
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն Անկարայի հետ բանակցային գործընթացում մեծ առաջընթաց չի տեսնում։
Խորհրդարանում կայացած ճեպազրույցում նա ասել է․ «Գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական եղել է, Հայաստանն ունի քաղաքական կամք, և ցուցադրել է այդ կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Այս գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից: Ինչպես տեսնում եք, մինչև այս պահը մեծ առաջընթաց չկա, դա տեսանել է»։
Երևանում հանդիպում անցկացնելու թուրքական կողմի առաջարկը ենթադրում է, որ թուրք գործընկերները գործընթացը համարում են երկկողմանի։ «Բայց այս համատեքստում մի փոքր տարօրինակ են մեր որոշ թուրք գործընկերների հայտարարությունները, թե իրենք համաձայնեցնում են կամ կորդինացնում են գործընթացը Ադրբեջանի հետ, բայց ես կրկնում եմ, որ այս գործընթացում գլխավորը քաղաքական կամքն է, եթե այն կա, ապա մնացածը. հեշտ է լուծել», – նշել է նա:
Ռուբինյանը նաև ասել է, որ թուրքական կողմի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին չեն նպաստում հարաբերությունների կարգավորմանը։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Կիլիչի հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին Վիեննայում։




