ԿարևորՀասարակություն

ԱՄՆ պետդեպարտամենտը շարունակում է ակտիվ աջակցել ՀԱԷԿ-ում մի շարք նախագծերի իրականացմանը

ԱՄՆ պետդեպարտամենտը շարունակում է ակտիվ աջակցել ՀԱԷԿ-ում մի շարք նախագծերի իրականացմանը: Ընթացիկ նախագծերի և հետագա համագործակցության վերաբերյալ քննարկումներին է նվիրված եղել հուլիսի 6-ին կայացած աշխատանքային հանդիպումը: Համավարակով պայմանավորված տևական դադարից հետո դարձյալ Հայկական ԱԷԿ այցելել ԱՄՆ կառավարության՝ մասնավորապես Էներգետիկայի դեպարտամենտի, PNNL-ի և WSC-ի ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ և «Ատոմսերվիս» ԲԲԸ ներկայացուցիչները:

Նախագծերից կարևորագույնը, որն իրականացվում է ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ, ուղղված է լիամասշտաբ վարժասարքի ներդրմանը: Աշխատանքները մասամբ կատարված են, ակտիվ և գործուն քայլեր են ձեռնարկվում նախագիծն ավարտին հասցնելու ուղղությամբ:

Այս փուլում հատկապես կարևորվել է նաև ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի ուսուցման գործընթացի կազմակերպումը լիամասշտաբ վարժասարքի միջոցով՝ թիվ 2 էներգաբլոկի անխափան ու բնականոն աշխատանքն ապահովելու համար:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀԱԷԿ-ի հետագա շահագործմանը վերաբերող առանցքային այլ հարցեր, այն է՝ աշխատած վառելիքի չոր պահեստարանի նոր մոդուլի կառուցման, ճառագայթաակտիվ թափոնների ժամանակավոր պահման խնդիրները և այլն:

Հանդիպման ավարտին իր երախտագիտությունը հայտնելով ամերիկյան կողմի ներկայացուցիչներին՝ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ տարիների ընթացքում ձևավորված գործընկերային հարաբերություններն ավելի կամրապնդվեն:

Կարդացեք նաև

Back to top button