
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ընդունված բանաձևերում հայկական պատվիրակությունը 3 փոփոխության առաջարկ է արել, որոնցից ոչ մեկը, սակայն, չի ընդունվել։ Փոփոխությունները վերաբերել են ՄԽ-ի գործունեությանը, հայ գերիների առկախված խնդրին և մշակութային ժառանգության պահպանմանը։ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը սա պայմանավորել է ուկրաինական իրադարձություններով և դրանց վրա եվրապատվիրակների սևեռված ուշադրությամբ։
ԵԱՀԿ ԽՎ-ի ամառային նստաշրջանում ընդունված բանաձևերում Հայաստանի պատվիրակությունը երեք փոփոխության առաջարկ է արել, որոնք, սակայն, չեն ընդունվել։ Դրանցից մեկը վերաբերել է տարածաշրջանային գործընթացներին և Արցախյան հակամարտությանը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով հանգուցալուծում չի ստացել, մյուսով շեշտվել է հայ գերիների առկախված խնդիրը, իսկ երրորդ առաջարկով ուշադրություն է հրավիրվել մշակութային ժառանգության պահպանման հարցին։
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը սա պայմանավորում է ուկրաինական իրադարձություններով և դրանց վրա եվրապատվիրակների սևեռված ուշադրությամբ։
«Հայկական կողմը նախաձեռնել էր երեք փոփոխություն, որոնցից 2-ը պետք է տեղ գտնեին քաղաքական հարցերով զեկույցում, մեկը՝ մարդու իրավունքների հարցերով զեկույցում։ Երկու հանձնաժողովների զեկուցողները քվեարկությունից առաջ հստակ դիրքորոշում հայտնեցին՝ անփոփոխ թողնել տեքստը։ Ցավոք, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի վրա, այն է՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները: Այդ պահից սկսած՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամբողջ ուշադրությունը սևեռված էր այս կոնֆլիկտի վրա: Գործնականում, մեղմ ասած, շատ դժվար էր որևէ այլ հարցի վրա ուշադրություն հրավիրել, այդ թվում՝ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա, ինչը մեզ համար անընդունելի է և դատապարտելի»։
Հայակական պատվիարակությունը դեռ պետք է վերլուծի ու հասկանա, թե այլ ինչ գործոններով է պայմանավորված եվրապատգամավորների այս կեցվածքը։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը հիշեցնում է Եվրոպայի ու Ադրբեջանի միջև գազային գործարքը, որն արտացոլվում է նաև քաղաքական հարցերում․
«Ենթադրություններից մեկն այն է, որ, այո, այս պահին Եվրոպան, Արևմուտքն ընդհանրապես կենտրոնացած է ուկրաինական խնդրի վրա, և մյուս հակամարտություններն իրենց համար ունեն երկրորդական դեր։ Մյուս կողմից՝ վերջերս ԵՄ-ն Ադրբեջանի հետ գազային նոր գործարք կնքեց, որով Ադրբեջանը դեպի Եվրոպա գազի մատակարարումը պետք է երկու անգամ ավելացնի»։
Էդուարդ Աղաջանյանը նշում է, որ իրենք հստակ հարցեր են բարձրացրել ԵԱՀԿ ԽՎ-ում, որոնք պետք է որ մտահոգեին Վեհաժողովի պատվիրակներին։ Դրանցից մեկն, օրինակ, գերիների առկախված հարցն է։
«Դրանք հիմնականում վերաբերվում էին գերիների առկախված խնդրին, որը մինչ օրս լուծված չէ, չնայած դրան վերաբերող կոնկրետ դրույթ կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ու չնայած դրան անդրադարձել են միջազգային տարբեր կառույցներ։ Կոնկրետ պատճառ, թե ինչու ԵԱՀԿ ԽՎ պետք է հրաժարվեր այդ թեմային անդրադառնալ, մենք չգիտենք։ Հաջորդ հարցը վերաբերում էր մշակութային ժառանգության պահպանմանը։ Մյուս հարցը վերաբերում էր ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը և դրա կարևորությանը»։
Ի դեպ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության կարևորությանն անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Բլինքենը զրուցել է եւ՛ Հայաստանի վարչապետի եւ՛ Ադրբեջանի ղեկավարի հետ։
Ալիևին պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացմանն աջակցելու հարցում, կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը: ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Բլինքենը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմ համագործակցության և փոխգործակցության համախոհ գործընկերների հետ, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,-նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Վերջին ձևակերպումը դուր չի եկել Բաքվին։ Ադրբեջանական դիվանագիտական աղբյուրներից haqqin.az-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալիևի և Բլինքենի զրույցում Մինսկի խմբի մասին որևէ հիշատակում չի եղել։ Ադրբեջանական աղբյուրը Պետդեպի լուրը ապատեղեկատվություն է որակել՝ այն անպատասխանատու անվանելով։ «Կոմպետենտ և ճիշտ չէ քննարկել մոռացված ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման գաղափարը»,-գրել է ադրբեջանական լրատվամիջոցը:
«Օրբելի» վերլուծական կենտորնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը հստակեցնում է՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան մեկ անգամ չէ, որ հայտարարել են լ գործընթացում մնալու պատրաստակամության մասին։
«ԱՄՆ-ի համար կարևոր է ձևաչափի կենսունակության պահպանումը՝ առնվազն մանդատային առումով, ոչ թե երեք երկրների համատեղ աշխատանքի, քանի որ դրան համաձայն չէ երկրներից ոչ մեկը՝ հաշվի առնելով ուկրաինական հակամարտությունը։ Նրանց պետք է մանդատի պահպանում, որի միջոցով իրենք կարող են և ունենալու են ներգրավվածություն հակամարտության բանակցային գործընթացի շրջանակներում, հետևաբար ուզեն դա Բաքվում թե չուզեն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն այդ միջնորդությունը կարևոր գործոն են համարում»։
Էդուարդ Աղաջանյանը ԵԱՀԿ ԽՎ-ում խոսել է Արցախյան խնդիրը ԵԱՀԿ Մխ-ի շրջանակում լուծելու կարևորության մասին՝ հղումներ անելով միջազգային կառույցնեին ու փաստաթղթերին։ Ադրբեջանական պատվիրակությունը, կանխատեսելիորեն որդեգրել է նույնաբովանդակ մեղադրանքներով հանդես գալու մարտավարություն, որի պայմաններում, Աղաջանյանի կարծիքով, դժվար է իրականության մասին ճիշտ պատկերացում կազմել։




