
Մասնագիտական հայրենադարձությունը խթանելու նպատակով արդեն 3-րդ անգամ անցկացվում է «Ներուժ» պետական ծրագիրը։ Այն սփյուռքահայերին Հայաստան է հրավիրում՝ իրենց տեխնոլոգիական նորարար գաղափարն այստեղ իրականացնելու համար։ 2018-ին մեկնարկած, 19-ին իրականացված ծրագիրը երկամյա դադարի մեջ էր՝ պատերազմով ու համավարակով պայմանավորված։ Նոր փուլը սեպտեմբերի 26-30-ին է՝ Դիլիջանում։
Փարիզից Գյումրի՝ ամենամեծ վիրտուալ մարզասրահի երազանքով
Գարիկ Գալստյանը 21 տարեկանում Գյումրուց Փարիզ գնաց՝ Սորբոնի համալսարան սովորելու ու հետ չեկավ շուրջ 18 տարի։ IT ոլորտում աշխատանք ուներ, բայց նաև նպատակ՝ վերադառնալ հայրենիք, ստեղծել աշխարհի ամենամեծ վիրտուալ մարզասրահը։ 2019-ին մասնակցեց «Ներուժ» ծրագրին, շահեց 15 000 դոլար, ստեղծեց «Սոֆիսկո» ընկերությունը, իսկ հիմա ընտանիքի հետ վերադարձել է Գյումրի՝ նպատակն իրականություն դարձնելու։ Դեռ սկզբնական փուլում են․
«Ստեղծում ենք ֆիտնեսի, առողջ ապրելակերպի ոլորտում հեռախոսային հավելված, որը թույլ կտա մարզիչներին և օգտատերերին կապ հաստատել օնլայն տիրույթում։ Մարզիկները կարող են մարզվել, փաթեթներ գնել օնլայն մարզիչներից ու վարել առողջ ապրելակերպ»,- ասում է Գարիկ Գալստյանը։
Ընկերության երկու համահիմնադիրները Փարիզում էին, մեկը՝ Գյումրիում։ «Ներուժ» ծրագրի նպատակը հենց Սփյուռքի ներուժը հայրենիք վերադարձնելն է։ Գարիկի կարծիքով՝ տուն գալու լավ հնարավորություն է հատկապես այն մարդկանց համար, ովքեր կարող են Հայաստանում պահպանել իրենց արտասահմանյան աշխատանքը և միաժամանակ այստեղ օգտագործել իրենց գիտելիքը։ Ասում է՝ ավելի ցանկալի է, որ հատկապես IT համայնքը վերադառնալիս չկենտրոնանա մայրաքաղաքում․
«Շատ կուզեի, որ բացի Երևանից՝ մյուս քաղաքներն էլ զարգանային ու նույն մակարդակին հասնեին IT ոլոտում, որովհետև տեսնում եմ մասնագետների հոսք տարբեր տեղերից, կենտրոնացում Երևանում, ինչն այդքան էլ ճիշտ չեմ համարում։ Շատ կուզեի ավելի հավասարաչափ բաշխվեին»։
Այժմ ընկերությունը նախապատրաստվում է վիրտուալ իրականություն մուտք գործելուն․ զբաղվում են հայկական ու եվրոպական շուկաներից մարզիչների ու մարզիկների ներգրավելով, ինչից հետո «գործին կխառնվի» նաև արհեստական բանականությունը։
Վերադարձ երկամյա դադարից հետո
2018-ին մեկնարկած և 2019-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրականացրած «Ներուժ» ծրագիրը երկամյա դադարից հետո վերադառնում է։ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը կարծում է, որ նախորդ 2 փուլում ծրագիրն արդյունավետ է եղել՝ Հայաստան բերելով տարբեր ստարտափներ։ Մեկնարկող 3-րդ փուլից ևս սպասումները մեծ են․
«Սա նաև լավ հնարավորություն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցների համար՝ վերադառնալու հայրենիք, հիմնելու բիզնես՝ այստեղ ապրելով ու ստեղծագործելով ներդրում ունենալու մեր երկրի առաջընթացի ու զարգացման գործում»,- ասում է ԲՏԱ նախարարը։
