ԱԺ խորհուրդն ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով պատրաստվում է ՍԴ դիմել։ Խորհրդարանից հաստատում են՝ հարցն օրակարգում է, բայց ժամկետների առումով հստակեցումների կարիք կա։ Մինչև այս տեղեկության հաստատումը «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը վստահեցրել էր՝ խորհրդարանական ընդդիմությունը իշխանության հետ ընդհանուր որևէ օրակարգ չունի, խորհրդարան վերադառնալու է միայն սեփական օրակարգով։
ԱԺ խորհրդում 33 որոշման նախագիծ արդեն պատրաստ է ուղարկվելու ՍԴ՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու առաջարկով։ Օրվա երկրորդ կեսից համացանցում շրջանառվում են ընդդիմադիր պատգամավորներից յուրաքանչյուրի անունով պատրաստված գրություններըը՝ թվագրված հուլիսի 14-ով, բայց դեռ չստորագրված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։
ԱԺ խոսնակի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատեց՝ ԱԺ խորհրդի որոշման նախագծերն իրական են, դրանք տեղադրվել են ԱԺ կայքում, հետո հանվել են տեխնիկական պատճառներով։ Մտադրությունները ուժի մեջ են, պարզապես հստակեցումների կարիք կա, առաջիկայում նախագծերը կրկին կտեղադրվեն ԱԺ պաշտնական կայքում։
Անհարգելի բացակայությունների թույլատրելի շեմը հատելու համար «մանդատազրկվում» են գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորները։ Որոշման նախագծեր չկան «Պատիվ ունեմ» խմբակցությունից 2 պատգամավորների՝ Թագուհի Թովմասյանի և Մարտուն Գրիգորյանի, նաև խմբակցությունը 2021-ի դեկտեմբերին լքած Իշխան Զաքարյանի վերաբերյալ։
ԱԺ խորհրդի մտադրությունը կարելի է ասել անակնկալ է ընդդիմադիրների համար։ Օրվա առաջին կեսին «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը շարունակում էր պնդել, որ խորհրդարան են գնալու իրենց սեփական օրակարգով, խոսում էր հնարավոր իմպիչմենտի մասին՝ հաջողություն մաղթելով մանդատներից հրաժարվողներին և իրենց շարքերը լքածներին։
«Այն նպատակների հարցում , որ իրենք հայտարարել են, որ առանց մանդատ իրենք ավելի արդյունավետ ու անկաշկանդ կպայքարեն, անկեղծ ցանկանում եմ, որ հաջողեն և ապացուցեն, որ այդ ճանապարհը ճիշտ էր։ Ով մտածում է, որ այդ մանդատները մեզ համար անձնապես շատ կարևոր են, ես ձեզ վստահեցնում եմ՝ ամենահեշտ ճանապարհն այսօր այդ մանդատներից հրաժարվելն է ու ինչ-որ պատճառաբանությամբ այս պայքարից դուրս գալը։ Այդ մանդատները ծառայելու են մեր ժողովրդին ու այն օրակարգին, որը ձևավորվել է։ Եթե կգա մի պահ, որ կհասկանանք, որ պետք է դրանից հրաժարվենք, կքննարկենք այդ հարցը։ Այս պահին մենք այդ հարցը չենք քննարկում, որովհետև այսօր մանդատներից հրաժարվելով որևէ արդյունավետություն այս շարժմանը չենք հաղորդելու։ Այսպես եմ մոտենում․ ով գնալու է, թող գնա, տեսնենք՝ տակը քանի հոգի է մնում, մենք էլ իմանանք՝ ուր ենք գնում»։
Հնարավոր «մանդատազրկումից» հետո, ըստ Սահմանադրության, ընդդիմադիրների տեղերը կմնան նույն խմբակցություններին։ Այս առումով «Քաղաքացիական պայմանագրի» դիրքերը խորհրդարանում կմնան նույնը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրեր առաջ պնդում էր, որ խորհրդարանական մեծամասնությունը քաղաքական ակնկալիքներ այդ քայլից չունի։
«Այդ մանդատները, որ զրկում են, հո չե՞ն տալիս «ՔՊ» խմբակցությանը։ Իրենց ցուցակով հաջորդ պատգամավորն է վերցնելու իրենց մանդատը։ Մանդատ ունենալու կռիվ է, որ ունենան անձեռնմխելիություն, որ գնան ոստիկանին հարվածեն, հետո ասեն, որ պատգամավոր են, մտնենք նախարարության շենք և լկտիություն անեն։ Թող իրենց չթվա, որ լկտի պահվածքը ՀՀ քաղաքացիների մոտ աջակցություն է գտնում»։
Քաղաքական ու քաղաքագիտական առումով խնդրահարույց, իրավական առումով ՝ հնարավոր․ այսպես է բնորոշում առանց ընդդիմության խորհրդարան ունենալու հնարավոր հեռանկարը սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը։
«Տեսականորեն եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընտրական ցուցակներում գտնվող բոլոր թեկնածուները մանդատը վայր են դնում կամ ինքնաբացարկ են ներկայացնում, ապա մենք ունենում ենք միակուսակցական խորհրդարան։ Իրականում սահմանադրական ճգնաժամ որպես այդպիսին, իհարկե, չի առաջանա, որովհետև Սահմանադրությունը հստակ նախատեսում է համապատասխան ընթացակարգեր, որոնց շնորհիվ խորհրդարանի ընդհանուր գործունակության վրա այդ իրողությունը չի կարող ազդել։ Մյուս կողմից՝ քաղաքական և քաղաքագիտական տեսանկյունից, իհարկե, միակուսակցական խորհրդարան ունենալը օգտակար չէ ընդհանուր ժողովրդավարության համար, օգտակար չէ այդ թվում՝ իշխող քաղաքական ուժի համար։ Բոլոր դեպքերում քաղաքական օպոնենտությունը շատ կարևոր է, եթե մենք պառլամենտարիզմի և պառլամենտական մշակույթի մասին ենք խոսում։ Այս առումով, իհարկե, ինչ-որ տեղ կունենանք քաղաքական ճգնաժամ, որը կլինի կառավարելի, որովհետև Սահմանադրությամբ խնդիրներ չեն առաջանում, բայց դա Հայաստանի ժողովրդավարության համար լավ հեռանկար չէ այն առումով, որ ոչ թե ժողովրդավարությունը դրանից կվնասվի։ Ի վերջո իշխող ուժը չէ, որ հարուցել է այդ ճգնաժամը, այլ քաղաքական ընդդիմությունն է նման կերպ վարվում, բայց բոլոր դեպքերում, երկրի ժողովրդավարական սահուն զարգացման համար դա լավ նորություն չէ»։
ԱԺ խորհրդի որոշումը ՍԴ-ն քննարկելու է առանձին՝ յուրաքանչյուր պատգամավորի մասով։ Այդ ատյանի կայացրած որոշումը անբեկանելի է և ենթակա չէ բողոքարկման։