ԿարևորՀասարակություն

Գնել Սանոսյանը Ռինդում ծանոթացել է ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վայոց ձորում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին։

Նախարարը մարզպետ Արարատ Գրիգորյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» դիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետերի ուղեկցությամբ Ռինդ բնակավայրում ծանոթացել է ֆուտբոլի դաշտի կառուցման և փողոցային լուսավորության ցանցի շինարարական աշխատանքներին։ Այս ծրագրերի բյուջեն կազմում է 153,1միլիոն դրամ։ Իրականացվում է պետություն/համայնք համաֆինանսավորմամբ։

Նախարարը այցելել է նաև Ռինդ համայնքի մանկապարտեզ, որը կապիտալ հիմնանորոգվել և շահագործման էր հանձնվել 2021 թվականին։ Մանկապարտեզի հիմնանորոգումն արժեցել էր ավելի քան 120 մլն դրամ։

Հաջորդ կանգառը Աղավնաձոր բնակավայրն էր։ Այստեղ կրկին սուբվենցիոն ծրագրով, 100 միլիոն դրամ բյուջեով իրականացվում է ներհամայնքային ճանապարհի 1 կմ հատվածի ասֆալտապատում և գազաֆիկացում։

Նա ծանոթացել է նաև Գետափի հին գերեզմաններ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին։ Ծրագրի բյուջեն 45 միլիոն դրամ է։

Նախարար Սանոսյանը կանգառ է կատարել նաև Եղեգնաձոր համայնքում և ծանոթացել Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի կառուցման աշխատանքներին։ Դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Արժեքը՝ 122,8 միլիոն դրամ։

Եղեգնաձորում նախարարը ծանոթացել է նաև Ալավերդյան փողոցի նորոգման և լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 32 միլիոն դրամ է։

Back to top button