ԿարևորՀասարակություն

Օրենքի ընդունումից 2 տարի անց՝ առանց բռնագանձումների․ ինչպես վերադարձնել ապօրինի գույքը

Դատաիրավական համակարգում բարեփոխումների ռազմավարությունը գործադիրը թեև հաստատել է, խոստացել, որ հակակոռուպցիոն պայքարի մեխանիզմներն առաջիկայում ավելի հստակ են գործելու, բայց ոլորտը շարունակում է քննադատությունների թիրախում մնալ։

Հիմնական  դժգոհություններից մեկը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին։ Համապատասխան օրենքի ընդունումից գրեթե 2 տարի անց չկա այն առաջին բռնագանձումը, որը զգուշավոր կդարձնի նախկին և ներկա պաշտոնյաներին։ Այս տիրույթում կա մի բանաձև, որը վկայակոչում է անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ներկայացուցիչը։ Ըստ դրա՝ եթե չի ապահովվում ապօրինի գույքի վերադարձը պետությանը, նախկին պաշտոնյաները, որոնք ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ, այդ ունեցվածքը օգտագործում են իշխանության վերադառնալու համար։

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը, որը մշտապես մասնակցում է  վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արտախորհրդարանական  ուժերի հանդիպումներին, դժգոհ է կառավարության վերջին նիստում կայացված որոշումներից մեկից։ Խոսքը «Տոյոտա Երևան» ընկերության հետ համագործակցության մասին է․ այս տարվա փետրվարին կառավարությունը 5 միլիոն դոլար ընդհանուր  արժեքով ավտոմեքենաներ է գնել պարեկային ոստիկանության համար, նախօրեին կառավարության կողմից ևս 7.5 միլիոն դոլար է հատկացվել՝ արդեն  մարզերի պարեկային ծառայությունները նոր ավտոմեքենաներով զինելու համար։ «Այլ ձևակերպմամբ՝  ընդամենը 7 ամսում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է 12․5 միլիոն դոլարի գործարք»,– գրել է Նորիկյանը։

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից երկու տարի անց էլ  չկա գոնե մեկ ուժի մեջ մտած որոշում, որով պաշտոն զբաղեցրած անձի ու նրա ընտանիքի ունեցվածքը կճանաչվեր ապօրինի՝ վերադարձվելով պետությանը։ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կարրանզայի կարծիքով՝ 4 տարին բավարար չէ համակարգային փոփոխությունների համար։ Բայց այս հարցում, ըստ փորձագետի, կա հստակ մի բանաձև․

«Ապօրինի գույքի բռնագանձումը կարևոր է, ըստ փորձագետի, որպեսզի իշխանությունը կանխի կոռումպացված առաջնորդների վերադարձը իշխանության: «Եթե չեք կարողանում ապահովել ապօրինի գույքի վերադարձը պետությանը, նախկին պաշտոնյաները, որոնք ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ, այդ ունեցվածքը օգտագործելու են իշխանության վերադառնալու համար»,– ասում է Կարրանզան։

Իրավապաշտպանները կարևորում են ապօրինի գույքի վերադարձի ինստիտուտի կայացումը Հայաստանում։ Միաժամանակ ընդգծում են պատիժների հարցում թույլատրելիության գիծը չխախտելու կարևորությունը։ Նինա Կարապետյանց․

«Սա ինչ-որ մեկին ունեզրկելու ինքնանպատակ պրոցես չպիտի լինի, սա իրարից նեղանալու, քեն քշելու կամ ձեռից ինչ-որ գույք վերցնելու պրոցես պիտի չլինի, սա ինչ-որ տեղ դաստիարակչական պրոցես է, կանխարգելիչ գործիքակազմ, որովհետև յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պաշտոնյա պիտի իմանա, որ չի կարող իր պաշտոնում գտնվելով՝ ապօրինի գույքեր ձեռք բերի, այդպես անպատիժ մնա ու վայելի»։  

