ԿարևորՏնտեսական

Գիշերը ջուրը կհավաքեն, ցերեկը կտան գյուղացուն․ ոռոգման ջրի խնդրի լուծման բանալիներից մեկը գտնված է

Դեռ խորհրդային տարիներին  սկսված ու կիսատ մնացած Կապսի ջրամբարի կառուցումը գործնական փուլ է մտնում։ Գործադիրը որոշել է  3․5 մլրդ դրամ հատկացնել շինարարությունը։ Այս ջրամբարի կառուցումը բացառիկ է նաև այն առումով, որ շինարարությամբ պայմանավորված՝ նախատեսվում է տեղափոխել հարակից Ջրաձոր գյուղը և այն, ըստ էության, նոր տեղում կառուցել։ 

«Կարևոր է որ այս նախագիծը հաջող ընթանա, և մենք կարողանանք 21-րդ դարի գյուղի մոդել ներդնել»,-կառավարության նիստին ասել է վարչապետը:

Բայց մեծ ու փոքր ջրամբարների կառուցումից՝ գործադիրը նաև օրվա կարգավորման  ջրամբարների կառուցում է նախատեսում։ Դրանցում գիշերը ջուր կհավաքվի,  ցերեկը այն կհասնի գյուղացուն։ Այս մոդելով  աշխատող ջրամբարների շինարարությունը կսկսվի հաջորդ տարի։

Շուրջ  3․5 մլրդ դրամ՝ Կապսի ջրամբարի կառուցման համար՝ որպես կանխավճար։ Կառավարությունն ակտիվացում է ջրամաբարաշինական ծրագրերը։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հստակեցնում է՝ փաստաթղթերի ուսումնասիրման փուլն արդեն սկսվել է։ Ծրագրում նաև դեպի ջրամբար՝ Գյումրի, Վահրամաբերդ տանող 10 կմ-ոց ճանապարհահատվածի նորոգումն է։ Վարչապետը հորդորում է նախագծման աշխատանքներում հաշվի առնել, որ ջրամբարի շինարարությամբ պայմանավորված՝ այդ հատվածով ծանր բեռնատարներ են անցնելու։ 

«Հույս ունեմ, որ նախագծելիս դա հաշվի առել եք»։  

Հաշվի առնված է, թե ոչ՝ կառավարության նիստում պարզ չդարձավ։ Բայց հայտնի է, որ Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքները  սկսվել են դեռ  խորհրդային տարիներին ու այդպես էլ չեն ավարտվել։ Ըստ թարմացված ծրագրի՝ ջրամբարն առաջին փուլում  կկուտակի շուրջ 25 մլն լիտր, երկրորդ փուլում ջրի ծավալը կհասնի 60 մլն-ի։ Կապսի ջրամբարի կառուցման համար անգամ հարակից Ջրաձոր գյուղն է  տեղափոխվելու։

Երկրում ոռոգման ջուրն ապահովում են 69 խոշոր ու փոքր ջրամբարները։ Կանխատեսվում էր, որ խոշորներում՝ Ազատի,  Մարմարիկի, Ապարանի, Ախուրյանի ջրամբարներում կուտակված ջուրը կբավարարի, եթե եղանակային անակնկալներ չլինեն։ Ազատի ու Ապարանի ջրամբարի մասով, սակայն, ակնկալիքները չեն արդարացել։  

«Ապարանի ջրամբարում նախատեսվածից քիչ է, Ազատի ջրամբարում պետք է լցվածություն լիներ, բայց՝ չկա։ Մեր կանխատեսած լցվածությունը չապահովվեց»։

Խորհրդային տարիներին կառուցված  Ախուրյանի ջրամբարի ջուրը կիսում ենք Թուրքիայի հետ։ Թե ինչ համամասնությամբ,  մանրամասնում է Հայաստանի ազգային  ագրարային  համալսարանի  ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի  վարիչ  Գուրգեն Եղիազարյանը։

«Ախուրյանի ջրամբարը 30-40 տոկոսով է լցվում։ Կուտակված ջուրը 50 տոկոս մասնաբաժնով ենք վերցնում։ Եթե կուտակվում է 200 մլն խորանարդ մետր ջուր, մենք վերցնում ենք 100 մլն խորանարդ մետրը։ Նախագծային ցուցանիշը  250 մլն խորանարդ մետրն է»։

15 փոքր ու միջին  ջրամբարների նախագծում ու կառուցում՝ այս և հաջորդ 4 տարիներին՝ գործունեության հնգամյա ծրագրում ամրագրել է կառավարությունը։ Անելիքի հրատապությունը ստիպել է նաև  բյուջեից հատկացումներն ավելացնել։ Ֆինանսավորման չափը հստակ է՝ ավելի վաղ արձանագրել էր   Հայաստանի վարչապետը․

«2022թ. բյուջեով 2 մլրդ դրամ ենք հատկացրել ջրամբարների նախագծման համար: Սկսում ենք Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման աշխատանքները»:

Մինչև տարեվերջ  կավարտվեն  Վեդիի ջրամբարի հիմնական պատվարի կառուցման աշխատանքները։ Հաջորդ ապրիլին ջրամբարում արդեն   ջուր կկուտակեն։ Հայաստանում նախատեսում են նաև նոր տեսակի՝ օրվա կարգավորման  ջրամբարներ կառուցել։ Նախագծային փուլ ենք մտել՝ հստակեցնում է  Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը

«Սա մեզ հնարավորություն կտա գիշերային ժամերին չջրված ջրերը հավաքելու։ Այդ ջրերը գիշերը կհավաքենք ջրամբարներում, ավելցուկային ջրերը ցերեկային ժամերին կօգտագործենք ու կունենանք ջրի խնայողություն»։

50-150 հազար խորանարդ մետր տարողությամբ նոր ջրամբարները հիմնականում կտեղադրվեն պոմպակայանների մղման ավազաններում, խոշոր  մայր  ջրանցքներում։ Նախագծային աշխատանքները սկսված են։ 2023-ից արդեն կսկսեն շինարարական աշխատանքները։ Ոռոգման ջրի խնդիրը սրանով կթեթևանա։

Կարդացեք նաև

Back to top button