ԿարևորՔաղաքական

Հացահատիկային միջանցքը՝ ռուս–ուկրաինական կամուրջի հնարավորություն

ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինան ու Ռուսաստանը համաձայնության են հասել ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ։  

Պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում, դրան ներկա են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Էրդողանը, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

Փաստաթղթի ստորագրումը  քաղաքական առումով կբարձրացնի ՄԱԿ-ի ու Թուրքիայի վարկանիշը՝ կարծում են փորձագետները։                                                

Հացահատիկի արտահանման մասին պայմանագիրը հնարավորություն կտա արտահանել հացահատիկի միլիոնավոր տոննա պաշարներ, որոնք հակամարտության հետևանքով մնացել են Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներում։   Սա կմեղմի ցորենի եւ հացահատիկի գնաճի հետեւանքով առաջացած համաշխարհային պարենային ճգնաժամի վտանգը՝ կարծում են փորձագետները։

Էրդողանի գրասենյակից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստամբուլում կստեղծվի արտահանվող բեռների փոխադրման համակարգող կենտրոն, որտեղ կընդգրկվեն ՄԱԿ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներ: Նախատեսվում է նավերի համատեղ վերահսկողություն իրականացնել` մեկնումից առաջ եւ ժամանումից հետո, ինչպես նաեւ ապահովել ուղիների անվտանգությունը:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարում է, որ եթե  հաջողվի լուծել այս խնդիրը, ապա ուկրաինական ճգնաժամի կարգավորման գոնե փոքր հույս կհայտնվի։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլյա Ամիրխանյանի կարծիքով՝ անկախ ամեն ինչից այդ փաստաթուղթը դրական տեղաշարժ կլինի  ու կարող է կամուրջ դառնալ հակամարտող երկու կողմերի միջեւ։

«Մինչև վերջին պահը միջնորդ կողմերի մոտ կասկածամտություն կար։ ՄԱԿ–ի վերջին հաղորդագրության համաձայն՝ կան հարցեր, որ մինչեւ վերջ պարզաբանված չէին եւ հնարավոր էր, որ համաձայնագիր չլիներ»։

Համաձայնագրի ստորագրումը զգալիորեն կբարձրացնի Թուրքիայի ու ՄԱԿ–ի վարկանիշը՝ համոզված է փորձագետը։

Պարենային ճգնաժամի, անգամ համաշխարհային սովի մասին հայտարարություններն ու զգուշացումները Լիլյա Ամիրխանյանն արժանահավատ չի համարում։ Ըստ վիճակագրության՝ միայն Եգիպտոսն է, որ տարիներ շարունակ հացահատիկը ստացել է Ռուսաստանից եւ Ուկրաինայից ՝ ասում է փորձագետը ու պարենային ճգնաժամի վտանգ տեսնում աֆրիկյան երկրների դեպքում։

«ԱՄՆ գյուղնախարարությունը հացահատիկի հարցում երկրների առաջատարությունը տարբեր չափորոշիչներով է տարանջատում ։ Ըստ ցանքատարածության՝ առաջատար են Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ, Ավստրալիան, իսկ բերքատվության տեսանկյունից առաջատար են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Եգիպտոսը, Չինաստանը։ Որպես հացահատիկ արտադրող երկրներ՝ առաջատար են Չինաստանը, Հնդկաստանը ու հետո Ռուսաստանը։ Սակայն հաշվի առնելով, որ Չինաստանն ու Հնդկաստանը ներքին սպառման կարիքներն են ապահովում, ստացվում է, որ արտադրող եւ արտահանող առաջին երկիրը ՌԴ-ն է ։ Այսինքն՝ ուկրաինական հացահատիկի արգելափակված լինելու եւ դրա համաշխարհային հետեւանքների մասին գնահատականներն Արեւմուտքի կողմից առնվազն հարցեր են առաջացնում»։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը աշխարհում պարենային ապրանքների դեֆիցիտը պայմանավորում է համավարակի սահմանափակումներով,   ռուս-ուկրաինական պատերազմով։  Կարծում է՝ ուկրաինական  հացահատիկը նավահանգիստներից դուրս բերելու քայլը ժամանակավորապես կմեղմի դեֆիցիտը։

«Դա ժամանակավորապես կմեղմի իրավիճակը, այս տարին լավ ու վատ կարող են փակել երկրները ու դեֆիցիտը ինչ–որ կերպ լրացնել, բայց կարծում եմ, որ եթե ճգնաժամը շարունակվի, այս պատկերը նաեւ հաջորդ տարիներին կունենանք։ Սա իրավիճակի ժամանակավոր բուժում է, որովհետեւ Ուկրաինայի տնտեսության վերականգնումը տասնամյակներ է պահանջելու՝ հաշվի առվելով միգրացիոն պատկերը, զոհերի, վիրավորների առկայությունը»։

Հայաստանի վրա հացահատիկային համաձայնությունն ուղիղ ազդեցություն չի ունենա, թերեւս միայն համաշխարհային գների հնարավոր նվազմամբ պայմանավորված կարող ենք որոշակի ակնկալիքներ ունենալ՝  ասում է տնտեսագետը։ Հայաստանը հացահատիկը ստանում է Ռուսաստանից , սակայն մեր երկրում որոշակի խնդիրներ առաջացրել է 44-օրյա պատերազմը։ Արցախի հացահատիկի արտերը մնացել են ադրբեջանական  վերահսկողության ներքո՝ հիշեցնում է  Գագիկ Մակարյանը՝ մատնացույց անելով մեկ այլ կարեւոր խնդիր՝  Հայաստանում նվազել են կարտոֆիլի ցանքատարածքները, ֆերմերները հրաժարվում են կարտոֆիլ մշակել եւ եթե վիճակը արագ չշտկվի, ապա Հայաստանում շուտով կարող է կարտոֆիլի դեֆիցիտ առաջանալ։

Back to top button