ԿարևորՔաղաքական

Արցախի ժողովուրդը ահաբեկչության և ռազմական հանցագործությունների զոհ է․ Հռիփսիմե Գրիգորյան

Արցախի ժողովուրդը ահաբեկչության և ռազմական հանցագործությունների զոհ է, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում, ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը։

«Ահաբեկչության և դրա զոհերի մասին խոսելիս, նույնկերպ ինչպես մարդու իրավունքների դեպքում, մեր մոտեցումը չի կարող լինել ընտրողական: Մենք չենք կարող միայն մի տարածաշրջանում բարձրաձայնել ահաբեկչության զոհերի մասին և լռել այլ վայերի մասին»,- ասել է Գրգորյանը:

Ըստ նրա՝ Արցախում ապրող ժողովուրդը զոհ է ահաբեկչության և ռազմական հանցագործությունների և անգամ այսօր կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև:

«Առաջ մղել թեզ, թե հակամարտությունը կարգավորված է, փաստացի նշանակում է ստիպել ձեզ բոլորիդ ընդունել, որ միջազգային իրավունքը մահացել է: Ավելին, ես համարում եմ, որ քվեարկությունը, որով որոշվեց լռել և ընդունել, որ հակամարտությունը լուծված է, թողնում է բաց և ցավոտ հարցեր, որոնցից կարևորագույնը Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցն է»,-ասել է Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ավելի քան տասը երկրների գործընկերներին` բանաձևում Հայաստանի ներկայացրած փոփոխություններին կողմ քվեարկելու համար։

Փոփոխությունները, ըստ Գրիգորյանի, վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում, քանի որ չեն վերացել ո’չ մարդիկ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ո’չ նրանց անվտանգային խնդիրներն ու իրավունքները:

Երբ մենք թույլ ենք տալիս մեզ չհասցեագրել այս խնդիրները, մենք կանաչ լույս ենք վառում այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք կարող են հետևել Ադրբեջանի ղեկավարի խոսքերին»,- ասել է պատգամավորը՝ հիշեցնելով Ադրբեջանի նախագահի՝ «Ես ասացի, որ եթե հայերը չհեռանան մեր հողերից իրենց կամքով, ապա մենք նրանց կքշենք շների պես» խոսքերը:

«Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ, և այս առումով, ո’չ քաղաքականությունը, ո’չ որևէ գումար չեն կարող ավելի թանկ լինել, քանի մարդկային կյանքերը»,- իր ելույթը եզրափակել է Հռիփսիմե Գրիգորյանը:

Կարդացեք նաև

Back to top button