
Netflix-ը ձեռք կբերի ավստրալիական Animal Logic անիմացիոն ստուդիան, որը ֆիլմեր է արտադրում հեռարձակողի համար, այդ թվում՝ «The Magician’s Elephant»-ը, որի ռեժիսորն է Վենդի Ռոջերսը և «The Shrinking of the Treehorns»-ը, որի ռեժիսորը Ռոն Հովարդն է, գրում է Variety-ն:
Animal Logic-ը, որի համահիմնադիրն է Զարեհ Նալբանդյանը, ունի մոտ 800 աշխատակից, որոնք հիմնականում տեղակայված են Սիդնեյում և Վանկուվերում:
«Գնումը կօգնի մեզ արագացնել մեր անիմացիոն արտադրության հնարավորությունների զարգացումը և կամրապնդի մեր հանձնառությունը՝ կառուցելու համաշխարհային մակարդակի անիմացիոն ստուդիա»,-ասվում է Netflix-ի` բաժնետերերին ուղղված նամակում:
Ընկերությունը չի բացահայտել Animal Logic-ի գնման գինը, սակայն ասել է, որ կֆինանսավորի ձեռքբերումը՝ ձեռքի տակ եղած կանխիկ միջոցներով:
«Միասին մենք կստեղծենք անիմացիոն ստուդիա, որը կարտադրի մեր ամենամեծ անիմացիոն գեղարվեստական ֆիլմերից մի քանիսը»,-ասվում է Netflix-ի նամակում:
1991 թվականին հիմնադրված Animal Logic-ը նաև տեսողական էֆեկտներ է ստձեղծել ֆիլմերի համար, որոնց թվում են «Մատրիցա»-ն, «Մուլեն Ռուժ»-ը, «300»-ը, «Մեծն Գեթսբի»-ն և «Կապիտան Մարվել»-ը:
Netflix-ը նշել է, որ Animal Logic-ը՝ գլխավոր տնօրեն և համահիմնադիր Զարեհ Նալբանդյանի գլխավորությամբ, կշարունակի գործել Animal Logic ապրանքանիշի ներքո և «կկատարի առկա և ընթացիկ պարտավորությունները՝ շարունակելով համագործակցել և աշխատել ստուդիայի երկարամյա գործընկերների հետ»:
Netflix-ի տարածած հայտարարության մեջ Նալբանդյանն ասել է. «30 տարի մեծ մարդկանց հետ մեծ աշխատանք կատարելուց հետո սա հերթական կատարյալ քայլն է Animal Logic-ի համար: Մեր հավաքական փորձը և տաղանդը նոր դռներ կբացեն մեր թիմերի համար և կգեներացնեն ստեղծագործական նոր մակարդակ անիմացիայի ոլորտում»:




