Աշխարհում ծավալվող քաղաքական իրադարձությունները հանգեցրել են տնտեսական լուրջ հետևանքների, մասնավորապես՝ լարվածություն են առաջացրել պարենային շուկայում, որի ազդեցությունը նկատելի կլինի նաև Հայաստանում։ Մեր երկիրը հացահատիկի հիմնական պաշարների շուրջ 75 %-ը ներկրում է ՌԴ-ից՝ հիշեցնում են տնտեսագետները ու նաև հուշում՝ պետք չէ դիտորդի կարգավիճակում մնալ, անհրաժեշտ է մեծացնել հացահատիկի ցանքատարածքները։
Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամները հաստատել են Հայաստանի գյուղատնտեսական առանձին ապրանքների 2022 թվականի առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռները՝ տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Կանխատեսումների համաձայն ՝ 2022 թվականին Հայաստանում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա։ Հանրապետության ներքին շուկայում պարենային անվտանգության ապահովման նպատակով այս մշակաբույսերի անհրաժեշտ ծավալը մինչև տարեվերջ կհամալրվի Ռուսաստանից մատակարարումներն ավելացնելու հաշվին՝ մինչև 275 հազար տոննա՝ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է փոխնախարարը և շարունակում՝ հանրապետությունում արևածաղկի ձեթի ներքին պահանջարկը 2022 թվականի ընթացքում կանխատեսվում է շուրջ 27 հազար տոննայիր սահմաններում։ Մինչև տարեվերջ արևածաղկի ձեթի սպառման անհրաժեշտ ծավալն ամբողջությամբ կապահովեն մատակարարումները Ռուսաստանի Դաշնությունից։
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ուշադրություն է հրավիրում Հայաստանում հացահատիկի ցանքատարծքների կրճատման խնդրի վրա․ եթե 2000-ականների կեսերին հանրապետությունում 128-129 հազար հա հացահատիկի ցանքատարածքներ կային, այսօր դրանք 50-55 հազար հա-ի սահմաններում են։ Ռուս-ուկրաինական պատերազմով ու մեր տարածաշրջանում առկա իրողություններով պայմանավորված՝ Գառնիկ Պետրոսյանը ռիսկեր է տեսնում և հուշում՝ հացահատիկի ցանքատարածքները պետք է ավելանան։ Դրա հիմնավորումներից մեկը, զրուցակցիս կարծիքով, նաև այն է, որ մեր երկրում սպառվող հացահատիկի միայն 22-23% է ստացվում Հայաստանում, մնացածը՝ շուրջ 75 %-ը, ներկրվում է դրսից, հիմնականում ՌԴ-ից։
«Մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, ռուս-ուկրաինական պատերազմը և ընդհանրապես աշխարհում ընթացող զարգացումները մեծ լարվածություն են առաջացրել պարենային շուկայում, հատկապես՝ հացամատակարարման ոլորտում։ Խնդիրներն ավելի են սրվում, և մենք այս պայմաններում իրավունք չունենք դիտորդի դերում լինել։ Պարտավոր ենք գործնական քայլեր անել, ծրագրեր գործարկել աշնանացան ու գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքներն ավելացնելու , բերքատվությունը բարձրացնելու ուղղությամբ»։
Գառնիկ Պետրոսյանը խոսում է մեկ այլ ցուցանիշի մասին ևս՝ Հայաստանում մշակովի հողատարածքների մոտ 50 %-ն անմշակ է, պետք է մտածել հացահատիկ ստանալու նպատակով դրանք օգտագործելու մասին։
Զրուցակցիս կարծիքով՝ անհիմն են կանխատեսումները, թե ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրս բերումից հետո պարենային ապրանքների գները կիջնեն։ Ողջ աշխարհում այսօր վառելանյութի թունաքիմիկատների գները բարձրացել են, պետք չէ սին հույսեր ունենալ, թե հացահատիկի և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները կնվազեն՝ պարզաբանում է Պետրոսյանը։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանն էլ հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զգալի կրճատվել է Արցախից Հայաստան ներկրվող հացահատիկի քանակը։ Եթե մինչև պատերազմը Արցախում շուրջ 70 հազար հա հացահատիկի տարածք էր մշակվում, 2021–ից այդ ցուցանիշն արդեն 20 հազար հա է։
«Մենք ունեինք 29476 հա ցորենի բերքահավաքի ցանքատարածություն, անցյալ տարի, սակայն, ընդամենը 10 հազար հա էր, նույնը կարելի է ասել գարու մասին։ Հավաքած բերքը ցույց է տալիս,թե որքան մեծ է եղել կորուստը»։
Սամվել Ավետիսյանը հիշեցնում է՝ պաշտոնական վիճակագրությամբ Արցախից 20-30 հազար հա հացահատիկ էր ներկրվում, ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը կրկնակի մեծ էր։
Նա նաև ձիթայուղի և թռնամսի պակասի վրա է ուշադրություն հրավիրում։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ պարենային առաջին անհրաժեշտության մթերքներն է թվարկում։
«Որպես երկրորդ հաց՝ կարտոֆիլի մշակության վրա պետք է ուշադրություն դարձնել։ Բոլորիս հիշողության մեջ վառ է, որ ամիսներ առաջ 500-600-700 դրամ էր կարտոֆիլը։ Դա աննկարագրելի բարձր գին է նույնիսկ մեր միջին սպառողների համար։ Այս ոլորտի վրա ևս պետք է կենտրոնանալ, հասկանալ պատճառները»։
Գյուղատնտեսը կարևորում է նաև հատիկային կերերի արտադրության ավելացումը, քանի որ թռչնաբուծությունը ծայրահեղ բարդ վիճակում է հայտնվել, և ինքնաբավության մակարդակը հասել է 20-25 %-ի, մինչդեռ ժամանակին, ամառային հանգստի շրջանում Հայաստանը թռչնամիս էր մատակարարում ծովափնյա սննդի կետերին։
Այս բոլոր խնդիրների մասին ավելորդ կլինի խոսել, եթե չլուծվեն ոռոգման խնդիրները՝ եզրափակում են զրուցակիցներս։