Չնայած ապատեղեկատվության լայն տարածմանը՝ Հայաստանում դեռևս մշակված չէ ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական որևէ փաստաթուղթ։ Առաջիկա 2 տարիների համար մշակված նախագիծը կարող է նախադեպ դառնալ։ Հանրային քննարկումներից հետո փաստաթուղթը վերջնական տեսքով կներկայացվի հաստատման։ Նախագծի հեղինակները հայտնել են, որ Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանն առաջինն է մշակում ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն։
Բարելավել պետական կառույցների ռազմավարական հաղորդակցությունը, ներդնել դրանց թափանցիկության և հաշվետվողականության գնահատման համակարգ, մշակել մեդիագրագիտության պետական ռազմավարություն, բարելավել մասնավոր հատվածի հետ փոխգործակցությունը։ Ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարության նախագիծն արդեն շահագրգիռ կողմերի սեղանին է։ Փաստաթուղը, որը մշակվել է վարչապետի աշխատակազմի հետ համատեղ, դեռ վերջնական չէ, բայց նպատակները հստակ են՝ պայքարել ապատեղեկատվության դեմ և վերականգնել վստահությունը պետական կառույցների ու աղբյուրների նկատմամբ։ Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի՝ Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանը առաջինն է մշակում ապատեղեկատվության դեմ պայքարի համազգային ծրագիր։ Դոյդոյանը վստահ է՝ սրանով ուսանելի փորձ ենք ձևավորում մյուս գործընկեր երկրների համար։
«Ցավոք, այո, հեծանիվ ենք հայտնագործում։ Նոր գործիքներն ամեն մեկս մեր առանձնահատկությունները հաշվի առնելով պետք է ձևավորենք և առաջ շարժվենք։ Առաջնային գործիքը երկխոսության մեխանիզմների ձևավորումն է սոցիալական հարթակների հետ։ Որովհետև առանց այս երկխոսության հնարավոր չէ շարժվել առաջ»։
Ապատեղեկատվությունը սպառնալիք է դարձել ժամանակակից բոլոր հասարակությունների համար։ Հայաստանի դեպքում վերջին երեք տարիներին ապատեղեկատվությունը նաև անվտանգության մարտահրավեր է դարձել։ Այն լրջագույն վնաս է հասցնում հասարակությանը, կառավարությանը, քաղաքացիներին՝ նկատում է Դոյդոյանը։ Ըստ տարբեր հետազոտությունների՝ կեղծ պատմությունները տարածվում են հատկապես սոցիալական հարթակներով։ Հայասատանում 2021 թվականին կատարված հետազոտության համաձայն՝ հայաստանյան տեղեկատվական դաշտում տարածվող ապատեղեկատվությանն ու թյուրըմբռնումներին մեծապես նպաստում է պետական կառույցների տրամադրած ուշացած, չհամակարգված, հակասական տեղեկատվությունը։ Ընդհանուր առմամբ՝ վստահությունը պետական ու պաշտոնական կառույցների և աղբյուրների նկատմամբ նվազել է։
Չնայած ապատեղեկատվության լայն տարածմանը՝ Հայաստանում դեռևս մշակված չէ ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական որևէ փաստաթուղթ, ուստի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ առաջիկա 2 տարիների համար մշակված նախագիծը կարող է նախադեպ դառնալ։
«Իհարկե, մենք ամենևին պատրանք չունենք, որ 100 տոկոսով չեզոքացնելու ենք խնդիրը, բայց զգալի կնվազեցնենք մեր հասարակությանը մեծ լարվածության մեջ պահող այս երևույթը։ Ողջունելի է միասնական հարթակի ստեղծումը։ Կարծոմ եմ՝ բոլոր ռեֆորմներում քաղաքացիական հասարակության ներգրավումը միայն օգուտ է տալիս։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի այս ռազմավարությունը շուտ ընդունվի»։
Օրենսդիրն ու գործադիրը ժամանակ առ ժամանակ հանդես եկել են օրենսդրական տարբեր նախաձեռնություններով, սակայն դրանք հիմնականում հատվածային են լուծում խնդիրը։ Հասարակության շրջանում նաև լրագրողի մասնագիտության նկատմամբ կանխակալ վերաբերմունք կա։ Մյուս կողմից՝ քիչ չեն նաև լրագրողական էթիկայի խախտման դեպքերը։ Ապատեղեկատվության հաղթահարումը պահանջում է շարունակական, միասնական ու համալիր ջանքեր, համակարգված արձագանք, մեթոդներ, առաջնահերթ թիրախներ, ազդեցություն։
Կառավարությունում չեն հերքում՝ ապատեղեկատվության լայն տարածումը նաև պետական կառույցների թերացումն է։ Փաստաթուղթը, որն այժմ բաց է քննարկումների համար, պետք է բացառի ցանկացած խտրականություն՝ ընդգծում է ՀՀ վարապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառույանը։
«Մի կողմից՝ ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է լինի հստակ գործիքակազմով, մյուս կողմից՝ պետք է մենք նպաստենք մեր հասարակության մեդիագրագիտության բարձրացմանը։ Ապատեղեկատվության դեմ պայքարը չպիտի ճանաչի պրոիշխանական, պրոընդդիմադիր ուղղություններ։ Ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է լինի առանց բացառությունների ու խտրականությունների։ Հակառակ դեպքում դա պրոպագանդայի հերթական դրսևորումը կլինի։
Ռազմավարության գլխավոր նպատակն է ապահովել Հայաստանի կառավարության պատշաճ արձագանքն ապատեղեկատվությանը՝ կանխարգելելով, նվազեցնելով ու չեզոքացնելով հնարավոր ռիսկերը։





