ԿարևորՀասարակություն

Արցախում ամբողջությամբ այրվել է 4 տուն․ տուժածներ չկան

Հուլիսի 18-ին՝ ժամը 18:10-ին Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում բռնկված հրդեհի մասին:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բնակելի տուն: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Աստղաշենի հրշեջ հենակետի մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով:

Գնահատելով իրավիճակի լրջությունը Ասկերանի ՀՓՄ-ից ևս մեկ մարտական հաշվարկ մեկնել է օգնության: Ուղեկցվող թեթև քամու միջոցով հրդեհն արագ տարածվել է հարևանությամբ գտնվող փայտե կոնստրուկցիաներից կառուցված հին շինություններում և բնակելի տներում:

Ասկերանի հրշեջ փրկարարներին միացել են ԱԻ ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներական ևս 2 մարտական հաշվարկ, այնուհետև Բերքաձորի հենակետի փրկարարները:

Դեպքի վայրում անձնակազմին ցուցումներ են տվել նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն ու տեղակալ Սամվել Հայրումյանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:10-ին: Ըստ նախնական տեղեկության՝ ամբողջությամբ այրվել է իրար մոտ գտնվող 4 տուն:

Բարեբախտաբար տուժածներ չկան: Հրդեհի վերաբերյալ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Back to top button