ԿարևորՀասարակություն

Եկեղեցին չի արգելում խաչքարեր տեղադրելը, չի էլ քաջալերում դրանք ապամոնտաժելը

Ճանապարհամերձ հատվածներում խաչերի, հուշաքարերի կամ խաչքարերի տարերային տեղադրումը բացառելու նպատակով վարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են խնդրի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են տարբեր գերատեսչություններ ու տեսչական մարմիններ։ Առաջին փուլում նախատեսվում է հավաքել  ու ամբողջացնել տեղեկատվությունը, ապա անդրադառնալ հուշարձանների տեղադրման իրավական հիմքերին:

Կառավարության հանձնարարականով  Հայաստանում  սկսվել են ճանապարհամերձ հատվածներում խաչերի, հուշաքարերի կամ խաչքարերի գույքագրման աշխատանքները։ Գործադիրը  որոշել է սահմանափակել դրանց անհարկի տեղադրումը ու կանոնակարգել տեղադրման սկզբունքները։ Առաջին փուլում նախատեսվում է հավաքել ու ամբողջացնել խաչերի, հուշաքարերի կամ խաչքարերին վերաբերող  տեղեկատվությունը: Պատմության և մշակույթի հուշարձանների կառավարության հաստատած ցանկում ներառված 7300 պահպանական միավորի մեջ ընդգրկված է շուրջ 25.000 հուշարձան՝ «Ռադիոլուրին» ասում է աշխատանքային խմբի անդամ, ԿԳՄՍ նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։  Եթե նոր տեղադրվող  խաչերն ու խաչքարերն այդ տարածքների մեջ չեն, ապա դրանք նախարարության լիազորություններից դուրս են՝ ասում է։ Իսկ որոնք այդ տարածքներում են և միաժամանակ  ճանապարհամերձ հատվածներում, գույքագրվում են։

«Մեր մասով քննարկվել է, որ պատմության և հուշարձանների տարածքներում  տեղադրված և լիազոր մարմնի հետ չհամաձայնեցված դեպքերում դիմում ենք համապատասխան միջոցառումների։ Դեպքեր ունենք, որ հասնում ենք հեռացման և դեպքեր ունենք, որ այդ աշխատանքները դեռ ձգձգվում են։ Հետևաբար՝ քննարկմամբ որոշվել է, որ կգույքագրվեն պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում տեղադրված  նոր խաչերը, այդ հուշաքարերը, որոնք անմիջականորեն  հուշարձանների տարածքներում են։ Կոնկրետ ճանապարհի եզրերին տեղադրվածների մասով, որոնք կհամընկնեն հուշարձանների տարածքներին, կմտնեն գույքագրման մեջ»։

Եղել են դեպքեր, երբ հուշաքարերն ապամոնտաժվել են  լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու պատճառով։ Նման շուրջ 1700 հուշաքար է հանվել՝ ասում է զրուցակիցս։

«Խորանաշատի պատի մոտ տեղադրվել էր լիազոր մարմնի հետ չհամաձայնեցված խաչքար, որը բացատրական աշխատանքների արդյունքում հեռացվել է։ Էրեբունի համայնքում՝ հուշարձանի տարածքում էր երկաթյա խաչ տեղադրվել, որը հեռացվել է, և նման մի քանի այլ դեպքեր էլ ունենք, որոնք շուտով կհեռացվեն»։

Խաչքարերի ու հուշաքարերի գույքագրման աշխատանքներից  հետո աշխատանքային խումբը պետք է քննարկի դրանց տեղադրման իրավական հիմքերը։ Հնարավոր է՝ նոր կարգավորումներ առաջարկվեն։ Սա էլ ենթադրում է մի շարք փոփոխություններ ու լրացումներ իրավական ակտերում, որոնք կկանոնակարգեն դաշտն ու քաղաքաշինական այս գործունեությունն ավելի վերահսկելի կդարձնեն՝ ասում է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

«Երկրորդ հարցն այն է, որ առանձնացվի օրենսդրական փաստաթղթերի այն փաթեթը, որոնցում  պետք է կատարվեն փոփոխություններ ու լրացումներ դաշտը կանոնակարգելու և վերահսկողական աշխատանքների խստացման համար»։

Եկեղեցին այս  հարցում իր դիրքորոշումն ունի։ Միքայել սրբազանի խոսքով՝  (Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան) եկեղեցին երբեք չի քաջալերել ու չի ողջունել խաչերի տեղադրում, բայց նաև  չի խոչընդոտել այդ աշխատանքներին՝ ընդառաջելով այս կամ այն համայնքի բնակիչների կամ համայնքապետերի ցանկությանը։  Խաչքարերի ճնշող մեծամասնությունը տեղադրվել է՝ առանց եկեղեցու դիրքորոշումը լսելու։ Դնելուց հետո հոգևորականները հրավիրվել են օրհնության արարողակարգ կազմակերպելուն՝ ասաց։

«Եթե հետևել եք ես ինքս էլ միշտ ասել եմ, որ չափավոր եղեք։ Այստեղ ավելի շատ Ռուսաստանի ու Վրաստանի ազդեցություն ն է։  Այնտեղ ամենուրեք քաղաքի ու գյուղերի  մուտքերին խաչեր են դրված։  Մերոնք էլ հետևել են դրան։ Ասում եմ չենք քաջալերել, բայց հիմա չենք էլ կարող ասել, որ ճիշտ է ապամոնտաժումը։ Դնելուց հետո ապամոնտաժելս ո՞րն է»։

Այն տարածքներում, որոնք եկեղեցապատկան չեն, եկեղեցին չի կարող արգելել խաչքարերի տեղադրումը՝ ասում է Սրբազանը ու հավելում՝ բայց տեղադրելուց հետո էլ չի կարող քաջալերել դրանց ապամոնտաժումը։

Back to top button