ԿարևորՀասարակություն

Մեկնարկեց Գյումրու Բարեկամության այգու հին բեմի վերակառուցման հանրային արշավը

Այսօր Գյումրիում մեկնարկել է Բարեկամության այգու հին բեմահարթակի վերակառուցման հանրային արշավը, որի նպատակն էդրամահավաքի և հանրային ներգրավվածության շնորհիվ պահպանել բացօթյա բեմի պատմական տեսքն ու վերականգնել դրա երբեմնի մշակութային նշանակությունը։

Զբոսայգու վերջնամասում տեղակայված և 20 մետր երկարությամբ ձգվող բերմահարթակը 1988 թ․-ի երկրաշարժից հետո գտնվում է վթարային վիճակում․ այն փլուզման վտանգից փրկելու համար, առաջնային է ամրակայումը: Հանրային դրամահավաքի շնորհիվ հնարավոր կլինի կանխել բեմահարթակի փլուզումը և վերակառուցման աշխատանքներ իրականացնել:

Դրամահավաքը տևելու է շուրջ երեք ամիս՝ մինչև սեպտեմբերի վերջ, որի նպատակն է հավաքագրել 100 հազար ԱՄՆ դոլար։ Դրամահավաքին կարող են միանալ բոլոր ցանկացողները Հայաստանից, Սփյուռքից և ամբողջ աշխարհից, այդպիսով՝ իրենց ներդրումն ունենալով հին բեմահարթակի վերակառուցման գործում։

Արշավը նախաձեռնել է «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (TUF) բարեգործական հիմնադրամը «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում։

«Գյումրին, լինելով մշակութային մայրաքաղաք, չունի հանրային բացօթյա բեմ: Այդ իսկ պատճառով, մենք որոշեցինք պահպանել այն, քանի որ հենց այս բեմահարթակի հետ են գյումրեցիները կապում իրենց անցկացրած լավագույն տարիները այգում։ Բազմաթիվ են հիշողությունները հենց այս բեմում տեղի ունեցած համերգներից, մշակութային միջոցառումներից և թատերական ներկայացումներից»,-ասում է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը։

«Հայաստանում էական խնդիր լուծող հանրային դրամահավաքները կարևոր են ոչ միայն ֆինանսներ ներգրավելու առումով, այլև այդ խնդրի շուրջ հոգատար համայնքի ձևավորման համար. լինի Արցախի հեռավոր գյուղում տեխնոլոգիական դպրոց կառուցելը, թե Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում քաղաքի պատմության հետ առնչվող բեմի վերականգնումը։ Հենց նման նախաձեռնություններով են ստեղծվում արդյունավետ համագործակցության մոդելներ, որոնք կարող են կիրառելի դառնալ տարբեր ոլորտներում»,- ասում է «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանը։

Այգու հեղինակային ճարտարապետական խմբի կողմից մշակվել է այգու բեմահարթակի վերակառուցման նախագիծը, ձգտելով այն դարձնել ժամանակակից և յուրօրինակ կառույց։ Վերականգնված բեմահարթակը հնարավորություն կընձեռի Գյումրու և ամբողջ Հայաստանի երաժշտական, պարային և թատերական խմբերին ելույթ ունենալու քաղաքի նոր հանրային բացօթյա բեմում։

«Վերակառուցման արդյունքում բեմի շուրջ տեղակայվելու է անկախ ցանցային «վարագույր»՝ որը տանիքից հոսելով ընդգծելու է կիսավեր կառույցի փխրունությունը: Նուրբ ցանցը, որը գիշերային ժամերին լուսավորվելու է՝ այցելուներին պաշտպանելու է թափվող բեկորներից, քանի որ վերակառուցումից հետո բեմն ամբողջությամբ պահպանելու է իր պատմական տեսքը: Վերակառուցումից հետո, հատուկ լուսավորությունը թույլ կտա լուսավորել կամ բեմը կամ ցանցը՝ կախված նպատակից: Համերգների ժամանակ, օրինակ՝ հնարավոր կլինի լուսավորել բեմը, իսկ սովորական օրերին՝ ցանցային «վարագույրը։ Այն կվերածվի յուրօրինակ արտ օբյեկտի զբոսայգու տարածքում»,- ասում է Բարեկամության այգու շինարարական աշխատանքների համակարգող Մուշեղ Գոնչոյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիում շատ քիչ են երաժշտական հարթակները, իսկ բացօթյա բեմ ընդհանրապես չկա, այս բերմահարթակի վերականգնումը մեծապես նպաստելու է Գյումրիում երաժշտական միջոցառումների անցկացմանը եւ դառնալու է լրացուցիչ խթան երիտասարդ ստեղծագործողների և երաժշտական խմբերի համար։ Անհամբերությամբ սպասում ենք բեմահարթակի վերագործարկմանը, որպեսզի կարողանանք երիտասարդական երաժշտական հանդիպումների նոր վայր ունենալ Գյումրիում»,- ասում է Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյան։ 

Այգին իր տեսակով լինելու է եզակի ամբողջ Հայաստանում և բացի վերականգնված պատմական բեմից, ունենալու է բազմաթիվ այլ օբյեկտներ՝ մանկական և մարզական խաղահրապարակներ, սահադաշտ, Վերնիսաժ, Այգեգործության դպրոց և այլն։

Բարեկամության այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը մասնավոր-հանրային համագործակցության ձևաչափով։ Վերականգնված զբոսայգին ոչ միայն կնպաստի Գյումրիի մշակութային կյանքի զարգացմանը, այլ նաև կխթանի զբոսաշրջային աճը։

Ներկայումս այգու տարածքում ընթանում են շինաշխատանքներ։ Այգու որոշ օբյեկտների շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա աշնանը, որից հետո զբոսայգին բաց կլինի գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար։ 2023 թ․ աշնանը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջ զբոսայգին իր բոլոր օբյեկտներով։ 

Back to top button