ԿարևորՀասարակություն

Արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով

Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։ Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, ի հետևանք՝ թունավորում, ընդհուպ մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում՝

  • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ.
  • չհավաքել սունկ ճանապարհների եզրերից.
  • ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց.
  • չուտել հում սունկ.
  • երեխաներին չկերակրել սնկերով.
  • խորհորդ չի տրվում ստամոքսաղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ.
  • սնկի հետ չօգտագործել ալկոհոլ.
  • թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում.
  • չզբաղվել ինքնաբուժությամբ։

Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են՝ որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուցինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը: Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի:

Կարդացեք նաև

Back to top button