ԿարևորՔաղաքական

Վրաստանը՝ միջնո՞րդ, թե՞ հարթակ. Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Այսօր առաջին անգամ Թբիլիսիում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։  Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հանդիպեցին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։

Վերջինս շեշտեց՝ Վրաստանի միջնորդական նախաձեռնությունը հաջողությամբ է իրականացվում, Վրաստանի՝ որպես միջնորդ երկրի ջանքերով երկու երկրների ղեկավարների հետ բանակցային գործընթացն արդեն իսկ տվել է կոնկրետ և շոշափելի արդյունքներ։

Այսօր առավոտյան Թբիլիսի ժամանեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրեթե նույն ժամերին նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյուն Բայրամովը։ Երկու երկրների նախարարներին նախ ընդունեցին վրացի պաշտոնյաները՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։  

Առաջին անգամ հայ և ադրբեջանցի պաշտոնյաները երկկողմ հանդիպում անցկացրին Վրաստանում, որը դեռ պատերազմի օրերին կոչ էր անում Երևանին և Բաքվին հանդիպել Թբիլիսիում, երկխոսել և վերջ դնել հակամարտությանը։

Հայ-ադրբեջանական երկխոսության հարցում Վրաստանում իշխանությունների ակտիվությունը ընդհանուր առմամբ ողջունում է և տեղի ընդդիմությունը, և քաղհասարակությունը, սակայն տարբեր կերպ է մեկնաբանվում։ Արդյո՞ք Թբիլիսին այսպիսով հայ-ադրբեջանական երկխոսության հարթակ է դառնում։ 

Փորձագիտական որոշ շրջանակներ պնդում են, որ Թբիլիսին չի կարող միջնորդ լինել, ընդամենը կարող է տարածք տրամադրել, հարմարավետ միջավայր ստեղծել, թեյ ու սուրճ հյուրասիրել, դուռը փակել հանգիստ եկխոսելու համար։

«Վրաց-եվրոպական ինստիտուտի» ղեկավար Գիորգի Մելաշվիլին կարծում է, որ սա բրյուսելյան հանդիպման տրամաբանական շարունակությունն է Թբիլիսիում, ցույց է տալիս, որ Արևմուտքը փորձում է ակտիվանալ Կովկասում և մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով․

«Վրաստանը, որ ձգտում է դեպի Եվրոպա, լավ հարաբերություններ ունի հակամարտության երկու կողմերի հետ, կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն Արևմուտքի հետ միասին»։ 

Միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Թումասյանը, սակայն, նշում է՝ «հաշվի առնելով, որ Վրաստանի իշխանությունները ռուս օլիգարխի խամաճիկներն են, հանդիպումը կարելի է համարել տեղի է ունենում Մոսկվայում՝ ուղղակի Թբիլիսիում անցկացնելով, շեղում է ուշադրությունը»։

Նա նկատում է՝ վարչապետ Ղարիբաշվիլին ոչ ներքաղաքական, ոչ միջազգային որևէ քաշ չունենալու պատճառով չի կարող առաջնորդել նման հանդիպումները, ընդհանրապես Վրաստանը չի կարող չեզոք տարածք լինել բանակցությունների համար, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մասնակցում է տնտեսական, էներգետիկ և ռազմական նախագծերում․ 

«Հայկական կողմը չպետք է հետաքրքրված լինի նման հանդիպումներով․ միայն ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահության ներքո պաշտոնական ձևաչափն է ձեռնտու հայկական կողմին։ Այս պարագայում փաստացի տեղի է ունենում այն, որ ՌԴ-ն դուրս գալով ՄԻՆՍԿ-ի համանախագահությունից, կարողանում է փոխել հանդիպման գլխավոր վայրը։ Այս ֆորմատը չի բխում Հայաստանի շահերից»։ 

Վրացի կոնֆլիկտաբան Գիորգի Կանաշվիլին հավելում է, որ սա ուղղակի խորհրդանշական հանդիպման հարթակ է, ինչը դրական երևույթ է ողջ տարածաշրջանի երկրների համար, սակայն Վրաստանը չի կարող էական դերակատարություն ունենալ․

«Վրաստանն իրապես ուզում է դրական դեր խաղալ պատերազմող հարևանների երկարամյա հակամարտություն վերջնականապես լուծելու հարցում։ Թբիլիսին կարողանում է այդ գործընթացներին աջակցելու դերակատարություն ունենալ, բայց իրատես լինենք, էական ռեսուրս չունի ազդել կամ ստիպել կողմերին խաղաղության գնալ։ Վրաստանը կարող է միայն լինել հարթակ, վրացի պաշտոնյաները՝ միջնորդ Ալիևի և Փաշինյանի երկխոսության համար»։

44-օրյա պատերազմի օրերին վրացի մի խումբ փորձագետներ դիմել էին երկրի վարչապետին՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ Թբիլիսիում հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ։ Վրաստանի իշխանությունները բազմիցս շեշտել են իրենց պատրաստակամությունը երկխոսելու միջնորդություն ստանձնելու, հարթակ տրամադրելու մասին։

Այսօր պաշտոնական Թբիլիսին հայտարարում է, որ Վրաստանի միջնորդական նախաձեռնությունը հաջողությամբ է իրականացվում․  «Վրաստանում այսօր առանձնահատուկ օր է։ Թբիլիսին հյուրընկալում է շատ կարևոր երկխոսություն, որը սկսվել է երկու հարևան երկրների միջև, համատեղ ջանքերով կփորձենք ապահովել մեր տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը՝ ողջունելով հայ և ադրբեջանցի գործընկերների թբիլիսյան հանդիպումը։ 

Back to top button