ԿարևորՀասարակություն

2021-ին 260 մարդ Հայաստանից ապաստան է խնդրել

Իրենց երկրներում ծանր կացության մեջ հայտնված և Հայաստանից պաշտպանություն խնդրող անձանց խնդիրները պետք է նվազագույնի հասցվեն․ Միգրացիոն ծառայությունն ու ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը շահագրգիռ կողմերի հետ դա անելու տարբերակներն են քննարկում։ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը կվերանայվի, ստեղծվելիք աշխատանքային խումբը կքննարկի ամենաարդյունավետ տարբերակները։

Հայաստան եկող փախստականների համար երկիրն ավելի հարմար ու ապահով կդառնա․ միջազգային պաշտպանությանն առնչվող օրենսդրությունը 2008 թվականից ի վեր առաջին անգամ լուրջ է փոփոխությունների ենթարկվելու։ Ոլորտի պատասխանատուները նշում են՝ տարիների ընթացքում փոխված իրողությունները համապատասխան իրավական ու օրենսդրական ամրագրումների կարիք ունեն։ Մանրամասնում է Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը․

«Մենք ունենք բազմաթիվ իրողություններ, որոնք դրսևորված չեն օրենքում։ Օրինակ՝ Հայաստանի օրենսդրության մեջ բացի ապաստանի տրամադրումից այլ օժանդակ պաշտպանության միջոցներ առկա չեն, ի տարբերություն բազմաթիվ երկրների։ Նույնիսկ մեր հարևան Վրաստանն իր օրենսդրության մեջ ունի, այսպես կոչված, ժամանակավոր կամ հումանիտար պաշտպանության մեխանզիմները։ Ինչպես նաև ընթացակարգային բազմաթիվ հարցեր են կուտակվել՝ կապված ծանուցումների, մարդկանց տվյալների հավաքագրման հետ։ Այս բոլոր խնդիրները պետք է իրենց օրենսդրական լուծումները գտնեն»,- ասում է Ղազարյանը։

Այս խնդիրները լուծելու համար աշխատանքային խումբ կստեղծվի։ Միգրացիոն ծառայությունն ու ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը համատեղ մեկնարկել են քննարկումների շրջանը, որին ներգրավված են լինելու բոլոր շահագրգիռ կողմերը՝ Ոստիկանություն, Դատախազություն, Արդարադատության նախարարություն, քաղհասարակություն և այլն։ ՄԱԿ Փախստականների Գործակալության միջազգային պաշտպանության ղեկավար Անդրեյ Արյուպինը ներկայացնում է այն բացերը, որոնք նման փոփոխությունների անհրաժեշտություն են առաջացրել․

«Խնդիրներից առաջինն է այն, որ ապաստան հայցողը լեզվին չի տիրապետում, պետությունը պետք է միջոցներ տրամադրի, որ ամեն ապաստարան հայցողի համար պատշաճ թարգմանություն ապահովվի։ Երկրորդը՝ հարկավոր է հզորացնել այս գործերը քննող դատարանների կարողությունները։ Գործընթացը երկարում է, հաճախ տարիներ են անցնում, մինչ դատարանը որոշում է կայացնում»։

Խնդիր են նաև ապաստարան հայցողների կացարանի պայմանները։ Արտասահմանում այդ կացարանները հայտնի են ճամբար անունով։ Շենքային պայմանները Հայաստանում բարվոք չեն, թեև այդ խնդիրը լուծելու ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ տարվում են։

2010 թվականին Հայաստանից ապաստան է հայցել 68 մարդ, փախստական է ճանաչվել 25-ը, 2021-ին՝ հայց ներկայացրել է 260-ը, փախստական ճանաչվել 78-ը։ Ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 2012-ին, երբ ապաստանի հայց է ներկայացրել 579, փախստական ճանաչվել 390 մարդ։

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշում է՝ հարցը կարգավորելու համար երեք հիմնական քայլ կա՝ ինստիտուցիոնալ փոփոխություն՝ ի դեմս ներքին գործերի նախարարության ստեղծման, օրենսդրական փոփոխություն և պատշաճ գործիքակազմով ու մեթոդաբանությամբ աշխատող անձանց ներգարվում։

«Խնդիրն ավելի է սրվում, երբ խոսում ենք այնպիսի անձանց մասին, ովքեր թեև չեն հավակնում ստանալու փախստականի կարգավիճակ, այսինքն՝ չունեն այն բավարար պայմանները, որոնք թույլ կտան նրանց տալ փախստականի կարգավիճակ, սակայն օգտվում են, օրինակ, չվերադարձնելիության սկզբունքից։ Հետևապես շատ կարևոր է, որ պետությունն այսպիսի անապահովության զգացում ունեցող անձանց հետ ճիշտ քաղաքականություն վարի և տրամադրի լրացուցիչ պաշտպանության միջոցներ»,- նշում է արդարադատության փոխնախարարը։

«Փախստականների և ապաստանի մասին» օրենքի վերանայումը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ՍԵՊԱ-ի շրջանակներում իրականացվող բարեփոխումների տրամաբանության մեջ է։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ խնդիրն օրակարգում էր, նույնիսկ եթե չլինեին ՍԵՊԱ-յով ենթադրվող պարտավորությունները։ Ասում է՝ Հայաստանից ապաստան խնդրող միջինում 220 անձինք, որոնք իրենց երկրում ծանր կացության մեջ են հայտնվել, մեր երկրում իրենց ապահով ու պաշտպանված կզգան։

Back to top button