն է։ Նա կարևոր է համարում հարցը՝ արդյո՞ք այս երեք խնդիրները քննարկվելու են փոխկապակցված, թե՞ Բաքուն պնդելու է, որ առաջին հերթին խաղաղության պայմանագիրը ստորագրվի.

«Ադրբեջանը ռազմական սպառնալիքներ է հնչեցնում, ասելով, որ շատ քիչ ժամանակ ունեք՝ կամ պայմանագիրը կստորագրեք՝ իմ ասած պայմաններով, կամ կլինի նոր պատերազմ։ Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ այդ պայմանագրի ստորագրումը մեզ ոչ մի տեղ չի տանելու , որովհետեւ գիտեմ, որ կա մտայնություն, թե լավ, եկեք Արցախից հրաժարվենք ու փրկենք Սյունիքը։ Սակայն մարդկության փորձը ցույց է տալիս, որ այդ տրամաբանությամբ առաջ գնալու դեպքում, հաջորդը մենք կհրաժարվենք Սյունիքից, որպեսզի փրկենք Վայոց ձորի մարզը, հետո՝  կհրաժարվենք Վայոց ձորից, որ փրկենք Երևանն ու այդպես կմնա Գյումրիի ռուսական ռազմաբազան»։

Բաքվի խաղաղության օրակարգը մաքսիմալիստական ու ապակառուցողական է և մանևրելու որևէ հնարավորություն չի թողնում հայկական կողմին՝ նշում էքաղաքագետը: Նրա կարծիքով՝ այս իրավիճակում  լավագույն ելքը ստատուս քվոն պահպանելն է։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը  համոզված է, այս իրավիճակում  որ իշխանությունները որեւէ փաստաթուղթ չեն ստորագրի.

«Դժվար թե համաձայնեն ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ մեծ հաշվով ԼՂ-ին առնչվող որեւէ հարցի բովանդակային լուծում չի տրվելու։ Այդ առումով գործընթացները, կարծում եմ, շարժվում են դեպի փակուղի։ Մեծ հաշվով արդեն որոշակի փակուղի գոյություն ունի, նույնիսկ ԵՄ-ի միջնորդությամբ տեղի ունեցող գործընթացներում»։

Քաղաքագետ կարծում  է, որ ցանկալի տարբերակ է նաև  2025 թվականից հետո ռուս խաղաղապահների մնալն Արցախում։ Տնտեսական խնդիրները կխորանան, երբ երեք ամիսց կամ մեկ տարուց գործարկվի Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը ։ Գործող՝ Բերձորով անցնող  ճանապարհով են անցնում բոլոր հիմնական կոմունիկացիաները՝ գազ, հոսանք, բջջային կապ, էլեկտրահաղորդակցություն, ինտերնետ, ու Բաքուն թույլ չի տեղափոխել  դրանք՝ կարծում է Բենիամին Պողոսյանը։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, մինչդեռ, կարծում է, որ կոմունիկացիաները կտեղափոխվեն, հետո ճանապարհը կգործի․

«Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ, այնուամենայնիվ , իմ ունեցած տեղեկություններով կա հստակ պայմանավորվածություն, որ մինչեւ բոլոր ենթակառուցվածքները չտեղափոխվեն, նոր ճանապարհը չի գործարկվելու։ Ավելի բարդ է վիճակը գազամուղի հետ կապված, քանի որ դա ավելի ծախսատար է, բայց այդ ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են»։

Պուտինն– Էրդողան–Ռաիսի հանդիպումներից հետո հատուկ ուշադրության արժանացավ Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեի այն հայտարարությունը, թե Թեհրանը թույլ չի տա հայ–իրանական սահմանի որևէ փոփոխություն։ Բենիամին Պողոսյանը համամիտ է, որ Թեհրանը դեմ է Սյունիք մտնելու ադրբեջանա-թուրքական ծրագրերին, բայց դա նաև  չի նշանակում, թե Իրանը մեզ համար պատերազմ կսկսի Թուրքիայի հետ․

«Հասկանալի է, որ Իրանում բոլորովին էլ չեն ոգևորվի՝ Ադրբեջանի կողմից Սյունիքի հնարավոր օկուպացիան տեսնելով, բայց դա չի նշանակում, որ եթե իքս պահին Ադրբեջանը որոշի լայնածավալ պատերազմ սկսել, ապա Իրանը փաստացի պատերազմ կհայտարարի Ադրբեջանին, եւ , որ իրանական զորքերը կմտնեն Սյունիք եւ մենք Գորիսում կտեսնենք Իրան-Ադրբեջան պատերազմ։ Ես դա բացառում եմ, քանի որ դա կնշանակի Ադրբեջանի հետ հարաբերությունների զրոյացում, ինչը Թեհրանին պետք չէ։ Դա կարող է հանգեցնել Թուրքիա-Իրան պատերազմի, ինչը Իրանի համար սարսափելի սցենար է։ Չմոռանանք, որ հիմա Իրանը պատրաստվում է Իսրայելից հնարավոր հարվածին»։

Այս առումով Տիգրան Գրիգորյանը  հորդորում է  լրջորեն  մտածել  Հայաստանի  անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Նա հիշեցնում է նաեւ, որ ԱՄՆ–ն  այս տարածաշրջանում դեմ է ռուսական զորքերի ներկայությանը, եւ նրանց խաղաղապահներ չի համարում, քանի որ միջազգային մանդատ չունեն։ Մյուս կողմից էլ,  քաղաքագետի դիտարկմամբ, Ադրբեջանի դերը մեծանում է ոչ միայն Եվրոպայի համար,  այլեւ ՌԴ–ի՝  նոր շուկաներ գրավելու առումով։  Ըստ այդմ՝ հակամարտությունն արդար կարգավորելու շահագրգռվածություն ոչ ոք չունի, նման պայմաններում կարեւոր է գոնե Արցախի ստատուս քվոյի պահպանումը։

Back to top button