ԿարևորՄշակույթ

«Ինքնաճանաչում. Էրեբունի». համայայկական նկարչական մրցույթին 3113 երեխա է մասնակցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է ամենամյա Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը:
Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ: Այն անցկացվում է «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով և նվիրված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին ու այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգությանը:

Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել են ՀՀ մարզերի, Արցախի, Սփյուռքի (ԱՄՆ-ի, Ավստրիայի, Արգենտինայի, Բելգիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Լիբանանի, Հորդանանի, Շվեդիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Վրաստանի, Ֆրանսիայի) 217 կրթօջախների 3113 երեխաներ:

Մասնակից երեխաների համար կազմակերպիչներն անցկացրել են առցանց 5 դաս: Դասերի տեսագրությունները տեղադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի (ԳԱԿ) յութուբյան ալիքում:

Հաջորդ փուլում, որն ավարտվելու է սեպտեմբերի 15-ին, մասնակիցները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն իրենց աշխատանքների լուսանկարները: Այնուհետև մասնագիտական հանձնաժողովն ընտրելու է լավագույն աշխատանքները, որոնց բնօրինակները կցուցադրվեն Գեղագիտության ազգային կենտրոնում: Ցուցադրությունից հետո կհայտարարվեն նաև հաղթողների անունները, և կհանձնվեն մասնակցության վկայականներ:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկներն ու պատանիները՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կրթօջախների սաները, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաներ:

Միջոցառումն անցկացվում է 2009 թվականից:

Back to top button