Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների ուղեկցությամբ այցելեց առաջնագիծ։ Ամեն տարի հնարվորինս կատարելագործվում են դիտակետերն ու խրամուղիները, լրագրողներին վստահեցրեց պաշտպանության նախարարը: Բանն այն է, որ մարտական դիրքեր կառուցելիս կիրառվում է մի շարք եվրոպական երկրների փորձը:
Խոսելով մարտական դիրքերի ինժեներական կառույցների մասին` Սեյրան Օհանյանն արձանագրեց, որ դրանք այնքան են կատարելագործվում, որ մեր հարևանները դա տեսնելով, լուրջ մտահոգվում են` արդյո՞ք պետք է սադրանքների դիմել: Նախարարի խոսքով` մեր երկրի զինված ուժերն այսօր անցումային փուլում են երկու պատճառով։ «Նախ մենք պատրաստվում ենք ձմռանը, և դա մեզ հիանալի հաջողվում է, քանի որ մենք ձմեռը վստահորեն ենք դիմավորելու, բացի այդ` փոխվում է տարին և ամփոփում ենք 2013- ը»:
Անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահներ տեղակայելու հնարավորության մասին հարցին` նախարարը նախ շեշտեց` սահմանին կանգնած են հայ զինվորներ եւ ԼՂ անվտանգության երաշխավորը Հայաստանի զինված ուժերն են: «Մեր խաղաղապահներն իրենց հրաշալի են դրսեւորել տարբեր երկրներում: Սահմաններին տեղաբաշխված հայ խաղաղապահ զինծառայողները կատարում են իրենց վրա դրված պարտավորությունները: Աշխարհում չկա որեւէ կետ, որտեղ իրավիճակն այդպիսին լինի: Մենք անում ենք դա եւ շարունակելու ենք անել»։
Ինչ վերաբերում է հնարավոր ագրեսիայի դեպքում հակամարտության մեջ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ներգրավման հավանականությանը, պաշտպանության նախարարի խոսքով, բոլոր պարտավորություններն ամրագրված են երկկողմ համաձայնագրերով եւ ՀԱՊԿ կանոնադրությամբ: Պաշտպանության նախարարը նաեւ շեշտեց, որ 102-րդ ռազմաբազան հայոց բանակի հետ լիարժեքորեն կատարում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները եւ ռուսական 2-րդ ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում։
Լրագրողների խնդրանքով` պաշտպանության նախարարն անդրադարձավ նաեւ տարվա ընթացքում բանակում գրանցված դժբախտ պատահարների, ինքնասպանությունների և հակառակորդի գործողությունների հետևանքով զոհված զինծառայողերի թվին։ «Տարեկան ամփոփում մենք դեռ կունենանք, սակայն այսօրվա համար կասեմ. 2011-ը ՀՀ ԶՈՒ համար եղել է լավագույն տարին, քանի որ այդ տարի մենք արձանագրել ենք ամենաքիչ կորուստները, 2012-ին ևս բարելավումով պահեցինք այդ լավ ցուցանիշը, 30 տոկոսով բարելավել ենք 2012-ի ցուցանիշները: Թվային պատկեր այսօր ներկայացնել չեմ կարող, բայց կասեմ, որ արդյունքները լիովին գոհացուցիչ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք գոնե մեկ կորուստ ենք ունենում»։
Կորուստներին անդրադառնալիս` պաշտպանության նախարարը խոսեց նաեւ այս տարվա ամենացավալի դեպքերից մեկի` Լյուքս Ստեփանյանի դեպքի մասին: Արդյո՞ք նախարարը հետեւողական է այս գործին` ինչպես խոստացել էր Լյուքս Ստեփանյանի ծնողներին, լրագրողների հարցերին ի պատասխան` Սեյրան Օհանյանը վստահեցրեց. «Մենք համապատասխան աշխատանքներ ենք իրականացնում, իրավապահների քննությանը զուգահեռ տարվում է նաև ծառայողական քննություն: Փորձում ենք բացահայտել նաև մեր թերությունները: Ես խոսք եմ տվել և խոսք եմ տալիս նաև այսօր այստեղ, որ կատարվել է հանցագործություն և բոլոր պատասխանատուները պատժվելու են»։
2014 թվականի ընթացքում, պաշտպանության նախարարի փոխանցմամբ, ոչ միայն ԶՈՒ, այլև իր անձնական կարգախսը լինելու է «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը, մեր ամրոցում` մեր օրենքներով. միասնական պայքար` փողոցային արատավոր բարքերի դեմ»:
Սեյրան Օհանյանն այսօր կրկին անդրադարձավ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու հարցին` նշելով, որ խնդիրն ուշադրության կենտրոնում է: Նախարարի խոսքով` հայկական կողմընանում է հնարավոր ամեն ինչ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ հիշեցրեց, որ հնարավորությունները խիստ սահմանափակ են` ուղղակի շփումների բացակայության պատճառով: «Շփումները տեղի են ունենում միայն միջազգային կազմակերպությունների միջոցով, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ՝ նրան վերադարձնելու համար»։
Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի, կրկին շեշտեց պաշտպանության նախարարը` հիշեցնելով, որ նախկինում նույնպես մոլորված եւ գերության մեջ հայտնված ոչ մի զինվոր քրեական հետապնդման չի ենթարկվել։