ԿարևորՄշակույթ

6-ը 1-ում․ ազգային երգ ու պարով զբաղվողները կմիավորվեն մեկ կառույցում

Հայաստանում շուտով կստեղծվի ժողովրդական երաժշտությամբ ու պարարվեստով զբաղվող նոր ՊՈԱԿ։ Սա տեղի կունենա այժմ գործող 6 խմբերի միավորման հետևանքով։ ԿԳՄՍ նախագիծը քննարկումների առիթ է դարձել, մտահոգություն կա, թե այժմ գործող կառույցների օպտիմալացումը կարող է խոչընդոտել հայկական ժողովրդական արվեստի զարգացմանը։ Փոխնախարարը վստահեցնում է, որ տեղի է ունենալու ճիշտ հակառակը, և, իր խոսքով, բոլոր կառույցները համաձայն են նման փոփոխությանը։

Միավորել ժողովրդական երաժշտության ու պարի առաջմղմամբ զբաղվող կառույցներին չի նշանակում փակել կամ թուլացնել դրանք․ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը պարզաբանում է մշակութային ՊՈԱԿ-ների օպտիմալացման հիմքերն ու հետևանքները։ Ասում է՝ բոլոր մտահոգությունները, թե կառույցների աշխատանքները սահմանափակվելու են, անհիմն են։

Օրերս ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել էր նախագիծ, որով  «Հայաստանի պարի պետական անսամբլ»-ը, «Բարեկամություն» պետական համույթ»-ը, « «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»-ը և «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի ներքո գործող 3 ստեղծագործական խմբերը՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը», «Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը»-ը կմիավորվեն։ Արդյունքում կստեղծվի «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Ժողովրդական արվեստն այսօր մեջքը շտկելու, տրամադրությունը վերականգնելու, ապրելու ցանկությունը վերահաստատելու ամենազորեղ միջոցն է, և բոլոր այս միջոցներն ուղղված են ոչ թե ինչ-որ բան թուլացնելուն, այլ ինչ-որ բան ուժեղացնելուն»։

Փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ այժմ խզված է կոլեկտիվների ու պրոֆեսիոնալ կոմպոզիտորների կապը, հստակ չեն նվագացանկն և երգացանկը, խեղաթյուրված է ժողովրդական տարազների նշանագիտությունը և այլն։ Խզմալյանի խոսքով՝ միասնական գործելու դեպքում այս խնդիրներին լուծում կտրվի։ Ասում է՝ այս հարցում ոլորտի մասնագետները համակարծիք են։

«Իմ նշանակման պահից խոստացել եմ, որ որևէ որոշում չի ընդունվելու աշխատասենյակի ներսում։ Այս հարցը քննարկվել է ոլորտի առաջատար մասնագետների հետ։ Ե՛վ ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ են քննարկվել, և՛ Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, երաժշագետների հետ։ Մենք լսումներ ենք կազմակերպել, և տարազագետներ ենք ընդգրկել, և երաժշտագետներ, ֆոլկլորագետներ և այլն»։

Միավորվելու ենթակա կառույցների հետ մեր զրույցը, սակայն, չստացվեց։ Նրանցից որոշները պարզապես չպատասխանեցին մեր զանգերին, մի մասն էլ նշեց, որ ծրագրին դեռ ծանոթ չեն և մանրամասները իմանալուց հետո միայն կկարողանան կարծիք հայտնել։

«Նախագիծը շրջանառվում է, ոլորտը շատ ադեկվատ է ընկալում սա, տնօրենները շատ ադեկվատ են ընկալում և չեն կարող այլ կերպ ընկալել։ Բոլոր այն ընդվզումները, որ եղել են նախկինում, եղել են այն պատճառով, որ հարցը մինչև վերջ հասունացված ու բացված չի եղել, մասնագիտական հիմնավորումները չեն եղել»։

Միավորման հետևանքով տնօրենները դառնալու են ստորաբաժանումների ղեկավարներ, ՊՈԱԿ-ն ունենալու է նոր տնօրեն։ Տնօրենն ու նրա ձևավորած թիմը զբաղվելու են կոլեկտիվների վերաբրենդավորմամբ, գովազդատեղեկատվական արշավների կազմակերպմամբ և այլ հարցերով։

«Օպտիմալացումը հավասարազոր է փակվելու», «կառույցները կորցնելու են ինքնավարությունը» և նմանօրինակ այլ մտահոգություններ Խզմալյանը լսել է։ Ասում է՝ նման նպատակ չունեն, բայց գործելու և պետական միջոցներից սնվելու իրավունք կունենա այն մարմինը, որն իսկապես լավ կաշխատի։

«Պետությունը պատվիրում է բովանդակություն։ Այսօր պետական կարգավիճակ չունեցող կոլեկտիվներ կան, որոնք շատ ավելի արդյունավետ են գործում, քան պետական կոլեկտիվները։ Բայց քանի որ այդ պետական կոլետիվն իր ճակատին ունի որևէ մեկի անունը և ունի 50 տարվա պատմություն, այևս անձեռնմխելի է, հայ ժողովուրդը մոտ չի գա դրան, չի կարելի ձեռք տալ, թեկուզ դա արդեն տասնյակ տարիներով նորմալ արդյունք չի տալիս։ Բայց դրա կողքին կան անկախ հովանավորներով, սեփական նախաձեռնողականության շնորհիվ գումար հայթայթող և ակտիվ գործող կոլեկտիվներ՝ առանց պետական միջոցների։ Մենք պետք է հրաժարվենք հավերժության գաղափարից։ Ով աշխատում է արդյունավետ, պետք է ստանա պետական աջակցություն»։

Քննարկման առարկա 6 մշակութային կառույցները չունեն մշտական դահլիճներ։ Հայաստանի պարի պետական անսամբլը գործում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն. պետական համույթը՝  «Ա․Խաչատրյան համերգասրահ»-ի նկուղային հարկում, Թ․Ալթունյանի անվ․ երգի-պարի պետական համույթը՝ Հայաստանի երգչախմբային ընկերությունում: Այս խնդիրը բարձրաձայնված էր նաև նախագծի հիմնավորման մեջ։ Արդյո՞ք միավորումից հետո այդ հարցը կլուծվի հարցին փոխնախարարը պատասխանում է՝ Հայաստանում պրոֆեսիոնալ դահլիճները մատների վրա հաշված են, եղածներն էլ աշխատում են գերծանրաբեռնված, բայց, ամեն դեպքում, հարցն օրակարգում է։

Կարդացեք նաև

Back to top button