
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Օրերս տաքսիների մի խումբ վարորդներ հանդիպում են ունեցել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ և նրան են փոխանցել 6 հիմնական պահանջեր ներկայացնող փաստաթուղթը: Պահանջները վերաբերում են անհատ տաքսիստների գործունեության պայմաններին՝ կայանատեղեր, կարմիր գծանշումով տարածքներ, ապահովագրական ու արտոնագրային վճարներին վերաբերող հարցեր: Հանդիպումը տաքսիստներին չի գոհացրել և նրանք որոշել են իրենց խնդիրների մասին խոսել այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Դրան մասնակցել են նաև տրանսպորտի ու կապի նախարարության ներկայացուցիչները: Հենց ասուլիսի ընթացքում, ի դեպ, վարորդնրը հեռախոսազրույց են ունեցել նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։
Նախ՝ այն մասին, թե ինչից են բողոքում անհատ տաքսիստները: Նրանք 6 հիմնական պահանջ են առանձնացրել և տրանսպորտի ու կապի նախարարությունից սպասում են դրանց լուծումներին: Պահանջները, որոնք լրագրողներին այսօր ներկայացնում էր Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, գործունեության պայմաններին են առնչվում: Դրանցից մեկով, օրինակ, վարորդները կայանտեղերի տրամադրում են պահանջում, որոնք կապահովեն ամենաքիչը 2000 տաքսիների կայանումը: Սա, ըստ նրանց, կնպաստի նաև երթևեկության թեթևացմանը:
Մյուս կետով պահանջում են, որ կարմիր գծանշումով տարածքներում տաքսիներն առնվազն 30 րոպե կայանելու հնարավորություն ունեն և չտուգանվեն դրա համար: Պահանջներից մյուսը անհատ ձեռներեցների արտոնագրային վճարներին է վերաբերում՝ վարորդներն առաջարկում են այն 9500 դրամից դարձնել 5000 դրամ և դրանով տարբերակել անհատ վարորդներին տաքսի ծառայություններից։ Եվ կետերից մեկով էլ, ինչպես իրենք են ասում, պահանջում են վերացնել անհավասարությունը. ներել ժամանակին դեղին համարանիշեր ձեռք բերած տաքսիստների՝ նախորդ 4 տարիների ընթացքում հարկային վճարումների գոյացած տույժերը։
Դժգոհությունը, ինչպես պարզվեց , միայն պահանջագրում նշված կետերը չեն: Կան ընդհանուր ընդհանուր բնույթի դժգոհություններ նույնպես: «Ամբողջ Հայաստանը տաքսու շոֆեր ա՝ միլիցեն էլ, դատապաշտպանն էլ, կոշկակարն էլ, բժիշկն էլ: 1 րոպեում 40 տաքսի է անցնում ՝ դեղին, սպիտակ, կապույտ համարանիշներով: Ավելի շատ են, քան նստողները: Մարդ չունենք նստող, օդից ենք բռնում»,- ասում է Տիգրան Հովհաննիսյանը։
Վերադառնանք 6 պահանջներին: Դրանց վերաբերյալ տրանսպորտի ու կապի նախարարի հետ ունեցած հանդիպումից Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը գոհ չէր։ «Էս թղթին Գագիկ Բեգլարյանը չի նայել: Խելքին մոտ բաներ չե՞նք պահանջում»։
Նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը պարզաբանեց. տաքսիների գործունեության պայմաններն ավելի մատչելի են դարձել: Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա, ըստ նախարարության ներկայացուցչի, Գագիկ Բեգլարյանը լսել է բոլոր վարորդներին ՝ նրանց հիշեցնելով, որ յուրաքանչյուր պետական մարմին ունի իր գործառույթը. գծանշումը, ապահովագրությունը, կայանատեղի հարցը տրանսպորտի և կապի նախարարության իրավասություններից դուրս են: Տրանսպորտի վարչության պետի տեղակալը վարորդների դժգոհությունը փոխանցող 2 ներկայացուցիչներին ուղղված մի հարց ուներ: «Երբ տրանսպորտի ու կապի նախարարը հրավիրեց բոլոր վարորդներին բաց քննարկումների, ինչո՞ւ չմասնակցեցիք դրան: Այստեղից մի պարզ եզրակացություն, որ սա ընդամենը շոու է»։
Այս մեղադրանքից հետո Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահը պարզաբանեց. նախարարն ինքը չի ցանկանում հանդիպել, չի պատասխանում հեռախոսազանգերին: Հերթական փորձը կայացավ հենց ասուլիսի ընթացքում և կառուցողական ընթացք ստացավ։ Վարորդներին հանդիպել, լսել նրանց մտահոգություններն ու քննարկել դրանք Գագիկ Բեգլարյանը խոստացավ հենց օրվա ընթացքում։
Հանդիպումից հետո զրուցեցինք Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահի հետ: Նրա փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է, բայց վարորդների բարձրացրած հարցերին լուծում չի տրվել։
Ավելի ուշ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տարածեց հաղորդագրություն՝ նշելով, որ տաքսու վարորդների բարձրացրած 6 հարցադրումներից 5-ը որևէ առնչություն չունեն նախարարության օրենքով վերապահված իրավասությունների հետ։
Ինչ վերաբարում է Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ հանդիպմանը, ապա, ըստ նախարարության մամուլի հաղորդագրության, վերջինս ընդունել է, որ իր կողմից հնչեցված հարցերի գերակշռող մասը չի առնչվում նախարարության գործունեությանը, և ինքը չի դիմել իրավասու կառույցներին տաքսու վարորդների խնդիրները լուծելու համար:
«Ավելին՝ նա խոստովանեց, որ մասնավորապես ավտոկայանատեղիների խնդրով ընդամենը մեկ անգամ են դիմել իրավասու մարմնին, և խնդիրը լուծում է ստացել: Նա նաև ակնկալեց նախարարի աջակցությունը վարորդներին հուզող խնդիրների լուծման հարցում, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ վարորդներին սխալ ուղղորդելու փոխարեն անհրաժեշտ է խնդիրները հստակ ներկայացնել պատկան կառույցներին»:




