
«Երևանի հետ մեզ կապում են ոչ միայն բարեկամական ջերմ հարաբերությունները, այլև երկու քաղաքների գործնական կապերը, որոնք արտացոլված են մեր համագործակցության տարբեր ծրագրերում: Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս, շարունակելով և առավել ընդգրկուն դարձնելով գործակցությունը, մենք էլ ավելի կակտիվացնենք համագործակցությունն ու կունենանք շատ ավելի շոշափելի արդյունքներ»,- այսօր հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ ընդունելով Երեւանի իր պաշտոնակցին։
Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորել է բոլոր մակարդակներում երկուստեք հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը, համոզմունք է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման շրջանակում ձևավորված արդյունավետ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի: «Վերջին տարիների մեր համագործակցությունը, որի շրջանակում իրականացվեցին մի շարք ծրագրեր, իսկապես արդյունավետ էր: Մեզ համար կարևոր են այն նախագծերի կյանքի կոչումը, որոնք նպաստում են քաղաքային տնտեսության զարգացմանը: Այդ ամենն իր հերթին նպաստել է Երևան-Մոսկվա գործնական կապերի ամրապնդմանը, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը»,- ասել է նա։
Երկու մայրաքաղաքների քաղաքապետերն այսօր ստորագրել են Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:




