ԿարևորՎերլուծական

Թեհրանի նախապայմանը` ավելի ուժեղ փաստաթուղթ, Վաշինգտոնինը` առավել մեծ զիջումներ

Չխզելով միջուկային գործարքի բանակցությունները ՝ Իրանը շարունակում է Միացյալ Նահանգների հետ նախապայմանների լեզվով խոսել։ Նախորդ ամիս երկրի միջուկային օբյեկտներում ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեղադրած տեսախցիկները անջատելուց հետո Թեհրանը չի պատրաստվում միացնել դրանք։ Ըստ Իրանի Ատոմային էներգիայի ազգային գործակալության տնօրեն Մոհամադ Էսլամիի` դրանք կմիացվեն  2015 թվականին կնքված համաձայնագրի գործողության վերջնական վերականգնման  դեպքում միայն, այսինքն՝ Դոնալդ Թրամփի կողմից 2018-ի մայիսի 12-ին համաձայնագիրը միակողմանի խզելուց հետո նոր փաստաթուղթ ստորագրելու դեպքում։

Իրանի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին համաձայնագրի ստորագրման հնարավորություն տեսնում է, բայց և նշում է, որ այդ հնարավորությունը հավերժ հասանելի չի լինի։ «Ամեն նոր օրն ավելի քիչ հավանական է դարձնում համաձայնագրի կնքումը, և հնարավորությունների պատուհանը բավական արագորեն է փակվում», — ասում է ամերիկացի բանագնացը։

Ո՞ր կետում են Վաշինգտոն-Թեհրան  բանակցությունները  և ինչի՞ց է կախված համաձայնության ձեռք բերումը։  

Իրանին մեկ քայլ է բաժանում միջուկային զենք ստեղծելուց` ասում է իրանագետ Արմեն Վարդանյանը։ Ըստ նրա` Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներում  ՄԱԳԱՏԵ-ի գործառույթների սահմանափակումը, մասնավորապես տեսախցիկների անջատումը, Թեհրանը որպես ճնշման գործիք է կիրառում համաձայնագրի կնքման ճանապարհին։  

Իրանի միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկների միջոցով առցանց ստուգվում էր ուրանի հարստացման մակարդակը, վերահսկողություն էր իրականացվում հոսքաչափերի և միջուկային զենք ստեղծելու կարողությունների նկատմամբ։ Իրանական կողմը տեսախցիկների օգտագործումը համարում էր բարի կամքի դրսևորում։ 

«Այս հայտարարությունները ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Սահմանափակվել են ՄԱԳԱՏԵ-ի գործառույթները, տեղադրված տեսախցիկները համաձայնագրի խզումից հետո հանվել են, Իրանը ցանկանում է ճնշում գործադրել, որ ԱՄՆ-ն գնա միջուկային համաձայնագրի կնքմանը, Իրանում կան դժգոհություններ և անվստահություն ստորագրման հետ կապված»։

«Պետք է համաձայնագիրը ստորագրվի, ընդ որում՝ ավելի ծանրակշիռ, քան նախորդն էր։ Իրանում ցանկանում են ուժեղ փաստաթուղթ ստեղծել, որպեսզի անկախ ամերիկյան վարչակարգի փոփոխությունից այն գործի, որպեսզի Իրանում էլ վստահ լինեն, որ ամերիկյան հաջորդ նախագահը դուրս չի գա այդ համաձայնագրից»։

Արևմուտքի կողմից Իրանի հետ պայմանավորվածությունների վերակենդանացման ճանապարհին Սաուդյան Արաբիան և Իսրայելը  շարունակում են տորպեդահարել համաձայնագրի հնարավոր գործարքը, չնայած ամերիկյան պաշտոնյաններն Իսրայելի վարչապետի և նրա գործընկերների հետ հանդիպումներում բազմիցս շեշտել են, որ ամեն ինչ անելու են կանխելու համար միջուկային զենքի ստեղծումը։ Դրա լավագույն տարբերակը համաձայնագրի կնքումն է, որով ստանձնելով որոշակի պարտավորություններ՝ Իրանը կսահմանափակի միջուկային կարողությունները։

Իսրայելական կողմի համար ամերիկյան գործընկերների հավաստումները բավարար չեն, Մերձավոր Արևելքի այդ երկրի պաշտպանական գերատեսչությունից Թեհրանին ուղղված հնարավոր պատերազմի սպառնալիքները չեն դադարում։ ՑԱԽԱԼ-ը շարունակում է ակտիվորեն նախապատրաստվել Իրանի վրա հարձակմանը` հայտարարելով, թե պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման եւ ցանկացած սցենարի։ Իսրայելում Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական տարբերակի նախապատրաստումը բարոյական պարտք եւ ազգային անվտանգության հարց են համարում։

«Ռադիոլուր»-ի զրուցակից` իրանագետ Արմեն Վարդանյանը քիչ հավանական է համարում կողմերի միջև անմիջական պատերազմը։ 

