ԿարևորՀասարակություն

Ոռոգման ջուրը՝ հողերի դեգրադացման պատճառ. Պտղունքում խաղողի ու ծիրանի այգիները չորացել են

Արմավիրի մարզի Պտղունք գյուղում ոռոգման ջրի պատճառով հողերը չեն մշակվում, դեգրադացվում են: Նախկին ծիրանի ու խաղողի այգիները վերածվել են  ամայի տարածքների: 282 հա գյուղատնտեսական նշանակության հողերի չնչին մասն է մշակվում, մինչդեռ խորհրդային տարիներին  գյուղի տարածքներն  աչքի է ընկել բարձր բերքատվությամբ

Երևան-Էջմիածին խճուղու աջ ու ձախ կողմերում կանաչ այգիներ էին, ոռոգման խնդիր չկար, դրա համար էլ գյուղն անվանվել է Պտղունք՝ հիշում են գյուղամիջյան տաղավարում հավաքված տարեցները:  Հիմա ոռոգման ջրի խնդիր ունեն, կանաչի փոխարեն չորացած հողեր են։

 «Խողովակներն այն ժամանակ կտրեցին տարան՝ Սաշիկը: Բողոքեցինք, ցույցեր արեցինք, երևի նկատեցին, որ ժողովուրդը դժգոհում է՝ երկու օր չեկան, մի օր էլ գիշերով դրել, երկու գծերն էլ կտրել, տարել էին: 1000-անոց փակ խողովակներ էին, Սև ջրից ջուր էր գալիս մեզ: Մի գիծ մնաց, էն էլՄանվելը կենդանության օրոք,բոլոր փականները կտրեց, փակեց, ասաց՝ այս ջուրը միայն իմն է, մարդ ձեռք չտա: Ո՞վ կհամարձակվեր ձեռք տար»:

Այգիների չորացմանը նպաստող  ևս մեկ պատճառ  էլ են մեջբերում. Զվարթնոցում գործող սպիրտի արտադրամասի արտադրական թափոնները  ոռոգման ցանցով հասնում էին մշակովի հողեր ու վնասում  այգիները։

«Հակոբ Հակոբյանը սպիրտի արտադրամաս ուներ, արտադրամասի ամբողջ դուրդը գիշերով լցնում էր ջրանցքը: Մենք էլ այգիները գիշերով էինք ջրում.  2 օր հետո տեսանք ողկույզը վազի վրա միանգամից չորացել է: Շատ բողոքեցինք՝ մինչև փակեցին»:

Հողերի մշակումից գյուղացիները հիասթափվեցին ու այլ աշխատանք գտան հարակից գյուղերում, Երևանում ու Էջմիածնում: Ոռոգման ջուր հիմա էլ չունեն: Համայնքի վարչական ղեկավար Արևիկ Ավագյանի խոսքով՝ փորձում են խնդիրն աստիճանաբար լուծել: Անցած երկու տարում   ոռոգման  ներքին ցանցում կիսախողովակներ են տեղադրվել:

«Երկու տարի առաջ  ոռոգման ներքին ցանցը վերակառուցվեց, տեղադրվեցին նոր նավակներ: Այս տարի  27 օգտագործված նավակներ ենք տեղադրել և որոշակիորեն բարելավել համայնքի տնամերձ հողամասերի ոռոգումը»:

Կիսախողովակները կառուցել են գերնորմատիվային հողերի տարածքում, որտեղ ջրի կորուստ կա: Գյուղացիների խոսքով՝ մշակվում են միայն ջրանցքի շրջակայքի հողերը: Այդ հատվածում են Վարազդատ Հայրապետյանի  ծիրանի ու խաղողի այգիները, բայց  ծիրանի այգին մի քանի տարի առաջ քանդել է։

«Ձեռնտու չէր ծիրանի մշակությունը, մի կերպ էի իրացնում, տաքսիով տանում էի Երևան-Էջմիածին խճուղու վրա ու վաճառում: Ստիպված քանդեցի: Ջրանցքին մոտ՝ վերևի մասում, գրեթե 3 հա հողատարածքն է միայն մշակվում, ներքևում ջուր չկա»:

Համայնքի նախկին ավագանու անդամ Սևակ Ազիզյանն էլ խաղողի այգի ունի. մեծ մասը սեղանի տեսակներ են: Ասում է՝ գյուղ է, բայց հողագործությամբ չեն զբաղվում: Գյուղատնտեսական աշխատանքների բուն շրջանում Պտղունքից աշխատուժ չի կարողանում գտնել։

«Դա արդեն խնդիր է: Ես ստիպված գնում եմ 4-րդ սովխոզ՝ Ոսկեհատ գյուղ, այնտեղ ագրոմիավորում կա, մարդկանց այնտեղից եմ բերում, տանում ենք, գործն արվում է»:

Սևակ Ազիզյանի կարծիքով՝ ոռոգման ջրի կառավարումը ճիշտ չի կազմակերպվում: Համայնքում 4 խորքային հոր կա, որից  3-ը չի աշխատում: Մաքսիմ Մուրադյան.

 «Մեկն իմ հողի մեջ էր, բայց  արդեն 20 տարի չկա»:

Չաշխատող հորերից մեկը փորձաքննության է ենթարկվել, որի գործարկման հավանականությունը մեծ է՝  հույս է հայտնում Պտղունքի  վարչական ղեկավար Արևիկ Ավագյանը: Գյուղամիջում  խորքային հոր էլ կա, որի հզորությունն անհամեմատ ավելի մեծ է, քան պահանջվում է ոռոգելի տարածքների համար: Արևիկ Ավագյան.

«Տնամերձերի և գյուղի հանգստյան գոտու տարածքն էր ջրում: Իրականում, այդքան հզոր  տրասֆորմատորն աշխատում էր փոքր հողատարածքի համար, որն այդքան էլ նպատակահարմար չէր, ծախսը շատ էր: Որոշեցինք դիմել ՋՕԸ-ին, տեղափոխել մեծ տրանսֆորմատորը մյուս խորքային հորի վրա, որը կոռոգի գրեթե 60 հա տարածք»:

Գյուղատնտնեսական նշանակության չմշակվող հողերը Զվարթնոց օդանավակայանի թռիչքուղու հարևանությամբ  են՝ չոր առուներով։

«Ճանապարհի այս կողմում մեր սեփականաշնորհված հողերն են, օդանավակայանի պատին կպած են, բայց ջուր չի հասնում այնտեղ: Հիմա արդեն մեծ մասն ամայացել է»

«Ծիրանի այգիներ են եղել, ոռոգման ջրի պատճառով չենք մշակել: Այս պահին ծառերը կտրված  են, մնացել է միայն վարելահողը»

«Իմ հողը 1.5 հա էր, վերջերս 1 հա-ը ծախել եմ, մոտ 3000քմ էլ՝ մնացել: Տարածքում ավելի շատ անմշակ հողեր են, քան ծախված»:

«Բոլորը սպասում են, որ հողերն առնող լինի՝ վաճառեն»:

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Պտղունքի նախկին գյուղապետ Կարապետ Արտենյանն ասում է, որ այս տարվա սուբվենցիոն ծրագրով գյուղում ոռոգման համակարգի վերականգնում չի նախատեսվել, սպասելու են հաջորդ տարվան։

«Մյուս տարվա համար ներառել ենք արտեզյան 2 խորքային հորի վերականգնում և կիսախողովակների տեղադրում»:

Պտղունքում խմելու ջրի հաշվին կանաչ են մնացել միայն տնամերձ հողակտորների ծառերը: 

Կարդացեք նաև

Back to top button