ԿարևորՔաղաքական

Հայաստան կժամանի ՄԱԿ-ի ԳԱ նախագահը

Հուլիսի 26-29-ը Հայաստան կժամանի ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ մի շարք հանձնարարականներ է տվել. որոշումը հրապարակվել է e–gov.am-ում։

Նա արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու ԱԳՆ պետական արարողակարգի
ծառայության պետ Լևոն Մինասյանին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի, պատվիրակության անդամներին ապահովել սննդով, ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում։

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պետք է ճանապարհային ոստիկանության անձնակազմեր հատկացնի ուղեկցության համար, իսկ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն ապահովի հյուրի անվտանգությունը։

Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ–ում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կատարվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։

Back to top button