«Իրանի դեմ պատերազմելն այսօր չափազանց խնդրահարույց է աշխարհի ցանկացած պետության համար, նույնիսկ ԱՄՆ-ն չի կարող մեծ վճռականությամբ գնալ պատերազմի, Իրանը ռազմական մեծ  հզորությյուն ունի։ Բացի միջուկային զենքից՝ Իրանը գրեթե բոլոր զինատեսակներն ունի, սեփական զարգացած ռազմաադյունաբերություն։ Չնայած գործող ամերիկյան պատժամիջոցներին` 20-30 տարիների ընթացքում Իրանին հաջողվել է ուժեղ բանակ ստեղծել։ Իրանն ունի միջին և մեծ հեռահարության հրթիռներ, սեփական կործանիչների արտադրություն  և ցանկացած պահի կարող է հարվածել Իսրայելին։ Իրանական բանակը աշխարհի ամենահզոր բանակներից մեկն է»։

Պաշտոնական Թեհրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է` «հարձակման ենթարկվելու դեպքում Իրանը կոշտ պատասխան կտա, և այն անպայման հասցեագրված կլինի նաև Իսրայելին»:

Իրանագետ Արմեն Վարդանյանը հիշեցնում է նաև, որ չնայած Իրանի ռազմական կարողություններին՝  իսրայելական հատուկ ծառայությունները ժամանակ առ ժամանակ Իսլամական Հանրապետության տարածքում իրանցի առանցքային պաշտոնյանների և գիտնականների դեմ սադրիչ գործողություններ են իրականացրել։ Միացյալ Նահանգներն էլ,  երկակի ստանդարտներ կիրառելով, առավել հաճախ հանդես է գալիս  Իսրայելի քաղաքական շահը պաշտպանելու դիրքերից` հայտարարելով, թե միասին կհակազդեն Իրանի միջուկային զենք ստեղծելու փորձերին: Ասվածի վկայությունը հուլիսի 14-ին Իսրայելում այդ երկրի վարչապետ Յաիր Լապիդի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև ստորագրված համատեղ պարտավորությունն է՝ հակազդելու Իրանի միջուկային զենք ստեղծելու ձգտումներին:

«ԱՄՆ-ում կա երկու տեսակետ։ Մի մասը հանրապետականներն են, որոնք կոշտ գծի, առավել ծանր պատժամիջոցների կողմնակից են։ Մյուս կողմում դեմոկրատներն են, որոնց կարծիքով Իրանին չի կարելի անկյուն մղել, ըստ նրանց` Իրանի նկատմամբ պետք է վարել ներգրավման քաղաքականություն` ԱՄՆ համար առավել կանխատեսելի երկիր դարձնելու համար»։

Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ միջուկային համաձայնագրի վերականգնման հարցում շտապողականություն չի ցուցաբերելու։ Իրանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ «իրականում Իրանը չի պատրաստվում հուզական որոշումներ կայացնել և բանակցային գործընթացն արագացնելու համար զոհաբերել իր հիմնարար շահերը»։

Ամերիկացիները հոգեբանական ճնշում են գործադրում Իրանի նկատմամբ՝ Իսլամական Հանրապետությանն ուղղված միակողմանի պահանջներ առաջ քաշելով և արագ որոշում պահանջելով»,- ասում է իրանցի պաշտոնյան։

Այս համատեքստում որքանով է տեսանելի  միջուկային գործարքի կնքումը մոտ ապագայում։ «Ռադիոլուրի» զրուցակիցը տեսնում է այդ հավանականությունը։  

«Ես կարծում եմ, որ ամեն դեպքում կստորագրվի միջուկային համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահ Բայդենն իր նախընտրական խոստումները սովորաբար կատարում է, դրանց մեծ մասն արդեն իրողություն է, բացի դրանից՝ հուսադրող են նաև ԵՄ պաշտոնյաների վերջին հայտարարությունները։  Միևնույն ժամանակ Բայդենը չի ցանկանում նվազեցնել պատժամիջոցների ազդեցությունը։ Խնդրահարույց մեկ-երկու հարց է մնացել, դրանցից մեկն էլ պայմանավորված է Իրանում գործող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսով, որն այդ երկրի ամենաազդեցիկ կառույցն է համարվում, պետություն է պետության մեջ։

ԱՄՆ-ն այս կառույցը համարում է ահաբեկչությանը նպաստող կառույց, հիմա այլ լուծումներ են փորձում գտնել, դրանցից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտպանության բանակի կազմում ներառել ն է»։

Արմեն Վարդանյանը կարծում է, որ համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի երկրների վրա։ Այն լարվածության թոթափմանն ուղված քայլ է համարում՝ շեշտելով, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը ֆինանսական առումով կբարելավի  դիրքերը, ինչն իր հերթին կբերի Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալների աճին։

Back to top button