Հասարակություն

ՄԻՊ- ը մտահոգություն է հայտնել քաղաքացիների ոստիկանություն բերման կապակցությամբ

Դեկտեմբերի 2-ին Ոստիկանության կողմից իրականացված բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկելու միջոցառումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս, այսօր հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։

«Մեր 116 թեժ գծին երեկ ստացվել է 30 ահազանգ՝  տասնյակ  քաղաքացիների ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկելու և քաղաքացիների խաղաղ հավաքին խոչընդոտելու վերաբերյալ:  Երևանի ոստիկանական բաժանմունքներում  մեր ներկայացուցիչները հանդիպել են ավելի քան 60 բերման ենթարկված անձանց հետ: Մի քանի դեպքերում մեր աշխատակիցների միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մտնել ոստիկանական բաժանմունք, որոշ դեպքերում նույնիսկ հաջողվել է կանխել բերման ենթարկելու փաստը:

Մեզ համար արդեն իսկ ակնհայտ է, որ Ոստիկանության առանձին աշխատակիցների գործողություններ երեկ եղել են խնդրահարույց, իսկ որոշ դեպքերում՝ անթույլատրելի: Ըստ օրենքի` մենք պարտավոր ենք ճշտել Ոստիկանության պաշտոնական դիրքորոշումը բոլոր ահազանգերի և խախտման կասկածների վերաբերյալ, ինչը կարվի առաջիկա օրերի ընթացքում:

Դեկտեմերի 2-ին ՀՀ Ոստիկանության գործունեության վերաբերյալ մեր ընդհանուր և վերջնական գնահատականը կարող է տրվել, երբ ամբողջությամբ կուսումնասիրվեն ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված նյութերը, մամուլում տեղադրված տեսագրությունները, ինչպես նաև խախտում թույլ տված ոստիկանների վերաբերյալ ծառայողական քննության արդյունքները»,- հայտարարել է ՄԻՊ- ը։  

Back to top button