ԿարևորՀասարակություն

ՇՄ նախարարությունը հորդորում է ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ

ՀՀ շրջակա միջավայի նախարարությունը հորդորում է ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ։ Այդ կապակցությամբ նախարարությունը հաղորդագրություն է տարածել։

«Այսօր` Վարդավառի տոնին և, առհասարակ, հանգստյան օրերին ամառվա տապից պաշտպանվելու նպատակով ձեզանից շատերն իրենց հանգիստը կկազմակերպեն բնության գրկում։

Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։

Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։

Հանգստի ընթացքում՝

  • Աղբ մի՛ նետեք բնության մեջ,
  • Մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը,
  • Առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով,
  • Պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները:

Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՇՄ նախարարությունը գրառման կից հրապարակել է Փառակատար լեռան նկարը։ Այն գտնվում է Վայոց ձորի մարզում, բարձրությունը կազմում է 2528 մ: Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Վայքի, Զանգեզուրի լեռները, Որոտանի լեռնացքը և Արտավանի լիճը, վերջինիս վրա բնությունը պատկերել է աշխարհի քարտեզը:

Back to top button