2018-ին ծրագրին ներկայացվել է 71 ստարտափ 27 երկրից: 9 ստարտափ արժանացել է 5-15 մլն դրամ դրամաշնորհների: 2019-ին Հայաստան է եկել տեխնոլոգիական 47 ստարտափերի 80 ներկայացուցիչ 17 երկրից: Մրցանակային ֆոնդը 80 մլն դրամ էր, որը տրամադրվեց 6 հաղթողի։

Այս տարի նախատեսվում է հյուրընկալել 30 ստարտափի 60 ներկայացուցչի։ Մրցանակային ֆոնդը՝ 45 մլն դրամ։ Թիմերի անդամների առնվազն կեսը պետք է լինեն սփյուռքահայեր։
Դիպլոմայինը, հաքերների թակարդն ու անվտանգային անտարբերությունը
«Ես Սիրիայից եմ, պատերազմից հետո եմ տեղափոխվել Հայաստան, նույն ձև էլ Կրիսն է՝ սփյուռքահայ Եգիպտոսից, որն ուսման նպատակով տեղափոխվել է Հայաստան՝ Ամերիկյան համալսարանում սովորելու։ Ի տարբերություն «Ներուժ»-ի շատ մասնակիցների՝ մենք արդեն Հայաստանում ապրող սփյուռքահայեր էինք»։
Անդրանիկ Վարդանյանն ու Կրիս Քիլոյանը «Ներուժ»-ի առաջին փուլի առաջին հաղթողներից են։ Զբաղվում են հաքերների թակարդների ավտոմատացված համակարգեր ստեղծելով։ Ասում են՝ արդեն Հայաստանում էին, բայց գուցե հենց այս ծրագիրը նպատեց, որ շարունակեն այստեղ ապրել․
«Մեր պատմությունը սկսվում է մոտ 2017 թվականից, երբ Կրիսն ուսանող էր ու գրում էր դիպլոմային աշխատանք, որի մեջ ներառված էր համակարգերի ցանկերի անալիտիկան։ Ես զբաղվում էի Հայաստանի համակարգչային արտակարգ իրավիճակներին արձագանքման խնդրով և ցանկանում էի թակարդներ տեղադրել Հայաստանով մեկ։ Հասկացանք, որ Կրիսի համակարգը պետք է մտցնել իմ հաքերների թակարդների համակարգի մեջ։ Բայց հարցն այն էր, որ մասշտաբային հաքերների թակարդների համակարգ ընդհանրապես գոյություն չուներ, և մենք որոշեցինք, որ դա մենք կստեղծենք, ու այդ ծրագիրը դարձավ Կրիսի դիպլոմային աշխատանքը»,- պատմում է Անդրանիկ Վարդանյանը։
Ամիսներ անց «Ներուժ»-ը դիպլոմային աշխատանքը շոշափելի բիզնես դարձնելու հնարավորություն տվեց։ Բայց իրենց օրինակով են ասում՝ միշտ չէ, որ Հայաստանում ստեղծվող գաղափարը կարող է այստեղ սպառվել։ Երբեմն առաջարկը կա, պահանջարկը՝ ոչ․
«Դա տխուր հարցերից է, մենք կիբերանվտանգության ոլորտում ենք, իսկ Հայաստանում կիբերանվտանգությունը հիմնականում 2 հարցի մեջ է սահմանափակված, կամ ասում են՝ «ֆեյսբուք կարա՞ք ջարդեք», դա հիմնական մասն է, և երկրորդը՝ ֆինանսական հաստատություններն ուղղակի ուզում են ինչ–որ checklist (ստուգաթերթիկ) ստորագրել ու տրամադրել ինչ–որ ընկերության, որ ասեն՝ ահա, մենք մեր գործը արել ենք։ Կապ չունի՝ իրականում անվտանգ է, թե չէ։ Այնպես որ, չէ, մենք չենք աշխատում հենց կոնկրետ հայաստանյան շուկայի վրա»։
«Ներուժ» 3-ին մասնակցության գրանցումը բաց է հուլիսի 25-ից օգոստոսի 22-ը։ Հայտերն ընդունելու են նորաբաց՝ վերաբրենդավորված կայքում, ուր հնարավոր է գտնել նաև ծրագրի պատմությունն ու այլ մանրամասներ։ Այն այս տարի կիրականացնի ԲՏԱ նախարարությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ սեպտեմբերի 26-30-ը՝ Դիլիջանում։






