ԿարևորՔաղաքական

Հարաբերություններ հաստատելու անկեղծությունն ու  թուրքական խորամանկությունը հակադրվում են․ պատմաբանները չեն վստահում Անկարային

Ի՞նչ մեսիջներ  է փոխանցում  Փաշինյան-էրդողան առաջին հեռախոսազրույցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարևորվել է  տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում: Հեռախոսազրույցից հետո «Ռիա Նովոստի»–ն, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, տեղեկություն է հրապարակել,  թե թուրքական կողմն առաջարկում է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում։  

«Վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ։ Եվ սա չափազանց կարևոր քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,– անդրադառնալով  Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը,  նաեւ նկատել․  «Պետք է գիտակցել, որ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու՝ հատկապես հաշվի առնելով նաև վերջին պատերազմի իրողությունները։  Կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի և իր հաջող հանգրվանն ունենա՝ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսքով»,– գրել է Մարուքյանը։

Հեռախոսազրույցի ընթացքում  չեն շրջանցվել կրոնական տոները։ ՀՀ վարչապետը շնորհավորել էր Էրդողանին Քուրբան Բայրամի, իսկ Էրդողանը Փաշինյանին Քրիստոսի պայծառակերպության տոնի առիթով։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել  տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման թեմային, որին, ըստ հաղորդագրության,  կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

Երկու երկրների ղեկավարները նաև հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

Հեռախոսազրույցից հետո «Ռիա Նովոստի» գործակալությունը , հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին, տեղեկություն է հրապարակել,  թե թուրքական կողմն առաջարկում  է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում։ Թուրքիան առաջին անգամ չէ, որ նման առաջարկ է անում։

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը «Առաջին լրատվական ալիքին» տված հարցազրույցում հույս է հայտնել, որ գուցե հանդիպումներ լինեն Հայաստանում ու Թուրքիայում։

«Ես հույս ունեմ, որ վարչապետ Փաշինյանի ու նախագահ Էրդողանի հեռախոսազրույցից հետո նաեւ հնարավորություն կլինի, որպեսզի երկկողմ օրակարգի շրջանակներում հանդիպումներ լինեն եւ՛ Հայաստանում եւ՛ Թուրքիայում»։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մատնացույց  է անում պատմության էջերը․ թուրքական խորամանկությունը վաղուց հայտնի է, զգուշացնում է․

«Որ կողմերը ձգտում են հարաբերությունների կարգավորման եւ շատ ավելի լրջորեն են տրամադրված, կասկած չունեմ, բայց որքանով է այդ հարաբերությունների կարգավորումը մեզ համար ձեռնտու եւ հարաբերությունների հավասար հենքի վրա դրված, չեմ կարող ասել։ Անկեղծ ասած՝ կասկածում եմ,  որովհետեւ թուրքական խորամանկ մոտեցումները մեզ համար միշտ բացահայտվել են այս տասնամյակների ընթացքում, սկսած 90-ական թվականներից, թե ինչպես էին մեզ ներքաշում հայ-թուրքկան հաշտեցման հանձնաժողովի մեջ, հետո ֆուտբոլային դիվանագիտության․․․»

Որքան էլ Երեւանն ու Անկարան վստահեցնում են, որ հայ–թուրքական գործընթացում  նախապայմաններ չկան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսորը նախապայմաններ տեսնում է։ Բաքվի պահանջները թուրքական նախապայմաններ են, ասում է։ Հայ-թուրքական գործընթացը Ադրբեջանի հետ քննարկելու մասին Անկարայիղ հնչող  հայտարարությունները պարզորոշ ցույց են տալիս, որ նախապայմաններ կան․

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, սակայն, վստահեցնում է, որ երկու երկրների բանագնացների հանդիպումների ժամանակ քննարկվում են երկկողմ հարցեր, իսկ միջանցքային տրամաբանության ցանկացած թեմա հայկական կողմի համար կարմիր գիծ է․

«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքը իր համար կարմիր գիծ է։ Եւ՛ Մոսկվան եւ՛ Բրյուսելը վերջին նույնիսկ 6-7 ամսվա ընթացքում հայտարարել են, որ միջանցքային տրամաբանության հարց երբեք չի քննարկվի»։  

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին՝ չորրորդ  հանդիպման ժամանակ քննարկվել ու հստակեցվել էին սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելուն եւ ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելուն վերաբերող  հարցերը։  ԱԽՔ-ը վստահեցնում է՝  բանակցություններում   քննարկում են երկկողմ հետաքրքրության  հարցեր։

«Ռուբինյան-Քըլըչ հանդիպման պայմանավորվածությունները եւ դրանք կյանքի կոչելու հարցերը քննարկվել են նաեւ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում։ Մենք շարունակելու ենք այս օրակարգով առաջ գնալ։ Նախապատրաստական մեծ ծավալի աշխատանք է կատարվել եւ ես ու մեր քաղաքական թիմը հույս ունենք, որ հնարավոր կլինի դրանք շատ արագ կյանքի կոչել։ Հարաբերությունների կարգավորումը ենթադրում է նաեւ երկու երկրների քաղաքացիների համար սահմանի բացում։ Եվ մենք շարունակում ենք մեր գործընկերների հետ քննարկել , որպեսզի հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կարողանանք սահմանը բացել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների համար»։

Աշոտ Մելքոնյանը չի ողջունում երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու նախաձեռնությունը։ Կարծում է՝ այն նաև ռիսկեր ունի։ Կարող է հեշտ ճանապարհ դառնալ ադրբեջանցիների, Սիրիայի քաղաքացիների համար, իսկ այս հոսքերը կարող են ազդել ժողովրդագրական պատկերի վրա՝ ասում է պատմաբանը։ 

Back to top button