ԿարևորՀասարակություն

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ը տոնում է 31-րդ տարեդարձը

Այսօր՝ հուլիսի 18-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի տեղակալներ Արտյուշ Գրիգորյանը, Դավիթ Համբարյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն այցելել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարան (ԳԵԴ):

ԱԻՆ պաշտոնյաները մասնակցել են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ստեղծման 31-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը: Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է աշխատակիցներին՝ մաղթելով արդյունավետ և ձեռքբերումներով լի աշխատանք:

Միջոցառման ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը շնորհավորել է գործընկերներին և ներկայացրել տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները և առաջիկա անելիքները:

Սոս Մարգարյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին միացյալ երկրաֆիզիկական ծառայության «Սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման ժամանակակից մեթոդները» խորագրով միջազգային սեյսմոլոգիական ամենամյա 17-րդ դպրոցը նախատեսվում է իրականացնել Հայաստանում:

Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի Շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի աջակցությամբ տեղադրվելու են նոր կայաններ, սերտացվելու է գիտության ոլորտում համագործակցությունը: Եվրամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժերի «զգացվածության» հավելվածը կունենա նաև հայերեն բաժին, նախատեսվում է այն կիրառելի դարձնել ՀՀ-ում, հատկապես դպրոցականների շրջանում:

Միջոցառման ավարտին «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հիմնադրման 31-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ծառայության կայացման գործում նշանակալի ներդրում ունեցած աշխատակիցները պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով: 

 

Back to top button