
Փամբակի լանջին գտնվող Լեռնաջուր համայնքում 30 տնտեսություն կա՝ 60-70 բնակչով, բայց մշտական բնակիչները, որոնք նաև ձմռանն են գյուղում մնում, 10-ն են: Լեռնաջրում կյանքն աշխուժանում է հատկապես ամռանը։ Գյուղացիները զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ, մեղվապահությամբ ու ձկնաբուծությամբ: Ասում են՝ ենթակառուցվածքների զարգացման դեպքում մշտական բնակիչների թիվը կավելանա: Գլխավոր չլուծված հարցը միջհամայնքային ճանապարհն է, որի պատճառով հովեկները դժվարանում են գյուղ հասնել:
31-ամյա Գևորգ Աբազյանը Լեռնապատ գյուղից է տեղափոխվել Լեռնաջուր: Այս տարի արտագնա աշխատանքի չի մեկնել, որոշել է իր տնտեսությամբ զբաղվել՝ տունը վերանորոգել, գոմ կառուցել և մշտապես մնալ գյուղում.
«Անցած տարի էլ այստեղ չեմ եղել, Մոսկվայում էի, աշխատեցի, լավ էր, վատ չէր, բայց մերն ուրիշ է: Ավելի լավ է մեր համար աշխատենք՝ անասուն պահենք, մեր եղածը զարգացնենք, ծաղկեցնենք, որ հետո մեր երեխեքին տալու բան ունենանք, թե չէ խոպանով ինչ պտի անենք. Գնում ենք, գալիս, նորից գնալու ժամանակն է լինում»:

Գևորգը հիմա անասնապահությամբ է զբաղվում՝ 12 խոշոր եղջերավոր անասուն ունի, այդքան էլ՝ հորթեր, վիետնամական խոզեր: Կաթն իրենք են մշակում, մի մասն էլ հանձնում վերամշակողներին: Փոքր ֆերման աշնանը կհամալրի նաև մանր եղջերավորներով: Սեփական հողամասը 3700քմ է, բայց սարերում 6 հա խոտհարք է վարձակալել.
«Սարերի վրա ձյունն ընդհանրապես չի հալվում: Ես ամռանը բարձրանում եմ ձյուն ուտելու: Այնտեղ մեծ տարածքներ են, որոնց կեսն իմն է: Անասունները միայն աշնանն ենք բարձրացնում սարեր, երբ խոտը հնձել, բերել, տեղավորել ենք. ձիով տանում, ձիով բերում ենք»:

Քիչ բնակչությամբ փոքր գյուղում 400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն են պահում: Բացի անասնապահությունից տեղացիները զբաղվում են մեղվապահությամբ և ձկնաբուծությամբ: Տրդատ Իսմայիլյանը Վանաձորից 20 տարի առաջ է հաստատվել Լեռնաջրում, փորձառու մեղվապահ է.

«Ես մեղու եմ պահում, բոստան ունենք, հող ենք մշակում՝ կարտոֆիլ, կաղամբ, բրոկոլի, ծնեբեկ, տարբեր կանաչիներ, ծառ ու այգի: Մենք այստեղ ոչ մի տեսակի պարարտանյութ չենք օգտագործում, բույսերը չենք սրսկում: Ամեն ինչ բնական է, պարարտանյութը՝ գոմաղբը, որովհետև այստեղ օրգանական մեղվապահություն կա, չի կարելի»:
Տրդատն էլ է իր փեթակներից օրգանական մեղր քամում, սպառում տեղական շուկայում: Անցած տարի երաշտի պատճառով ակնկալվող մեղրի կեսն էր չէր ստացել, շոգն ազդել էր նաև ձկների վրա.

«Մանրաձուկ էինք բերել, բայց գետն այնքան էր բարակել ու տաքացել, որ ձկներն անկեցին: Սևանի կարմրախայտ էր, ջրի ջերմաստիճանը պետք +14 աստիճան լիներ, բայց մեր գետինը հասել էր +20 աստիճան ու ավելի: Մանրաձկները 2 օրում հիվանդացան ու սատկեցին»:
Գյուղացիները խմելու ջուրը սարերի բնական աղբյուրներից են բերել գյուղ: Իրենց միջոցներով շուրջ 2 կմ ջրագիծ են անցկացրել և ազատվել ջրի վարձից: Տրդատ Իսմայիլյան.
«Սարից դուրս եկող աղբյուրի շուրջը մաքրել ենք, բետոնապատել, ծածկել ու ջուրը բերել գյուղ»

Գևորգը բակում որոշել է ջրավազան կառուցել, խմելու մաքուր ջրով նաև ձկներ աճեցնել, իսկ Տրդատը՝ գետի ափին: Լեռնաջրում 30 տնտեսություն կա՝ 60-70 բնակչով, բայց մշտական բնակիչները 10 են, որոնք նաև ձմեռում են գյուղում: Լեռնաջրում կյանքն աշխուժանում է հատկապես ամռանը.
«Շատ են գալիս. սարվորներն անասուններին են բերում, ամառանոցներում են գալիս մնում, ձկնաբուծությամբ զբաղվողներն են գալիս, տարբեր տեղերից՝ մեղվապահները: Այստեղ բնությունը շատ լավն է»:

Բայց գյուղի ճանապարհներն են անբարեկարգ, ձյան ու անձրևի ժամանակ դառնում են անհաղթահարելի: Անբարենպաստ եղանակին տեղացիները գյուղ են հասնում ամենագնացներով:
«Ճանապարհը մի 5 կմ քանդված է: Մի քիչ դժվար է գնալ-գալը, դա էլ կսարքեն, հո ամեն օր չենք գնում-գալիս»:
Լեռնաջուր գյուղի վարչական ղեկավար Սարգիս Հակոբջանյանն էլ է պնդում, որ առաջնային խնդիրը ճանապարհի նորոգումն է։

«Մենք առաջարկել ենք ճանապարհի հարցը լուծել՝ Լեռնապատից մինչև Լեռնաջուր գյուղի կենտրոն: Այս տարի սուբվենցիայով նախատեսել են գիշերային լուսավորության խնդիրը լուծել, ֆոտովոլտային կայաններ են տեղադրելու: Շինարարաները եկել, նայել են»:
Սարերի մեջ ծվարած գյուղում գիշերային լուսավորությունն անհրաժեշտություն է, քանի որ սարերում արջեր, գայլեր, փորսուղներ ու վայրի կենդանիներ կան, երբեմն գյուղ են իջնում:
«Արջը խնձորի սեզոնին իջնում է գյուղ, ճյուղերը ջարդում, խնձորն ուտում է»:
Սարգիս Հակոբջանյանի խոսքով՝ հարկերը դժվարությամբ է հավաքում. նախորդ տարի մի կերպ են այս տարվա սուբվենցիային մասնակցելու գումարը հավաքել: Լեռնաջրում գյուղական տուրիզմի կենտրոն են կառուցել, բայց ճանապարհի պատճառով հովեկները դժվարանում են գյուղ հասնել, մինչդեռ տուրիզմը, գյուղացիների կարծիքով, սոցիալական շատ խնդիրներ կլուծեր:




