ԿարևորՔաղաքական

Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի. Ա. Միրզոյան

Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի, հունիսի 27-ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում հունական Կատիմերինի պարբերականին տված հարցազրուցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո պատրա՞ստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ստատուս քվոն։ Եվ եթե ոչ՝ ի՞նչ այլընտրանք կարող է լինել:

«Չնայած ադրբեջանական իշխանությունների պնդումներին, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը՝ որպես սուբյեկտ, այլևս գոյություն չունի, և որ հակամարտությունն ավարտված է, իրականությունն ու միջազգային հանրության դիրքորոշումը հակառակն են ապացուցում. Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, գոյություն ունի իր հայ բնակչությամբ, որը շարունակում է ապրել իր նախնիների հողում, և որի անվտանգությունն այժմ ապահովում են ռուս խաղաղապահները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով դադարեցվեց ավերիչ պատերազմը։

Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի։ Դա ինքնախաբեություն է։ Ավելին, մեր բազմաթիվ միջազգային գործընկերների և կազմակերպությունների, այդ թվում՝ միջնորդ երկրների պաշտոնական հայտարարությունները նույնպես հստակ ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս վերջնական կարգավորում պետք է ստանա բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. կարգավորում, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը, և համապատասխանաբար, դրանից բխող Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- ասել է նա ։

2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Եռակողմ հայտարարություններին և Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանը կառուցողական երկխոսություն է սկսել Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդհանուր կարգավորման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ուղղություններով։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ կարգավորման գործընթացում ջանքերը չեն կարող միակողմանի լինել.

«Մենք վերահաստատում ենք բոլոր ուղղություններով կառուցողական ջանքեր գործադրելու մեր հանձնառությունը, և ցանկանում եմ ընդգծել, որ գործընթացը շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից և հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ոչնչացնել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, խոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և այլն։

Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից»։

Վերջերս Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսել։ Արդյո՞ք ակնկալում եք այս ուղղությամբ շոշափելի քայլեր: Որո՞նք կարող են լինել այդ քայլերը հարցին պատասխանելով, նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և երկու երկրների միջև սահմանի բացմանը, որը Թուրքիան միակողմանի փակել էր դեռևս 1993 թվականին։

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համար նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, և արդեն կայացել է չորս հանդիպում, որոնց ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը` շարունակել սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես ընդունեցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և հանդիպում ունեցա նրա հետ ֆորումի շրջանակներում։

Այսօր գործընթացում հաջողելու համար անհրաժեշտ է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն և քաղաքական կամք։ Հայկական կողմը բազմիցս ի ցույց է դրել երկուսն էլ, և մենք նույնը ակնկալում ենք թուրքական կողմից»։

Հայաստանի դիրքորոշումը Հունաստանի համար այս պահին ամենազգայուն հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հույն-թուրքական սահմանին շարունակաբար աճող լարվածությունը և Կիպրոսի հարցը, հստակ է.

«Հայաստանը լիովին աջակցում է Հունաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Հայաստանն անընդունելի է համարում ցանկացած գործողություն և քայլ, որը կարող է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը, միջազգային ծովային իրավունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը։

Ինչ վերաբերում է Կիպրոսի խնդրին, ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում, այս հարցում ևս մեզ համար անընդունելի է ուժի կիրառման հետևանքները որպես լուծում ներկայացնելու ցանկացած փորձ։ Հայաստանն ու Կիպրոսը մշտապես փոխադարձ աջակցություն են ցուցաբերել միմյանց երկկողմ և բազմակողմ հարթակներում»։

Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը եռակողմ բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։

«Հայաստանը մեծապես կարևորում է եռակողմ ձևաչափով համագործակցությունը: Մինչ այժմ մենք հաջողությամբ մի քանի եռակողմ նախարարական հանդիպումներ ենք անցկացրել, և ակնկալում ենք երեք երկրների ղեկավարների մակարդակով գագաթաժողով հյուրընկալել։

Մեր երկրները փոխգործակցության ու փոխադարձ աջակցության հարուստ փորձ ունեն, և մենք հավատում ենք, որ մեր պետություններն ունեն հսկայական ներուժ՝ խթանելու տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը՝ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության ու համագործակցության ամրապնդման միջոցով: Մենք նաև ընդգծում ենք եռակողմ համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը պաշտպանության, սփյուռքի, խորհրդարանական կապերի, արտակարգ իրավիճակների, ՏՏ, առողջապահության, ներդրումների, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում։ Վստահ եմ, որ այս ձևաչափը դատապարտված է հաջողության»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Back to top button