ԿարևորՀասարակություն

«Հայաստան» հիմնադրամը ձեռնամուխ է լինում երկրորդ խոշորագույն ծրագրի իրագործմանը. արժեքը $ 30 մլն

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին նախորդող գալա-ճաշկերույթը, որին մասնակցել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ամերիկահայ համայնքն ու հիմնադրամի պատասխանատուները: Ճաշկերույթի հասույթը կփոխանցվի հիմնադրամին: Մի քանի օր անց Լոս Անջելեսում կկայանա նաև համահայկական հեռուստամարաթոնը, որը կհեռարձակվի բոլոր այն երկրներում, որտեղ հայ համայնք կա:

Վարդենիսից Մարտակերտ 116 կմ երկարության ճանապարհն իր կարևորությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուները համեմատում են տարիներ առաջ կառուցված Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու հետ` այն առանձնացնելով իբրև հիմնադրամի ամենաարդյունավետ ծրագրերից մեկը։ Ճանապարհն այն ժամանակ իրար կապեց Հայաստանն ու Արցախը և ունեցավ տնտեսական մեծ նշանակություն:

Այսօր առաջարկվում է կառուցել երկու հայկական հանրապետություններն իրար կապող հաջորդ ճանապարհը, որի երկայնքով տեղակայված է 37 գյուղ. այդ բնակավայրերի համար Վարդենիս-Մարտակերտը կդառնա կենսական խնդիրները լուծելու ճանապարհ, ասում է«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։

Ծրագրի արժեքը 30 մլն դոլար է: Գումարը հավաքվելուց հետո ճանապարհը կկառուցվի երկու տարում, խոստանում են մասնագետները: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի նշանակության, հիմնադրամի նախորդ ծրագրերի արդյունքի ու ընթացիկ խնդիրների օրակարգով ԱՄՆ արևմտյան ափում է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Նա նշեց, որ Արցախի բնակավայրերում արդեն իսկ երևում է հիմնադրամի նախորդ ծրագրի արդյունքը:

Նորակառույց համայնքային կենտրոններն իրոք դարձել են գյուղերի կենսառիթմն ապահովող ու մայրաքաղաքին կապող օղակներ: Առաջիկայում կշարունակվի համայնքային կենտրոնների ծրագիրը: Իսկ մինչև այդ, համահայկական ուժերը կուղղվեն կարևորագույն ենթակառույցի ստեղծմանը: Բարերարները պատրաստակամ են։ Հեռուստամարաթոնից օրեր առաջ Լոս Անջելեսում ավանդաբար կազմակերպվող գալա-ճաշկերույթի ընթացքում բարերարներին ներկայացվեցին առաջիկա անելիքները , նաև` «Հայաստան» համահայկական հիմնադրամի իրագործած ծրագրերի մասին պատմող ֆիլմ` ոչ միայն դրամահավաքին մասնակցելու, այլև անպայման գոնե մեկ անգամ հայրենիք այցելելու հորդորով։

Back to top button