Քաղաքական

Հայաստանը վառ օրինակ է, որ չկա հակասություն ՌԴ եւ ՆԱՏՕ- ի միջեւ, ասում է ՄԹ դեսպանը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն որպես  պաշտպանության ժամանակակից մոդել». այսօր կայացած գիտաժողովը «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների տրամաբանական շարունակությունն է։ Այն ևս մեկ միջոց է հասարակությանն իրազեկելու  միջազգային այս կառույցի մասին, որի հետ Հայաստանը վաղուց համագործակցում է և դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ 


Միջոցառման նախաձեռնող Գլոբալիզացիայի և  տարածաշրջանային  համգործակցության   վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանն ասում է՝ նման թեմաներն այսօր ավելի քան երբևէ արդիական են։ 
Ըստ վերլուծաբանի՝ հասարակությունը պետք է տեղյակ լինի բոլոր այն այն կառույցների  մասին, որոնց հետ Հայաստանը համագործակցում է, որպեսզի  կարողանա ճիշտ կողմնորոշվել՝ ուր է գնում և ինչի համար:

Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝  Հայաստանի անվտանգությունը անհրաժեշտ է կառուցել՝ հիմնվելով ոչ թե մեկ,  այլ մի քանի կենտրոնների վրա։ ՆԱՏՕ-ի Խորհրդարանանակ վեհաժողովում  Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը դրական է համարում փաստը, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնում է իր շրջանակն ու  պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներից զատ  ընդգրկում է  նաև մեր կյանքի այլ բնագավառներ ևս:  Պատգամավորի համոզմամբ՝  Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում զարգացման լուրջ հեռանկար կա նաև  խորհրդարանական հարթակում։

ՀՀ-ում  Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսի ձևակեպմամբ՝ ոմանք հակասություն են տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման ու ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության միջև:  Հայաստանը վառ  օրինակն է այն բանի, որ այստեղ որևէ հակասություն չկա և հարաբերությունները կարող են զարգանալ երկու ուղղություններով միաժամանակ:

Ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ  ՀՀ- ում Գերմանիայի դեսպան  Ռայներ Մորելը բարձր գնահատեցին Հայաստանի ակտիվ մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագիրը և, մասնավորապես, հայ խաղաղապահների առաքելությունը  Աֆղանստանում և Կոսովոյում։

Կարդացեք նաև

Back to top button