Անհրաժեշտ է լեզվական քաղաքականության պետական ծրագիր, ասում է լեզվաբանը
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր մեր պետական լեզվին հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում և մայրենիի առջև ծառացած խոչընդոտներն էլ գնալով ավելանում են, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը: Այսօր հանրությունը դժգոհում է և’ եթեր,ի և’ մամուլի լեզվից: Ըստ լեզվաբանի` այսօր հեռուստատեսության լեզվում շատ են ուղղախոսական աղավաղումները, սակայն միաժամանակ գովերգեց այսօրվա եթերը: «Եթե համեմատելու լինենք 90-ական թվականների եթերի լեզուն և այսօրվա եթերի լեզուն, ապա հպարտորեն պետք է ասեմ, որ այսօր եթերի լեզուն բավականին մաքրված է: 90-ական թվականների վերջին մենք դժգոհում էինք եթերի լեզվից, հատկապես այդ սերիալների լեզվից։ Մենք չէինք կարող երեխաներ դաստիարակել այդ եթերի լեզվով, բայց այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ եթերը բավականին փոխվել է։
Ըստ նրա` այսօր կան հեռուստաընկերություններ, որոնք ունեն անաղարտ եթեր և կարողանում են տարիների ընթացքում պատրաստել և’ լավ լրագրողներ, և’ հեռուստավարներ, արդյունքում՝ փոխվել է եթերի վիճակը: Այսօր հիմնական դժգոհությունը եթերող հեռարձակվող գովազդների լուսագրերի մեջ առկա սխալներն են, իսկ դրանք շտկելու համար էլ Միրզոյանը կարծում է, որ հեռուստաընկերությունները պետք է հանդիպումներ կազմակերպեն լեզվաբանների հետ։
Հայերենը մարսեցինք, հիմա էլ անցանք ռուսերենին: Լավրենտի Միրզոյան մտահոգ է, որ մեր հանրապետությունում վերջին տարիներին ռուսերենի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, փակվել են ռուսական թեքումով դպրոցները և բարձրաձայնում, որ օտար լեզուների դրվածքը մեր հանրապետությունում բարելավման կարիք ունի: Առաջարկում է ունենալ լեզվական քաղաքականության պետական ծրագիր, որտեղ ոչ մայրենի լեզվի հաշվին բուհերում և հատկապես դպրոցներում բարելավվի օտար լեզուների ուսուցման որակը, քանի որ առանց օտար լեզուների իմացության մեր երիտասարդությունն առաջընթաց չի ունենա:
Այսօր մեր երկիրը ցանկություն է հայտնել անդամակցելու Մաքսային միությանը և Հայաստան ներկրվող ու Հայաստանից արտահանվող արտադրատեսակները Միրզոյանը կարծում է, որ պետք է տառադարձվեն հայերենով, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է վերականգնել նախկինում գործող Տերմինաբանական կոմիտեի գործառույթները։ Սակայն շատ հաճախ ենք լսում և հանդիպում բառեր, որոնք թարգմանվել են ով ինչպես ցանկացել է, այլ ոչ թե Տերմինաբանական կոմիտեի որոշմամբ:
Մաքսային միությանն անդամագրվելու դեպքում լեզվաբան Լավրենտի Միրզոյանը մտավախություն ունի, որ ռուսերենը կդառնա որպես պետական երկրորդ լեզու, չնայած որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Միրզոյանի ձևակերպամաբ, հերքեց շրջանառվող լուրերը։