Աշխարհի ոչ մի երկիր չի կարող լիովին վերահսկել դեղերի շուկան, ասում է ոլորտի պատասխանատուն
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
2012 թվականին երկրի ղեկավարի կողմից առողջապահության նախարարությունը դեղերի շրջանառության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ նկատողություն ստանալուց հետո ձեռնամուխ է եղել ոլորտում առկա թերություններն ու բացթողումները վերացնելուն։ Դեղորայքի շուկան միշտ հսկողության կարիք ունի, սական Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանի պնդմամբ, ոչ մի պետություն չի կարող ասել, որ լիոին վերահսկում է ոլորտը։ Առողջապահության նախարարության և դեղերի փորձագիտական կենտրոնի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում 2013 թվականին Հայաստանի և Վրաստանի սահմանում հայտնաբերվել են կեղծ դեղերի` Sandostatin, Dostinex և Rofsefin 3 դեպք: Դեղերի կեղծումը, ըստ էության տարբեր է լինում ,սակայն դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանի ուսումնասիրություններով` դրանք վերափաթեթավորված դեղեր էին։
2013 թվականին նախարարության կողմից իրականացվել է 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով օգնության նպատակով Հայաստան ներմուծված դեղորայքի ոչնչացումը: Կուտակված շուրջ 30 տոննա ժամկետանց դեղերը ոչնչացվել են հանրապետության նախագահի դիտողությունից հետո: Սակայն առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանի խոսքով` դեռևս կան դեղորայքներ, որոնք նախատեսում են ոչնչացնել հաջորդ տարի: Այս տարվա առողջապահության նախարարության լուրջ ձեռքբերումը պետության կարիքների համար դեղերի գնումն էր: ՀՀ կառավարության կողմից տրված լիազորության շնորհիվ՝ կառույցը հնարավորություն է ստացել 5 տարի պայմանագրով ինսուլինը գնել անմիջապես արտադրողից և արդյունքում մեկ սրվակը Հայաստան է ներմուծվում 3.3 դոլարով, նախկին 12 դոլարի փոխարեն: Խորհրդականը վստահեցնում է, որ տնտեսված գումարները կուղղեն բնակչության համար անհրաժեշտ այլ դեղերի գնմանը և ավելացնում, որ ինսուլինակախյալները 100 տոկոսով ապահովված են: Իսկ պոլիկլինիկաներում անվճար բաժանվող դեղորայքով կարիքավորներին 100 տոկոսով ապահովելու հնարավարություն նախարարությունը դեռ չունի, անկեղծանում է Ուլիխանյանը։
Մեծ պահանջարկ ունեցող, սակայն ՀՀ ում քիչ թվաքանակով անհրաժեշտ դեղերի համար էլ նախարարությունը քայլեր է մշակում գրանցել պետպատվերով տրվող դեղերի ցանկում : Այս տարվա հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 86 միլիոն դոլարի դեղորայք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 6 միլիոն դոլարի չափով: ՀՀ ում դեղ արտադրող 17 ընկերությունների իրացման ծավալները նախորդ տարվա համեմատ այս տարի աճել են 25 տոկոսով: