
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
2014 թ հունվարի 1- ից պետությունը կփոխհատուցի սահմանամերձ բնակավայրերի սովորողների ուսման վճարը: Համապատասխան նախագիծը հաստատվել է այսօր՝ կառավարության նիստի ժամանակ: Տիգրան Սարգսյանը կարևորել է նախագծի ընդունումն ու հայտարարել, որ կրթության հասանելիությունը աղքատության հաղթահարման արդյունավետ բաղադրիչներից մեկն է: Կառավարության նիստն այսօր էլ բողոքի ակցիայով է ընթացել: Այս անգամ Խորենացի փողոցում գտնվող ոսկու շուկայի աշխատակիցներն են հավաքվել գործադիր մարմնի շենքի առջև։
Այսօր իրենց բողոքի ձայնը կառավարությանը հասցնելու ակնկալիքով գործադիր մարմնի շենքի առջև էին հավաքվել Խորենացու փողոցում գտնվող Ոսկու շուկայի աշխատակիցները: Նրանք վստահեցնում էին, որ էկոնոմիկայի նախարարությունն առանց ծանուցելու ստուգումներ է անցկացնում եւ տուգանքներ նշանակում։ Իսկ տուգանքվում են , եթե ոսկյա զարդի վրա հարգադրոշմ չեն տեսնում, կամ կարծում են, որ ստանդարտներին չի համապատասխանում:
Ակցիայի մասնակիցները սոցիալական հարցեր էին բարձրացնում, նշում, որ դժվարությամբ են գումար աշխատում: Ինչպես միշտ այսօր էլ նրանց բողքի ձայնը լսեց կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Բավականին երկար նա զրուցեց ակցիայի մասնակիցների հետ, նշեց, որ վերջիններս իրենց պահանջները պետք է գրավոր ներկայացնեն։ Նրա այս հայտարարությունը հարուցեց ակցիայի մասնակիցների դժգոհությունը։ «Ի՞նչ գրավոր, որ մի գրավոր բողոքին եք պատասխանել»,- սկսեցին արձագանքել։
Նույն այդ պահին գործադիրը որոշեց 12 մլն դրամ հատակցել կրթության ու գիտության նախարարությանը, որպեսզի վերջինս գնի հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ ղ, ե՞րբ» խաղի հավաստագիրն ու Հայաստանում հեռարձակվելու հնարավորություն լինի: Կրթության ու գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանի կարծիքով՝ խաղը ինտելեկտուալ շարժումը և կրթական մտահորիզոնը զարգացնելու և խրախուսելու հնարավորություն տալիս: Խաղը, ի դեպ, ռուսաց լեզվով է ցուցադրվում։ «Ի՞նչ, որտե՞ ղ, ե՞րբ» խաղին մասնակցում է նաև կրթական ոլորտի պառտասխանատուն՝ նախարար Արմեն Աշոտյանը։ Փոխնախարարի կարծիքով՝ պաշտոնյան վատ չի խաղում։
Շարունակելով կրթության թեման նշենք, որ 2014 թ հունվարի 1- ից պետությունը կփոխհատուցի սահմանամերձ բնակավայրերի սովորողների ուսման վճարը։ Գործադիրը հաստատեց ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը, որի համաձայն նման հաստատություն ընդունված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների ուսուցումը կկազմակերպվի նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ։ «Կրթության հասանելիությունը աղքատության հաղթահարման արդյունավետ բաղադրիչներից է, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի բնակիչները պետք է իմանան դրա մասին»,- ասաց Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2014թ. պետբյուջեի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ Ազգային ժողովում քննարկման արդյունքներով՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին: Բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 326 առաջարկություն, որից 31-ն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակիորեն, 208-ին տրվել համապատասխան պարզաբանում և միայն 87- ը ընդունելի չի համարվել։