Մոտ երկու տարում դատախազության համապատասխան վարչությունը 574 անձի վերաբերյալ 345 նյութ է ստացել, 330 ուսումնասիրություն այս պահին ընթացքի մեջ է: 12 գործով արդեն հայց է ներկայացվել դատարան։ Բռնագանձման պահանջը, կազմում է շուրջ 200 անշարժ և շարժական գույք, 21 մասնակցություններ իրավաբանական անձանց և 20-21 մլրդի չափով դրամ: Դատարան ուղարկված գործերով քննություն սկսվել է դեռևս երկուսով՝ ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանի գործերի քննությունները։

Ըստ օրենքի՝ ապօրինի գույք ունենալու կասկածանքով իրավապահների ուշադրության կենտրոնում հնարավոր է հայտնվել, եթե նախկին ու ներկա պաշտոնյան կամ թմրամիջոցների շրջանառությանը վերաբերող քրեական գործերով անցնող անձինք 50 մլն դրամը գերազանցող գույք ունեն և չեն կարողանում հիմնավորել դրա ծագումը: Վարույթներից վերջինը վերաբերում է պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի առանձնատանը։ Թեև Օհանյանը և նրա կինն արդեն հերքել են շքեղ առանձնատուն ունենալու կասկածները, բայց Հայաստանի գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանի ներկայացմամբ՝

«Պարոն Օհանյանի գույքի հետ կապված հայցն արդեն դատարանում է, 12 գործերից մեկն է։ Դատախազությունն իր կատարած ուսումնասիրության արդյունքներով, դատախազության մոտ այդ ներքին համոզմունքը ձևավորվելու արդյունքում հայց է ներկայացրել դատարան, մնացածն արդեն դատարանի տիրույթում է։ Եթե դատարանը կգտնի, որ պատասխանողների դիրքորոշումն է ավելի արժանահավատ և հիմնավորված, մենք այդ դեպքում խնդիր չունենք։ Դեռ վաղ է դրա մասին խոսել, բողոքարկելու համար պետք է լինի դատական ակտ։ Եթե բողոքարկման հիմքեր լինի, բնականաբար կբողոքարկենք։ Եթե այնքան հիմնավորված կլինի կամ եթե դատարանում ներկայացվեն այնպիսի փաստարկներ, ապացույցներ, որոնք նախորդիվ ներկայացված չեն եղել, մենք էլ կարող ենք մինչև դատարանի ակտը կայացնելը հրաժարվենք մեր հայցից»։  

Նաև օրենքն է թույլ տալիս, որպեսզի պաշտոնյային պատժելու մտադրություններում դիտարկվի փոխզիջումային տարբերակը։ Դա հաշտության համաձայնությունն է։ Նման համաձայնություն կնքելու դեպքում պետությունն ի դեմս դատախազության, կարող է մինչև 25%-ի չափով ապօրինի ծագման գույքը զիջել սեփականատիրոջը՝ նվազագույնը 75%   բռնագանձելով հօգուտ պետության։ Հաշտության համաձայնությունը նորից դատարանն է հաստատում, բայց դատարանում վեճ չի լինում, հստակեցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վարչության ավագ դատախազը։ Նրա ներկայացմամբ՝ հարուցված վարույթները առնչվում են նաև 2018–ից հետո գործող իշխանության հետ ճանապարհ անցած անձանց։

«Ունեցել ենք բանակցություններ, որոնց մի մասը այդպես էլ նպատակին չի հասել՝ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով։ Գործերը գնացել են դատարան։ Ունենք նաև ընթացիկ բանակցություններ։ Բնականաբար, չեմ կարող դրանք հրապարակել, քանի որ գործընթացը գաղտնի է։ Բայց հիմնական խնդիրը հետևյալն է․քանի որ օրենսդրությունը նոր է և դեռևս չկա այն առաջին բռնագանձումը, մարդիկ ամեն դեպքում հույսեր են փայփայում, որ գուցե ինչ–որ բան ինչ–որ օր փոխվի, և չեն ցանկանում առաջին հաշտություն ստորագրողը լինեն»։

Իշխանությունը հայտարարում է նաև, որ առաջիկա ամիսներին կսկսի գործել հակակոռուպցիոն դատարանների ամբողջ շղթան:  Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ներկայացման ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վստահեցրել է, որ համակարգն ամբողջությամբ պատրաստ է աշխատելու։  

Back to top button