ԿարևորՏնտեսական

Գինեգործությամբ զբաղվող ընկերությունները պետությունից սուբսիդավորում են ակնկալում  

Կես տարում դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է ավելի քան 13 տոկոսով։ Սա լուրջ խնդիր է դարձել արտահանողների համար, որին գումարվել է նաև համաշխարհային շուկայում գների ու արտադրվող ապրանքի ինքնարժեքի բարձրացումը։

Արդյունքում՝ արտահանման գրեթե բոլոր ճյուղերում խնդիրները սրվել են։ Ամենամեծ մտահոգությունը վստահելի  գործընկերոջ վարկանիշի կորուստն է։ Գինեգործությամբ զբաղվող ընկերությունները պետությունից սուբսիդավորում են ակնկալում։

Դրամի արժևորում, լոգիստիկ ծառայությունների թանկացում, արտադրվող ապրանքի ինքնարժեքի բարձրացում ու Լարսի անցակետի խոչընդոտներ․ հայ արտահանողներն այս պահին այս  չորս հիմնական խնդիրների առջև են ։ Կես տարում դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է ավելի քան 13, իսկ մեկ տարվա ընթացքում՝  շուրջ 20 տոկոսով։  Արժևորման պատճառները տարբեր են․ մասնագետներն առաջին հերթին նշում են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներն ու երկու երկրներից Հայաստան այցելուների մեծ ներհոսքը։

Դոլարի արժեզրկումն առաջին հերթին հարվածում է արտահանողներին։ Գինեգործությամբ զբաղվող գործարարները բացատրում են՝  գործընկերների հետ մի բան են պայմանավորվել, այժմ իրավիճակն այլ բան է թելադրում։ «Ալլուրիա վայն» գինիների արտադրության համահիմնադիր Սամվել Մաչանյանը ընդգծում է․

«Գինեգործության կյանքի ցիկլը մեկ տարի է, մենք ամեն ինչ պլանավորվում ենք սեպտեմբերին, երբ մթերում ենք սկսում։ Ընթացքում չենք կարող այդ  փոփոխությունները կատարել, օրինակ՝ փետրվարին ավելի շատ մթերում կազմակերպենք կամ պակասեցնենք։ Մեր պլամանավորումը կազմակերպվում է՝ հիմք ընդունելով այդ պահի դրությամբ դրամի արժեքը»։ 

Ընկերությունը մինչ այս պահը գինու  արտահանում դեռ չի կատարել, մինչդեռ նախորդ տարիներին այս նույն ժամանակահատվածում արդեն արտահանման գործընթացն ավարտված էր լինում։  Այս տարվա   հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36.4%-ով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներն են։  Նույն ոլորտի մեկ այլ տնտեսվարող՝  «Գ.Ս. Վայն քոմփանի» ընկերության հիմնադիր Սուրեն Օհանջանյանը նկատում է՝ ոչ միայն դրամի արժևորումն է խնդիրներ ստեղծել, այլ՝ համաշխարհային գնաճը։ Վառելիքի շուկայում գրանցված բարձր գնաճն իր ուղիղ ազդեցությունն է թողել  լոգիստիկ ծախսերի ավելացման վրա։

«Դիզելը թանկացել է, մեկ ամիս կանգնում են ճանապարհին։ Ամեն ինչ ծախս է՝ սկսած վարորդի գումարից։ Առաջ, եթե մեկ ֆուրի համար մինչև Մոսկվա մոտավորապես 2 հազար դոլար էինք վճարում, այժմ 3500-4000 դոլար է։ Շանհայ արտահանելիս մեկ կոնտեյների համար վճարում էի 3 հազար դոլար, այժմ՝ 10 հազար դոլար»։

Միայն Հայաստանում  մեկ տարվա ընթացքում՝  2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ բենզինը թանկացել է 13․5,   դիզելային վառելիքը՝  45.4%-ով։ Գլխավոր դրամատանը, սակայն, չեն պատրաստվում միջամտել դոլար-դրամ  փոխարժեքի տատանումներին։ Եթե ԿԲ-ն արհեստականորեն արժեզրկի դրամը, ապա  գնաճի նոր ալիքի կբարձրանա՝ ասել է  ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ՝ չբացառելով խնդիրներն արտահանման ոլորտում։

«Չեմ բացառում, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժևորումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել որոշ ընկերությունների համար։ Բայց էական է այն հարցը, թե ոնց ենք լուծելու այս խնդիրը։ Լուծման մի տարբերակը, որ առաջարկվում էր, արհեստականորեն դրամն արժեզրկելն է։ Այդպես վարվելու դեպքում մենք ստեղծելու են գնաճային նոր, ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ արտահանողներին»։

Մինչ ԿԲ-ն շարունակում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, գնաճը չի նահանջում։ Հունիսին, վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, այն արդեն  երկնիշ է՝ 10․3 տոկոս։  Արտահանմամբ զբաղվող ընկերությունները սպասում են կառավարության աջակցությանը։ Գինի արտահանողներն էլ  սուբսիդավորում են ակնկալում։

Back to top button