ԿարևորՀասարակություն

Բաքուն խաղաքարտ՝ Եվրոպայի ձեռքին ընդդեմ Ռուսաստանի․ ի՞նչ  խնդիր է լուծվում գազային գործարքով

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համաձայնագիր է ստորագրել ՝ մինչև 2027 թվականը բնական գազի  ներմուծման ծավալները կրկնապատկելու մասին։ ԵՀ-ի նախագահը թվիթերում գրառում է արել․

«ԵՄ-ն անցնում է էներգիայի ավելի հուսալի մատակարարների։ Այսօր ես Ադրբեջանում եմ՝ նոր համաձայնություն ստորագրելու համար։ Մեր նպատակն է՝ մի քանի տարում կրկնապատկել Ադրբեջանից Եվրամիությանը մատակարարվող գազի ծավալները։ Ադրբեջանը լինելու է կարևոր գործընկեր՝ մեր մատակարարումների անվտանգության տեսանկյունից և կլիմայական չեզոքության մեր ճանապարհին»։

ԵՀ պաշտոնյաների գնահատմամբ՝ Ռուսաստանն էներգետիկ մատակարարումներն օգտագործում է որպես զենք: Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառույցը մտադիր է նվազեցնել  Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը։ Մոսկվան հերքում է, որ գազը որպես զենք է օգտագործում ԵՄ-ի դեմ, սակայն ռուսական մատակարարումները վերջին շաբաթների ընթացքում նվազել են ավելի քան 60 տոկոսով: Ադրբեջանը չունի գազի այնքան պաշար, որ կարողանա այլընտրանք դառնալ Եվրոպայի համար՝ փաստում են փորձագետները, արձանագրելով նաև, որ այդպիսով Ադրբեջանը անհաճո քայլ է անում Ռուսաստանի նկատմամբ։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան․

«Սա հակասում է Պուտինի և Ալիևի այս տարվա փետրվարին ստորագրված դաշնագրային հռչակագրի 25-րդ կետին, որտեղ նշված է, որ իրենց գործունեությունը չպետք է հակասի այլ պետությունների շահերին։ Խոսքը տնտեսական գործունեության մասին է։ Դրանից հետո, երբ Ալիևը հանդիպում ունեցավ ռուսական մի շարք լրատվամիջոցների հետ , այդ հարցը կրկին հնչեցվեց՝ արդյո՞ք  ԵՄ-ի հետ գազային գործարքների կգնան։ Նա շատ զգուշավոր էր խոսում՝ նշելով, որ դա պետք է արվի բացառապես ռուսական կողմի հետ համաձայնությամբ»։

Թե ԵՀ-ի հետ համաձայնության գալով որքանով է Բաքուն հաշվի նստել Մոսկվայի ցանկությունների հետ, փորձագետը դժվարանում է պատասխանել, փոխարենը մեկ բան հստակ է․ անկախ կապույտ վառելիքի քանակից Ադրբեջանը փորձում է դառնալ տրանզիտային ճանապարհ հնարավոր մատակարար երկրների և Եվրոպայի միջև։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ այդպիսով Ադրբեջանը միանում է Եվրոպայի քարոզչական պայքարին՝ ցույց տալով, որ ռուսական գազին այլընտրանք կա։

«ԵՄ-ի համար կարևոր քայլ է Ադրբեջանի կողմից գազի մատակարարումը տարեկան 8-ից մինչև 20 մլրդ խմ հասցնելը։ Դա առավելագույն  քանակությունն է, որն այս պահին տեսականորեն ԵՄ-ն կարող է ստանալ Ադրբեջանից , գործնականում սրան հասնելու համար պետք է գոյություն ունեցող գազամուղի արդիականացում իրականացնել»։  

Մասնագետի խոսքով՝ Ռուսաստանի համար այս համաձայնագիրը մեծ վտանգներ չի պարունակում, Բրյուսել-Բաքու գազային համագործակցությունն իրապես վտանգավոր կդառնա, եթե Ադրբեջանը համաձայնության հասնի Թուրքմենստանի հետ գազատար կառուցելու և «Հարավային գազային միջանցքին» միանալու շուրջ։ Ռուսաստանին լիարժեք այլընտրանք կարող է դառնալ Իրանը, որն այս պահին դեպի Եվրոպա գազամուղ չունի։

Ռուսաստանը մատակարարում է ԵՄ-ի բնական գազի 40 և նավթի 27 տոկոսը։ Դրա դիմաց ԵՄ-ն Ռուսաստանին վճարում է տարեկան 400 մլրդ եվրո։  Եվրոպան ադրբեջանական գազ է ստանում 2020-ի դեկտեմբերից՝ Տրանսադրիատիկ գազատարով (TAP), որը դեպի Եվրոպա գազ փոխադրող «Հարավային գազային միջանցքի» մաս է։ Տրանսադրիատիկ գազատարի տարողունակությունը տարեկան 10 մլրդ խորանարդ մետր է՝ ծավալի կրկնապատկման հնարավորությամբ։ Չնայած TAP-ի միջոցով Եվրոպային մատակարարվող գազի ծավալները էական են, սակայն չեն կարող փոխարինել Ռուսաստանից ներկրվող 155 մլրդ խմ գազի ծավալները։ ԵՀ-ի հետ Ադրբեջանի կնքած  գործարքը դեռևս իրական սպառնալիք չէ ռուսական գազին, ուստի  կտրուկ գնահատականեր չեն լինի, սակայն ապագայում Ռուսաստանը հաշվի կառնի ադրբեջանի այս պահվածքը՝ կարծում է Տարոն Հովհաննիսյանը.

«Չեմ կարծում, թե հայտարարությունների հռետորաբանության մակարդակով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կսրվեն, բայց կարծում եմ՝ Ռուսաստանում այս ամենը հաշվի առնում են և կառնեն։ Ապագայում դա, միանշանակ,  կարող է ազդեցություն ունենալ  Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների վրա։ Ուղղակի այս պահին Ռուսաստանը չի ցանկանում և հնարավորություներն էլ այնպիսին չեն , որ շատ մեծ ռեսուրսներ կենտրոնացնի այս տարածաշրջանում»։ 

Ինչպես բռնապետը դարձավ վստահելի գործընկեր՝ տարակուսում են եվրոպացի հասարակական և հանրային գործիչները՝ արձանագրելով, որ գազի որոնումները Եվրոպային տանում է մի դիկտատուրայից մյուսը՝ պուտինյան Ռուսաստանից ալիևյան Ադրբեջան։ ԵՄ-ն ժողովրդական արժեքներ կրող և դավանող կառույց է, սակայն երբ հերթը հասնում է տնտեսական գործարքներին, կառույցը աչք է փակում իր դավանած արժեքների վրա։

Back to top button